- Main
- Node
- «ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՈՉ ՄԻԱՅՆ ԴԱՌՆՈՒՄ ԵՍ ՈՐԱԿՅԱԼ ՄԱՍՆԱԳԵՏ, ԱՅԼԵՎ ԱՆՑՆՈՒՄ ԵՍ ԿԱՐԵՎՈՐ ՇՐՋԱՓՈՒԼ՝ ՁԵՎԱՎՈՐՎԵԼՈՎ ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱՑԻ». ՄԻԼԵՆԱ ՄԿՐՏՉՅԱՆ
March 10, 2022 | 16:23
Ուսանողական
«ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՈՉ ՄԻԱՅՆ ԴԱՌՆՈՒՄ ԵՍ ՈՐԱԿՅԱԼ ՄԱՍՆԱԳԵՏ, ԱՅԼԵՎ ԱՆՑՆՈՒՄ ԵՍ ԿԱՐԵՎՈՐ ՇՐՋԱՓՈՒԼ՝ ՁԵՎԱՎՈՐՎԵԼՈՎ ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱՑԻ». ՄԻԼԵՆԱ ՄԿՐՏՉՅԱՆ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի Միլենա Մկրտչյանը հաղթող է ճանաչվել «ՀՀ լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի հասարակագիտության ոլորտում ՝ գրավելով 1-ին տեղը: Միլենայի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, մրցույթի մասնակցության, ուսանողական կյանքի, ապագա ծրագրերի ու երազանքների մասին:
- Միլենա, ինչպե՞ս ընտրեցիք լրագրողի մասնագիտությունը և ինչո՞ւ որոշեցիք այն ձեռք բերել ԵՊՀ-ում:
- Դեռ մանկուց բազմաթիվ առիթներ եմ ունեցել մասնակցելու տարատեսակ նկարահանումների, հեռուստահաղորդումների, թղթակցել եմ դպրոցական պարբերականներին: Միշտ մի յուրատեսակ հետաքրքրությամբ և հիացումով եմ հետևել կադրից դուրս աշխատանքին: Բացի դրանից՝ շատ եմ սիրել գրել. դպրոցական տարիներին գրում էի հիմնականում իմ սիրելի գրական հերոսների մասին: Հետագայում՝ ավագ դպրոցին զուգահեռ, հաճախել եմ նաև Հայաստանի ժուռնալիստների միության պատանի ժուռնալիստի դպրոց: Այդ ժամանակահատվածում սկսեցի բացահայտել ժուռնալիստիկայի բազմակողմ և ուշագրավ աշխարհն արդեն ավելի հասուն մոտեցմամբ:
Թյուր կարծիք կա, թե ժուռնալիստիկան միայն լուր գրելու արհեստն է: Այս մասնագիտության յուրօրինակ առավելություններից է այն, որ աշխատանքդ կապված է շատ տարբեր ոլորտների հետ՝ բժշկությունից մինչև իրավագիտություն, մշակույթ, սպորտ.... Օրեցօր զարգացող աշխարհում հենց սա է այն մասնագիտությունը, որը, դառնալով ապրելակերպ, ոչ միայն չի ձանձրացնում, այլև օգնում է ամեն օր նորովի բացահայտել աշխարհն ու մարդկանց:
Բուհի ընտրության հարցում ևս չեմ երկմտել: Ամեն օր մեր տան պատուհանից տեսնելով ԵՊՀ-ի կենտրոնական մասնաշենքը՝ միշտ ներքին համոզմունք եմ ունեցել, որ ուսանողական տարիներս անցնելու են հենց այստեղ: Դե իսկ հետագայում՝ դիմորդ լինելու շրջանում, որոշումս հիմնավորվեց, երբ ուսումնասիրում էի բուհերը, ֆակուլտետները և կրթական ծրագրերը: Այսօր հետահայաց նետելով՝ վստահաբար կարող եմ ասել, որ ճիշտ որոշում եմ կայացրել և՛ մասնագիտության, և՛ բուհի ընտրության հարցում:
- Երբ ընդունվում էիք բուհ, ի՞նչ ակնկալիքներ ունեիք։ Կպատկերացնեի՞ք, որ մի օր դառնալու եք հանրապետության լավագույն ուսանող:
- Բուհ ընդունվելիս ունեցել եմ այն գիտակցումը, որ ուսանող դառնալուց զատ՝ ձեռք եմ բերում նաև համալսարանականի կարգավիճակ: Համալսարանական լինելը մեծ պատասխանատվություն է ինձ համար, քանի որ շատ լավ գիտեմ, թե ինչպիսի դժվարին ժամանակներում է հիմնադրվել այս կրթօջախը, ինչ մեծանուն հայորդիներ, մտավորականներ են ուսանել Մայր բուհում, անցել այն նույն սրահներով և սովորել այն նույն լսարաններում, որտեղ մենք ենք ուսումնառում: Յուրատեսակ մի զգացում ես ունենում, երբ հասկանում ես, որ արժեքավոր այդ պատմության մի մասնիկն էլ դու ես դառնում:
Ակնկալիքներն ու սպասումները շատ էին՝ մասնագիտական մրցակցային կրթություն ստանալուց մինչև հագեցած, հիշարժան և հետաքրքիր ուսանողական կյանք:
Երբևէ չէի մտածել հանրապետության լավագույն ուսանող դառնալու մասին. իմ սովորելու, եռանդուն ուսանողական կյանք սկսելու և շարունակելու համար մոտիվացիան արհեստածին չի եղել: Մասնագիտությունս ընտրել եմ սիրով, սիրով եմ հաճախել համալսարան, ակտիվ ուսանողական կյանքով եմ ապրել, ոչինչ պարտադրված չեմ արել, հակառակը՝ ամեն ինչում փորձել եմ գտնել հետաքրքրություն, և ինձ հաջողվել է:
- Ինչպե՞ս որոշեցիք մասնակցել մրցույթին։ Ինչքանո՞վ է կարևոր Ձեզ համար այս մրցանակը։
- Մասնակցությունը շատ պարզ և արագ ստացվեց: Ընթերցեցի մրցույթի մասին հայտարարությունը, հավաքեցի անհրաժեշտ փաստաթղթերը և դիմեցի:
Այս մրցանակն ինձ համար յուրատեսակ արժևորում է և ձեռքբերում, որի հետևում ուսանողական երկար տարիներն են՝ լի դժվարություններով, հիասթափություններով, դրանք հաղթահարելու համար անսահման աշխատասիրությամբ, նպատակասլացությամբ, կամքի ուժով և սկզբունքայնությամբ: ՀՀ լավագույն ուսանողի կոչմանն արժանանալը մեծ պատիվ է: Կարծում եմ, որ այս կոչումը պետք է վերարժևորեմ մասնագիտական, գիտական և գիտակրթական ոլորտներում նորանոր ձեռքբերումներով և հաղթանակներով:
- Ըստ Ձեզ՝ ԵՊՀ-ում կա՞ն հարթակներ, որոնք օգնում են ուսանողին ինքնադրսևորվել ու լրացնել ավանդական կրթության բացերը:
- Նախ նշեմ, որ համալսարանում ոչ միայն դառնում ես որակյալ մասնագետ, այլև անցնում ես կարևոր շրջափուլ՝ ձևավորվելով որպես քաղաքացի: Այս հանգամանքն առանցքային նշանակություն ունի: Ակադեմիական կրթությանը զուգահեռ ես օգտվել եմ ուսանողներին ընձեռվող գրեթե բոլոր հնարավորություններից: Ինքս եղել եմ նախաձեռնող և պատրաստակամ: Անդամակցել եմ ուսանողական կառույցներին, ներֆակուլտետային և համալսարանական մեծ ակտիվություն եմ ցուցաբերել: Գտնում է նա, ով փնտրում է, իսկ փնտրելու համար ցանկություն է պետք: Ուսանողներն ունեն ինքնադրսևորվելու հնարավորություն ոչ միայն ֆակուլտետում, բուհում, հայրենիքում, այլև միջազգային հարթակներում, տարբեր երկրներում:
