- Main
- Node
- ՄԱԳԻՍՏՐՈՍՆԵՐԻ ԴԻՊԼՈՄՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
March 03, 2022 | 16:10
Հասարակություն
ՄԱԳԻՍՏՐՈՍՆԵՐԻ ԴԻՊԼՈՄՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել մագիստրատուրայի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայի առաջին մագիստրոսներն ավարտել են 2001 թվականին: Այսօր արդեն իրենց դիպլոմներն են ստացել մագիստրատուրայի 22-րդ շրջանավարտները:
Ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը փաստեց, որ տարիների ընթացքում կրթական այս աստիճանը մեծապես զարգացել է, բայց և կատարելագործմանն ուղղված աշխատանքները մշտապես շարունակվելու են: Դեկանը, շնորհավորելով շրջանավարտներին, ասաց, որ այսօր ավարտվում է նրանց կյանքի կարևոր և հետաքրքիր փուլերից մեկը, իսկ առջևում էլ ավելի պատասխանատու և բարդ շրջափուլն է:
Գ. Ղազինյանը հորդորեց երբեք չմոռանալ ֆակուլտետը, որտեղ ձևավորվել են որպես մասնագետ և քաղաքացի, ինչպես նաև երբեք չդավաճանել մասնագիտությանը՝ անկախ հանգամանքներից և իրավիճակներից:
Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա էր ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր Երվանդ Խունդկարյանը: Նա ասաց, որ դասախոսները միշտ հպարտանում են իրենց ուսանողների հաջողությամբ և ինչ-որ առումով մեղավոր զգում ձախողումների համար. «Աշխատեք, որ միշտ հպարտության զգացում պարգևեք ձեր դասախոսներին»:
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ Վահե Ռաֆայելյանը, շնորհավորելով ուսանողներին, հույս հայտնեց, որ նրանք իրենց մասնագիտական գործունեության ընթացքում արդյունավետորեն կկիրառեն իրենց գիտելիքները գերագույն առաքելություններից մեկի՝ արդարության զգացումը պահպանելու համար:
Ֆակուլտետի շրջանավարտ Կարոլինա Հարությունյանը շնորհակալություն հայտնեց դեկանին և պրոֆեսորադասախոսական անձնակազմին համբերության, նվիրումի, փոխանցած գիտելիքների ու հմտությունների, իսկ Գևորգ Բարսեղյանն էլ՝ այս տարիների ընթացքում ուսանողակենտրոն մոտեցման, ձևավորված ջերմ մթնոլորտի և միջավայրի համար: