- Main
- Node
- ՀՈՒՇ-ՑԵՐԵԿՈՒՅԹ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻՆ
December 29, 2021 | 11:25
Հասարակություն
ՀՈՒՇ-ՑԵՐԵԿՈՒՅԹ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻՆ
ԵՊՀ մշակույթի կենտրոնում կազմակերպվել էր Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դասախոսներ, հոգեբանական գիտությունների դոկտոր, դոցենտ Վլադիմիր Միքայելյանին և դոցենտ Սյուզաննա Սարգսյանին նվիրված հուշ-ցերեկույթ:
Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դեկան Ալեքսան Բաղդասարյանը, Հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր, ֆակուլտետի դասախոս, դոցենտ Էլինա Ասրիյանը, Մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը, ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:
Հուշ-ցերեկույթի ընթացքում համալսարանականների կենսագրության և գիտական գործունեության մասին ներկայացրին ուսանողները, ողջույնի խոսք ասաց նաև Ա. Բաղդասարյանը. «Մեր ֆակուլտետը կայացել է հենց այսպիսի դասախոսների շնորհիվ. դասախոսներ, որոնք սիրված էին և՛ գործընկերների, և՛ ուսանողների կողմից»:
«Վլադիմիր Միքայելյանն ու Սյուզաննա Սարգսյանը ոչ միայն հիանալի մարդիկ էին, լավ ընկերներ ու դասախոսներ, այլև բարձրակարգ մասնագետներ: Եվ, ցավոք, մենք նրանց կորցրինք օրերի ընթացքում: Դա մեծ կորուստ ու վիշտ էր բոլորիս համար: Ու երբ մեր գործընկերների մասին էսսե գրեցի, ռեկտորն առաջարկեց միջոցառում կազմակերպել ու հարգել վերջիններիս հիշատակը: Ֆակուլտետի դեկանի հետ նույնպես նախատեսում էինք կազմակերպել նմանօրինակ միջոցառում»,- պատմեց Սոցիալական և կլինիկական հոգեբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գայանե Շահվերդյանը և հավելեց, որ ուսանողները նույնպես պարբերաբար հիշում են իրենց սիրելի դասախոսներին, նրանց խոսքերն ու խորհուրդները:
Կ. Դավթյանն էլ նշեց, որ էսսեն, որը բավականին զգացմունքային և յուրօրինակ էր, արտահայտում էր ուսանողների ու պրոֆեսորադասախոսական կազմի ամբողջ սերն ու կարոտը. «Վերջին երկու տարիների ընթացքում մենք շատ կորուստներ ունեցանք: Ես անկեղծորեն զարմացած եմ և միաժամանակ հիացած, թե ինչ սիրով, հարգանքով ու ջերմությամբ են հիշում համալսարանական դասախոսներին նրանց գործընկերներն ու մասնավորապես ուսանողները: Այս ամենը վկայում է, որ նրանք իսկապես շատ մեծ ազդեցություն են ունեցել վերջիններիս մտածողության ու անձի ձևավորման վրա»: