- Main
- Node
- ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ԱՄԲԻՈՆԻ ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԱՐԴԻԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ
March 15, 2022 | 11:57
ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ԱՄԲԻՈՆԻ ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԱՐԴԻԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ
Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնի վարիչ Ռուզաննա Ղազարյանի հետ զրուցել ենք ամբիոնում գործող մագիստրոսական կրթական ծրագրերի մասին:
- Տիկի՛ն Ղազարյան, գաղտնիք չէ, որ ԵՊՀ-ն որդեգրել է միջազգայնացման ճանապարհը, ինչպե՞ս է ամբիոնը մասնակցում այդ գործընթացին:
- Միջազգայնացման ճանապարհը ԵՊՀ-ի ընտրած ամենակարևոր և ճիշտ մարտավարությունն է, ինչի շնորհիվ բազմաթիվ կրթական հաստատություններ Մայր բուհի կրթական ծրագրերին և «արտադրանքին» ծանոթանալու հնարավորություն կունենան: Խնդրում եմ ճիշտ ընկալել «արտադրանք» բառը, քանի որ ցանկացած կրթական հաստատություն ի վերջո տալիս է մասնագիտական որակավորում՝ որպես վերջնարդյունք:
Այս առումով հարկ է նշել, որ և՛ ԵՊՀ-ում, և՛ օտարերկրյա բուհերում շարժիչ ուժ են համարվում բնագիտական ու ճշգրիտ գիտությունները: Հասկանալի է, քանի որ ժամանակը դա է պահանջում, ապրում ենք 21-րդ դարում:
Նման ընդհանուր մրցակցային դաշտում հումանիտար գիտություններն իրականում շատ անելիք ունեն: Որևէ կերպ չթերագնահատելով հումանիտար գիտությունների կարևորությունը՝ պետք է արձանագրել, որ այս ոլորտի մասնագետները շատ անելիք ունեն իրենց մրցակցային դիրքն ապահովելու համար. կրթական ոլորտում առաջարկել նոր մասնագիտացումներ՝ ըստ աշխատաշուկայի պահանջների, որը շրջանավարտներին հնարավորություն կտա ավելի արագ աշխատանք գտնել:
Իմ կարծիքով, հումանիտար ոլորտում գիտնական դառնալը զանգվածային բնույթ չի կարող կրել: Ի վերջո, այն ուսանողը և հետագայում էլ շրջանավարտը, որն իրեն իրականում տեսնում է գիտության մեջ, միևնույնն է կգտնի ճանապարհ և կզբաղվի գիտությամբ: Սակայն շրջանավարտների հիմնական մասը ձգտում է ձեռք բերել ավելի գործառական մասնագիտություն:
Վերադառնալով հարցին՝ ուզում եմ նշել, որ ամբիոնում ստեղծվել է «Translation Studies: Theory and Practice» միջազգային պարբերականը, որն արդեն ներառվել է ԲՈԿ-ի ցանկում և միջազգայնացման ճանապարհին է: Այն մեր ամբիոնի շատ համեստ քայլն է ԵՊՀ-ի միջազգայնացման ընդհանուր գործընթացում:
- Կպատմե՞ք առկա ուսումնական ծրագրերի մասին:
- Թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնն իր ուսանողներին է առաջարկում մագիստրոսական երեք ծրագիր՝ «Թարգմանչական գործ՝ անգլերեն և հայերեն», «Վարչագործարարական թարգմանություն», «Զբոսաշրջային թարգմանություն (անգլերեն-հայերեն)», որոնցից յուրաքանչյուրը թիմային հստակ աշխատանքի և համագործակցության արդյունք են:
«Վարչագործարարական թարգմանություն» և «Զբոսաշրջային թարգմանություն (անգլերեն-հայերեն)» մագիստրոսական կրթական ծրագրերը միջֆակուլտետային են, համագործակցում ենք Իրավագիտության, Տնտեսագիտության և կառավարման, ինչպես նաև Աստվածաբանության ֆակուլտետների հետ:
Տվյալ մագիստրոսական կրթական ծրագրերի շրջանավարտները ստանում են համապատասխան ոլորտի թարգմանչի որակավորում:
Ընդ որում՝ բոլոր առարկաները դասավանդվում են բացառապես անգլերենով: Բացառություն են կազմում այն առարկաները, որոնք դասավանդում են Աստվածաբանության ֆակուլտետի դասախոսները:
- Ամբիոնը համագործակցում է ՀՀ արդարադատության նախարարության հետ: Կպատմե՞ք այդ մասին:
Մեր ամբիոնը փոխըմբռնման հուշագիր է ստորագրել ՀՀ արդարադատության նախարարության հետ, որը վերաբերում է նոտարական թարգմանչի արտոնագրման տրամադրմանը:
Այն հնարավորություն է ընձեռում համապատասխան լեզվական քննություն հանձնելուց հետո ստանալ թարգմանչի արտոնագիր, և այստեղ էականն այն է, որ հենց մեր ամբիոնին է վստահվել քննությունների կազմակերպման և անցկացման գործընթացը: