- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ում հյուրընկալվեցին Եվրոպական խորհրդարանի պատգամավորները
Փետրվար 24, 2025 | 16:49
Հասարակություն
Միջազգային համագործակցություն
Քաղաքականություն
ԵՊՀ-ում հյուրընկալվեցին Եվրոպական խորհրդարանի պատգամավորները
ԵՊՀ-ում էին Եվրոպական խորհրդարանի (ԵԽ) պատգամավորները՝ պատվիրակության ղեկավար Նիլ Ուշակովի և Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորությամբ: Նրանց ուղեկցում էին Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանն ու ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը: Համալսարանականների հետ հանդիպման նպատակն էր քննարկել Հայաստանի՝ Եվրամիությանը միանալու ծրագիրը, ինչպես նաև կրթական նոր կապեր ստեղծել Հայաստանի և ԵՄ անդամ երկրների երիտասարդների միջև։

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ԵԽ պատգամավորների հետ հանդիպման ժամանակ ընդգծեց կրթության և գիտության ոլորտում համալսարանի գրանցած հաջողությունները՝ միաժամանակ մատնանշելով որդեգրած ռազմավարությունը:

ԵՊՀ ռեկտորի հետ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդարանի պատգամավորները հանդիպում ունեցան համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ:
«Այստեղ ներկա են մեծ մասամբ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողները, որոնք հետագայում դառնալու են դեսպաններ, դիվանագետներ, աշխատելու են միջազգային կազմակերպություններում, հետևաբար՝ սա կարևոր հանդիպում է նրանց համար։ Համալսարանը պահպանում է ինտենսիվ միջազգային համագործակցություն, որի շրջանակում մեզ հաճախ են այցելում դեսպաններ՝ ուսանողների համար դասախոսություններ կարդալու նպատակով»,- ասաց Հովհաննես Հովհաննիսյանը՝ խոսքն ուղղելով Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին:

Պատվիրակության ղեկավար Նիլ Ուշակովն էլ ընդգծեց, որ Հայաստանի՝ Եվրամիությանը միանալու ծրագիրը հիանալի գաղափար է, և հենց այդ ծրագիրը քննարկելու նպատակով էլ իրենք՝ Եվրոպական խորհրդարանի՝ տարբեր երկրներ ներկայացնող 7 պատգամավորները, Հայաստանում են, մասնավորապես՝ ԵՊՀ-ում։
Նրանք, պատասխանելով ուսանողների ու դասախոսների հարցերին, ներկայացրին ԵՄ-ին ինտեգրվելու ուղին՝ ընդգծելով, որ Եվրամիությունը ժողովրդավարության հրաշալի օրինակ է։
Եվրոպական խորհրդարանի պատգամավորները շեշտեցին նաև, որ իրենք նպատակ ունեն նաև ամուր կամուրջ ստեղծելու Հայաստանի և ԵՄ անդամ երկրների երիտասարդների միջև, որպեսզի հայ ուսանողները կրթություն ստանալու նպատակով շարունակեն այցելել նշյալ երկրներ՝ պահպանելով փոխադարձ կապը:
Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը նշեց, որ իրենք մշտապես իրականացնում են երիտասարդների համար նախատեսված տարբեր ծրագրեր և անցկացնում միջոցառումներ՝ մշակելով ուղիներ երիտասարդներին տարբեր գործընթացներում ներգրավելու համար։ Այդօրինակ ծրագրերից է «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնությունը։

«Բացի դրանից՝ մարտի 7-ին մենք կգործարկենք նոր կազմավորվող Երիտասարդության հարցերով խորհրդատվական խորհուրդը, ինչն այս պահին ԵՄ առաջնահերթությունն է: Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի, ինչպես նաև յուրաքանչյուր հանձնակատարի համար մեծ կարևորություն ունի երիտասարդների հետ քննարկումներ անցկացնելը: Ուստի, պատրաստակամ ենք նախաձեռնելու նոր ֆոկուս խմբեր և լսելու ձեր գաղափարները մեր ծրագրերի ու քաղաքականության մշակման վերաբերյալ»,- ասաց Վասիլիս Մարագոսը։
Նա ընդգծեց, որ երիտասարդների մտահոգություններն ու բարձրաձայնած խնդիրները պետք է հաշվի առնվեն երկրի բոլոր ոլորտների, ներառյալ՝ ֆինանսական, հանրային և առողջապահական ոլորտների քաղաքականության մշակման ժամանակ, ինչը հնարավորություն կտա նրանց ներգրավված լինելու թե՛ հասարակական, թե՛ տնտեսական և թե՛ սոցիալական կյանքում:
Հանդիպման վերջում Եվրոպական խորհրդարանի պատգամավորները պատասխանեցին ուսանողների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի հարցերին։