Ուսանողական տարիներին ես, օրինակ, եղել եմ Լիբանանում, որտեղ անցել եմ մասնագիտական պրակտիկա, Մոսկվայում, մասնակցել եմ միջազգային մրցույթի, անցնելով եզրափակիչ փուլ՝ երկու անգամ մասնակցել եմ մեդիաֆորումի, Վրաստանում՝ սեմինարների և այլն: Համալսարանը հնարավորությունների աղբյուր է ուսանողի համար, պետք է կարողանալ դրանք ճիշտ օգտագործել և ծառայեցնել մասնագիտական զարգացման և ինքնակատարելագործման համար: Այդ դեպքում շահում ես և՛ դու, և՛ համալսարանը:
- «Հանրապետության լավագույն ուսանող» մրցույթին մասնակցելու չափորոշիչներից մեկը գիտական աշխատանքների առկայությունն է: Ինչպե՞ս ստացվեց, որ որոշեցիք հեղինակել գիտական հոդվածներ:
- Ուսումնական նյութերը յուրացնելուց, հիմնարար գիտելիքներ ձեռք բերելուց հետո նեղ մասնագիտական թեմաների շուրջ առաջացան հարցեր, որոնց պատասխանները գտնելու համար սկսեցի ուսումնասիրություններ անել: Գիտական հետազոտություններ կատարելու առանձնահատկություններին ծանոթանալուց, մասնագիտական ուսումնասիրություններն ամփոփելուց հետո դրանք ներկայացրել եմ գիտական հոդվածների տեսքով: Բացի դրանից՝ մասնակցել եմ նաև աշխատաժողովների, գիտաժողովների՝ հանդես գալով զեկուցումներով: Այս առումով հատկանշական է ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության դերը, որը ուսանողներին տրամադրում է գիտական առաջին քայլերն անելու կարևոր հարթակ: Այսօր էլ շարունակում եմ գիտահետազոտական աշխատանքները, քանի որ վստահ եմ՝ միայն գիտության և կրթության շնորհիվ կարող ենք կառուցել իմ, մեր պատկերացումների անկախ և զարգացած Հայաստանի Հանրապետությունը:
- Իսկ Ձեզ համար ժուռնալիստիկան այսօր գրավի՞չ մասնագիտություն է:
- Այո, ժուռնալիստիկան գրավիչ և մեծ պահանջարկ վայելող մասնագիտություն է: Ապացույցն ամեն տարի աճող դիմորդների թիվն է: Մասնագիտական, ակադեմիական կրթություն ստացած ժուռնալիստների, որակյալ լրագրության կարիք եղել է, կա և կլինի նաև ապագայում: Համակարգչային զանազան տեխնոլոգիաները չեն կարող փոխարինել հմուտ և փորձառու լրագրողի մասնագիտական հմտություններին, վերլուծական մտքին և մասնագիտական շատ այլ նրբություններին: Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների զարգացումը նպաստում և նոր գործիքներով, հնարավորություններով ու տեխնիկաներով օժանդակում է մեզ՝ իրականացնելու մասնագիտական գործունեությունը:
- Ի՞նչ երազանքներ ու նպատակներ ունեք:
- Երազում եմ նորից վայելել ազատ և անկախ Արցախի չքնաղ համայնապատկերն անառիկ հայոց բերդաքաղաք Շուշիից: Երազանքներս դարձնում եմ նպատակներ:
- Ի՞նչ կմաղթեք դիմորդներին, որոնք նոր են ոտք դնելու ուսանողական կյանք:
- Ապագա ուսանողներին մաղթում եմ աշխատասիրություն և նպատակասլացություն: Ցանկանում եմ, որ նրանք գնահատեն իրենց ժամանակը և օգտագործեն ուսանողական տարիները, որոնք իրապես բացառիկ են և անփոխարինելի: Ուսման ընթացքում այսօր ներդրած իրենց ջանքերի պտուղները վստահաբար քաղելու են ապագայում:
Քնար Միսակյան