- Main
- Node
- ԵՊՀ-ՈՒՄ ՕՐՆ ԱՅՍՕՐ ՉԱՐԵՆՑՅԱՆ Է
March 14, 2022 | 17:24
Մշակույթ
ԵՊՀ-ՈՒՄ ՕՐՆ ԱՅՍՕՐ ՉԱՐԵՆՑՅԱՆ Է
Մարտի 13-ին լրացավ հանճարեղ Եղիշե Չարենցի 125-ամյակը, ինչի առթիվ համալսարանականները, ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի գլխավորությամբ, այսօր խորհրդանշական 125 կարմիր կակաչ դրեցին պոետի հուշարձանին, որից հետո ներկա գտնվեցին Սուրեն Քոչարյանի անվան պոեզիայի թատրոնի՝ Եղիշե Չարենցի ստեղծագործությունների հիման վրա կազմված «Ես եմ հիմա մի պոետ…» խորագրով գրական կոմպոզիցիային:
Չարենցի հոբելյանը նշանավորող միջոցառումը նախաձեռնել էին համալսարանի ռեկտորատը և ԵՊՀ մշակույթի կենտրոնը, որոնց միացել էին Հայ բանասիրության, Պատմության, Եվրոպական լեզուների և հաղորդակցության ու Ժուռնալիստիկայի ֆակուլտետները:
«Եղիշե Չարենցը տիեզերք է, որի ասելիքն այնքա՜ն շատ է: Նրա ստեղծագործություններում կարելի է միշտ մի նոր ասելիք գտնել ու նորովի բացահայտել»,- ասում է ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը և հավելում, որ Մշակույթի կենտրոնը, ի նշանավորումն գրողի տարեդարձի, տարբեր տարիներին հանդես է եկել «Ես իմ անուշ Հայաստանի…» խորագրով ներկայացումներով:
«Այս տարի մենք որոշեցինք ներկայանալ այս ձևաչափով և այսօրինակ տոնել մեծ գրողի ծննդյան տարեդարձը»,- նշում է Կ. Դավթյանը: Նա հույս է հայտնում, որ Ե. Չարենցի 130-ամյակը Մշակույթի կենտրոնը կնշանավորի նոր ներկայացմամբ:
Օղակաձև զբոսայգում համալսարանականները ծաղիկներ դրեցին գրողի հուշարձանին և ավանդույթի համաձայն՝ միասին ասմունքեցին նրա «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը:
Այնուհետև արդեն Մշակույթի կենտրոնում Սուրեն Քոչարյանի անվան պոեզիայի թատրոնի դերասանները՝ ՀՀ վաստակավոր արտիստ Սամվել Բաղինյանը, Ռուզաննա Հախնազարյանը, Դավիթ Գասպարյանն ու Բորիս Առաքելյանը, ասմունքեցին Եղիշե Չարենցի ստեղծագործությունները և ամփոփեցին չարենցյան օրը ԵՊՀ-ում: