- Main
- Node
- ԽՄՈՐՄԱՆ ՎԵՐՋՆԱՓՈՒԼԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԴՐԱ ԿԻՐԱՌՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ. ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԿՈԼՈՔՎԻՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
March 17, 2022 | 16:15
Գիտություն
ԽՄՈՐՄԱՆ ՎԵՐՋՆԱՓՈՒԼԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԴՐԱ ԿԻՐԱՌՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ. ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԿՈԼՈՔՎԻՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում տեղի է ունեցել կենսաբանական երրորդ կոլոքվիումը, որը կազմակերպվել է կենսաբանության ոլորտի առաջատար կենտրոնների, խմբերի միջև գիտահետազոտական կապերը խթանելու, արդի խնդիրներն ու գիտահետազոտական թեմաները համատեղ քննարկելու նպատակով:
ՀՀ գիտության կոմիտեի աջակցությամբ կազմակերպված միջոցառմանը «Խմորման վերջնափուլերի կարգավորումը և դրա կիրառման հնարավորությունն օրգանական թափոնների մշակման, կենսազանգվածի կենսաէներգիայի ստացման գործում» թեմայով զեկուցմամբ է հանդես եկել ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, կենսաբ. գիտ. դոկտոր, դոցենտ Աննա Փոլադյանը:
«Հատկանշական է և կարևոր ուսանողների մասնակցությունը կոլոքվիումին, քանի որ վերջինս լայն հնարավորություն է ընձեռում ծանոթանալու իրականացվող հետազոտություններին, ընդլայնելու մտահորիզոնը, ձեռք բերելու նոր գիտելիքներ և հստակեցնելու մասնագիտական կողմնորոշումը»,- ասում է Ա. Փոլադյանը:
Ամբիոնի վարիչի ներկայացրած թեման վերաբերում էր օրգանական թափոնների արժևորման և արժեքավոր արտադրանքների ստացման ֆունդամենտալ ու կիրառական հետազոտություններին:
Նա մասնավորապես ներկայացրեց ՀՀ-ում հասանելի արտադրական և գյուղատնտեսական թափոնների նախամշակման ուղիները, դրանց հետագա յուրացումը կիրառական և կենսատեխնոլոգիական նշանակություն ունեցող մի շարք մանրէների կողմից՝ բակտերիաների կենսազանգվածի, կենսաէներգիայի (կենսաջրածին, կենսաէթանոլ և կենսաբութանոլ), ֆերմենտների և խմորման այլ վերջնանյութերի արտադրության նպատակով:
Ա. Փոլադյանի խոսքով, հետազոտությունները կնպաստեն հիմնարար գիտելիքների զարգացմանը և կընձեռեն մանրէների կուլտիվացման համար էժան աղբյուրների կիրառման նոր հնարավորություններ:
Կենսաբանական կոլոքվիումների շարքը շարունակական է լինելու: