- Main
- Node
- ԱՆՄԱՀ ՀՐԵՏԱՆԱՎՈՐԸ. ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԱՐՑԱԽՅԱՆ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՐՈՍ ԽԱՉԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ՈՒ ՀԵՐՈՍԱԿԱՆ ՍԽՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՂ ԳԻՐՔԸ
October 29, 2021 | 13:29
Հասարակություն
ԱՆՄԱՀ ՀՐԵՏԱՆԱՎՈՐԸ. ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԱՐՑԱԽՅԱՆ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՐՈՍ ԽԱՉԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ՈՒ ՀԵՐՈՍԱԿԱՆ ՍԽՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՂ ԳԻՐՔԸ
«Մարտական ծառայության» մեդալակիր, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, ԵՊՀ ուսանող Խաչիկ Պողոսյանը ծննդյան 21-ամյակը տոնեց երկնքում, իսկ երկրի վրա ապրող նրա հարազատները, բարեկամներն ու ընկերները հավաքվեցին ԵՊՀ-ում՝ նշելու անմահ հրետանավորի ծնունդը, որի ընթացքում տեղի ունեցավ նրա մասին պատմող «Հրետանավորը» գրքի շնորհանդեսը, և սկիզբ դրվեց «Խաչիկ Պողոսյան» բարեգործական հիմնադրամի գործունեությանը:
Հուշ-երեկույթը, որին ներկա էին Խաչիկի հարազատները, բարեկամները, ընկերներն ու պարզապես նրան ճանաչողները, մեկնարկեց բարձր ծափողջյուններով, որոնք պետք է հասնեին Խաչիկին և հերոս բոլոր տղաներին, որոնք անմահացան՝ թողնելով հույս, որ իրենց լույսով հայրենիքն ուժեղանալու է ու հզորանալու:
Միջոցառմանը ներկայացվեցին հերոսի կենսագրությունն ու անցած ուղին, խոսեցին նրա սխրագործությունների մասին ու պատմեցին հերոսի վերաբերյալ իրենց հուշերն ու նրա դիմագիծն ամբողջացնող պատմություններ: Հուշ-երեկույթին հնչեցին նաև երաժշտական կատարումներ: Հանդես եկան դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը և բելգիաբնակ թավջութակահար Սևակ Ավանեսյանը՝ կատարելով նաև Կոմիտասի «Կռունկ» ստեղծագործությունը, որը Սևակ Ավանեսյանը պատերազմի ընթացքում նվագել էր Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում, երբ այն երկու անգամ ենթարկվել էր հրետակոծման:
Երգիչ, երգահան, ազատամարտիկ Դավիթ Ամալյանն էլ, որի որդին՝ ԵՊՀ ուսանող Վարդան Ամալյանը, նույնպես հերոսացել ու անմահացել է Արցախյան 44-օրյա պատերազմում, երկու երգ կատարեց՝ դրանք նվիրելով պատերազմի բոլոր մասնակիցներին և այսօր էլ խրամատներում կանգնած բոլոր զինվորներին:
Միջոցառմանը ներկայացվեց «Հրետանավորը» գիրքը, որում անդրադարձ է կատարվում անպարտ հրետանավոր Խաչիկ Պողոսյանի կյանքին ու հերոսական սխրանքներին, ներկայացվում են հերոսի կենսագրությունը, նրա մասին հուշերը, ստեղծագործություններ: Գիրքը հայրենիքի նվիրյալի մասին պատմություն է, նրա կյանքի անցած իմաստալից ուղու արժևորում:
Մեզ հետ զրույցում Խաչիկի մայրը՝ ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի դոցենտ Նարինե Հարությունյանը, ասաց, որ միշտ ցանկացել է՝ Խաչիկի մասին պատմող գիրք լինի՝ որպես նրա կերպարը ներկայացնող մնայուն արժեք, սակայն չգիտեր, թե ինչ ձևաչափով ու ինչ ձևով պետք է այն լիներ. «Սամվել Բիշարյանը, որը Խաչիկի մասին բանաստեղծություններ էր գրել, առաջարկեց նրա մասին պատմող ու նրան նվիրված բոլոր նյութերը հավաքագրել և դարձնել գիրք: Ես այդպես էլ վարվեցի, և այսօր ունենք Խաչիկի նման սիրուն գիրք»:
«Հրետանավորը» գիրքը կազմել է հենց Նարինե Հարությունյանը, խմբագրել՝ ԵՊՀ դասախոս, բան. գիտ. թեկնածու Մերի Հովհաննիսյանը, համակարգչային ձևավորումն էլ իրականացրել է ԵՊՀ հրատարակչության աշխատակից Կարինե Չալաբյանը:
Մերի Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ընտրված հետաքրքիր ձևաչափը գիրքը ներկայացնում է ոչ թե ուղղակի որպես հուշագրություն, այլ հերոսի կենսապատումը. «Այս գրքում հերոսը մեզ ներկայանում է որպես ծնողների զավակ, որպես սիրելիի անփոխարինելի Խաչիկ, որպես զինակիցների ընկեր, որը ոչինչ չի խնայել նրանց համար»:
Մերի Հովհաննիսյանը, կարևորելով նմանօրինակ գրքերի լույսընծայումը, փաստեց, որ դրանք ոչ միայն հերոսների մասին կենսապատումներ են, այլև պատգամ, որոնք կոչ են անելու հայրենիքն ավելի շատ սիրել. «Այս տեսանկյունից շատ կարևոր է Խաչիկի և մյուս հերոսների օրինակները մշտապես ունենալ, որոնք կարևոր նշանակություն են ունենալու սերունդների դաստիարակման գործում: Ասում են՝ հերոսների դիմաքանդակը կերտում է ժամանակը, բայց մենք էլ մեր գործը պիտի անենք և նպաստենք, որ Խաչիկի նման հերոսների անունը միշտ վառ մնա»:
Միջոցառմանը սկիզբ դրվեց նաև «Խաչիկ Պողոսյան» բարեգործական հիմնադրամի գործունեությանը, որի միջոցները, ինչպես մեզ հետ զրույցում ասաց Նարինե Հարությունյանը, կուղղորդվեն բարեգործության. «Հիմնադրամի շահառուները լինելու են աշակերտներ, ուսանողներ, հետազոտողներ, որոնց գաղափարները կնպաստեն ռազմարդյունաբերության զարգացմանը և պետականության պահպանմանն ու ամրապնդմանը»:
Խաչիկին ճանաչողները, հեռու և մոտիկ ընկերները վստահեցնում են, որ նա՝ կյանքին սիրահարված ու կյանքով լեցուն հերոսը, այնտեղ՝ երկնքում, շարունակելու է իր հաղթարշավը, իր օրինակով ու կերպարով ծառայելու է հայրենիքին, արդեն երկնքից շարունակելու է ժպտալ ու ժպիտ պարգևել։
Խաչիկ Մարտիրոսի Պողոսյանը ծնվել է 2000 թ. հոկտեմբերի 28-ին Երևան քաղաքում։ Դպրոցական ուսումնառությանը զուգահեռ զբաղվել է տարբեր սպորտաձևերով՝ շախմատ, լող, կարատե, ջրի գնդակ, բասկետբոլ, վինգ չուն: Մասնակցել է բազմաթիվ հանրապետական մրցումների, պարգևատրվել պատվոգրերով ու մեդալներով:
2017 թ. ընդունվել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ։
Երկրորդ կուրսի երկրորդ կիսամյակից Խաչիկը զորակոչվել է ՀՀ զինված ուժեր 2019 թ. հունվարի 17 -ին: Ծառայության 6 ամիսն անցել է Լուսակերտի ուսումնական զորամասում: Ստացել է կրտսեր սերժանտի կոչում: Հաջորդ վեց ամիսը նա ծառայել է Կարճաղբյուրի զորամասում, իսկ 2020 թ. հունվարից տեղափոխվել է Սոտքի զորամաս, որի ենթակայության ներքո իրականացրել է մարտական ծառայություն Քարվաճառի շրջանում:
Սեպտեմբերի 27-ի լուսաբացից Խաչիկ Պողոսյանն իր զինակից ընկերների հետ մասնակցել է Արցախյան քառասունչորսօրյա պատերազմին: Պատերազմական գործողությունների ողջ ընթացքում ցուցաբերել է բացառիկ խիզախություն, անձնական արիություն և անձնուրացություն։ Իրականացրել է իր հաշվարկի գործողությունների հմուտ ղեկավարում, գրագետ և ճշգրիտ կրակի ապահովում, որի արդյունքում հաշվարկը խոցել է հակառակորդի բազմաթիվ զրահատեխնիկա, հրետանային միջոցներ և կենդանի ուժ։ Կրակով պատսպարել է յուրային ստորաբաժանումների մարտական դիրքերը՝ կանխելով հակառակորդի գրոհային խմբերի ներթափանցումը թիկունք։
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ի սահմաններում, Քարվաճառի «Սուսուզլուկ» տարածքում գտնվող կրակային դիրքի շրջանում իր մարտկոցի կազմով մարտական խնդիրն ավարտելուց հետո, հակառակորդի կրակից ստացել է մահացու բեկորային վիրավորում։ Խաչիկը զոհվել է` հեռու, մոտիկ հարազատներին, ընկերներին ու պարզապես բոլորին թողնելով պատգամ, որ հայրենիքը պետք է սիրել ու փայփայել անմնացորդ:
Քնար Միսակյան