ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ԱՐՏԵՄ ՓԱԹԱՓՈՒԹՅԱՆԻՆ ԿՇՆՈՐՀՎԻ ԵՊՀ ՊԱՏՎԱՎՈՐ ՊՐՈՖԵՍՈՐԻ ԿՈՉՈՒՄ
June 08, 2022 | 21:52
Կրթություն
Գիտություն
ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ԱՐՏԵՄ ՓԱԹԱՓՈՒԹՅԱՆԻՆ ԿՇՆՈՐՀՎԻ ԵՊՀ ՊԱՏՎԱՎՈՐ ՊՐՈՖԵՍՈՐԻ ԿՈՉՈՒՄ
Հունիսի 15-ին՝ ժամը 19:00-ին, Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի համերգասրահում տեղի կունենա ԵՊՀ շրջանավարտների ավարտական միջոցառումը: Միջոցառման ընթացքում ելույթ կունենա հայազգի անվանի գիտնական, Նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանը, որին գիտության բնագավառում բացառիկ նվաճումների համար կշնորհվի ԵՊՀ պատվավոր պրոֆեսորի կոչում։
54-ամյա Արտեմ Փաթափությանը ծնվել է Բեյրութում, Լիբանանի քաղաքացիական պատերազմի ընթացքում ընտանիքի հետ տեղափոխվել ԱՄՆ: Ներկայումս ղեկավարում է «Scripps» գիտական հաստատության «Փաթափության փորձագիտական լաբորատորիան»:
Արտեմը Հայաստանում առաջին անգամ եղել է 12 տարեկանում՝ մասնակցելով պատանեկան ճամբարի: 2016 թ. հրավիրվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, որտեղ ներկայացրել է հետագայում Նոբելյան մրցանակի արժանացած իր գյուտը։
2021 թ․ ամերիկահայ հետազոտող Արտեմ Փաթափությանին և ամերիկացի գիտնական Դեյվիդ Ջուլիուսին բժշկագիտության ոլորտում Նոբելյան մրցանակ է շնորհվել։ Նոբելյան կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ մրցանակը շնորհվել է ջերմության և շոշափելիքի ռեցեպտորների վերաբերյալ հայտնագործության համար։
Մոլեկուլային կենսաբան, նյարդաբան Արտեմ Փաթափությանի հոդվածներից մեկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://bit.ly/3Q2czsZ:
Հ.Գ. ԵՊՀ շրջանավարտների ավարտական միջոցառման վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն կտրամադրենք ավելի ուշ: