- Main
- Node
- ԺՈՂՈՎՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԱՍՆԱԳԻՏԱՆԱԼՈՒ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
March 09, 2022 | 15:40
Հասարակություն
ԺՈՂՈՎՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԱՍՆԱԳԻՏԱՆԱԼՈՒ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել իրազեկման միջոցառում, որի ընթացքում ուսանողներին ներկայացվել են դեմոգրաֆիայի ոլորտում կրթական ծրագրերը և դրանց դիմելու ԵՊՀ-ի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի համագործակցության շրջանակում ընձեռված հնարավորությունները:
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կազմակերպած հանդիպմանը ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն ընդգծեց այն փաստը, որ մեր երկրում առկա է որակյալ ժողովրդագիրների պակաս և նշեց, որ գործընկեր կազմակերպությունների հետ քննարկվում է դեմոգրաֆիայի մագիստրոսական ծրագիրը ԵՊՀ-ում ներդնելու հարցը:
Նրա խոսքով, յուրաքանչյուր կրթական ծրագրի ներդրումից առաջ մանրամասն քննարկվում են ակնկալվող արդյունքները և հետագայում շրջանավարտների աշխատանքի անցնելու հարցը և վստահեցրեց, որ այս դեպքում այդ խնդիրը լուծված է, քանի որ որակյալ մասնագետներն անպայման կգտնեն իրենց տեղը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց Հայաստանում առկա ժողովրդագրական խնդիրների պատճառները և ասաց, որ կառավարության գործառույթն է մշակել ռազմավարություն՝ դիմակայելու այդ մարտահրավերներին, ինչի համար անհրաժեշտ են որակյալ մասնագետներ:
Նախարարը տեղեկացրեց, որ քննարկումների արդյունքում որոշվել է ունենալ դեմոգրաֆիայի մագիստրոսական ծրագիր, ինչը կարելի է որակել որպես ապագայի մասնագիտություն:
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Ծովինար Հարությունյանը խոսեց դեմոգրաֆիական խնդիրների և հետազոտությունների միջոցով արված կանխատեսումների մասին, ըստ որոնց՝ խնդիրները կավելանան, եթե համապատասխան քայլեր չարվեն:
Ծ. Հարությունյանն արձանագրեց, որ որակյալ ժողովրդագիրների պակասն ամբողջ աշխարհում կա, բայց և նշեց, որ կան մասնագիտացված կրթական և հետազոտական կենտրոններ, որոնք կարող են առաջնորդել և ուղղորդել՝ այստեղ ներդնելու և զարգացնելու ծրագրեր:
Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի Վիշնևսկու անվան ժողովրդագրության ինստիտուտի փոխտնօրեն Վ. Կոզլովը հանդիպմանը միացավ հեռավար և ներկայացրեց իրենց կողմից իրականացվող «Ժողովրդագրություն և զարգացում» մագիստրոսական ծրագիրը, ինչպես նաև վերապատրաստման այն դասընթացները, որոնց արդյունքում մասնակիցները կստանան հավաստագրեր և կկարողանան անցնել աշխատանքի: Վ. Կոզլովը խոսեց նաև ծրագրերին դիմելու կարգերի ու հնարավորությունների մասին, պատասխանեց մասնակիցների հարցերին:
Ի դեպ, Ծ. Հարությունյանն ասաց, որ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամն այս ուղղությամբ համագործակցել է նաև կրթական այլ հաստատությունների հետ և մշակել մագիստրոսական ծրագրեր, որոնց կարող են դիմել ԵՊՀ ուսանողները: Նա վստահեցրեց, որ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամն աջակցելու է թե՛ մագիստրոսական, թե՛ վերապատրաստման ծրագրերի դիմորդներին: