- Main
- Node
- «ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ECER 2022 ՀԱՄԱԺՈՂՈՎԸ ՀՐԱՇԱԼԻ ԷՐ, ՔԱՆԻ ՈՐ ԱՅՍՏԵՂ ԿԱ ԱՅՆ ԱՄԵՆԸ, ԻՆՉ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ». EERA-Ի ՆԱԽԱԳԱՀ ՋՈ Օ’ՀԱՐԱ
August 25, 2022 | 22:17
Կրթություն
Գիտություն
Հասարակություն
«ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ECER 2022 ՀԱՄԱԺՈՂՈՎԸ ՀՐԱՇԱԼԻ ԷՐ, ՔԱՆԻ ՈՐ ԱՅՍՏԵՂ ԿԱ ԱՅՆ ԱՄԵՆԸ, ԻՆՉ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ». EERA-Ի ՆԱԽԱԳԱՀ ՋՈ Օ’ՀԱՐԱ
ԵՊՀ հանդիսությունների դահլիճում կայացավ ECER 2022 համաժողովի փակման հանդիսավոր արարողությունը, և լավագույն ելույթներն ու ազդագրերը ներկայացրած հետազոտողներին տարբեր անվանակարգերում հավաստագրեր հանձնվեցին: ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը EERA-ի նախագահին հանձնեց արծաթե մեդալ:
ԵՊՀ ռեկտոր Հ. Հովհաննիսյանը շնորհավորեց ներկաներին միջազգային համաժողովը բարձր արդյունքներով ամփոփելու կապակցությամբ: Խոսելով համաժողովի կարևորությունից և հետագայում այսօրինակ համաժողովներ կազմակերպելու պատրաստակամությունից՝ ԵՊՀ ռեկտորը նշեց. «Այսօր վստահորեն կարող եմ ասել, որ մեզ հաջողվել է կյանքի կոչել այս հեղինակավոր համաժողովը: Չորս օրերի ընթացքում 40 բաժանմունքներում տեղի են ունեցել աշխատաժողովներ, պլենար քննարկումներ, միջսերնդային հանդիպումներ, հաղորդակցական ու սոցիալական կապերի հաստատմանն ուղղված փակ նախաձեռնություններ»:
Հ․ Հովհաննիսյանը նաև հույս հայտնեց, որ Հայաստանի կրթական ոլորտը կշարունակի լինել օտարերկրյա հետազոտողների ուշադրության կենտրոնում:
Կարևորելով կամավորների դերը համաժողովի կազմակերպման գործում՝ Հ. Հովհաննիսյանն ընդգծեց. «Շատ գովելի է այն, որ համաժողովի աշխատանքներում մեծ ներգրավվածություն են ունեցել 60-ից ավելի կամավորներ, որոնք ԵՊՀ տարբեր ֆակուլտետների ուսանողներ են: Կամավորության ինստիտուտը բավականին հետաքրքիր է և արդյունավետ»:
EERA-ի նախագահ Ջո Օ’Հարան, ներկայացնելով համաժողովից ստացած տպավորությունները, նշեց. «Երևանի պետական համալսարանում տեղի ունեցած միջոցառումը հրաշալի էր։ Այստեղ բոլորն աներևակայելի հյուրընկալ էին՝ սկսած աջակցող անձնակազմից մինչև պրոֆեսորադասախոսական անձնակազմ և ուսանողներ: Համաժողովի իրականացման վայրը հիանալի էր․ ԵՊՀ-ն հրաշալի համալսարան է, քանի որ այստեղ կա այն ամենը, ինչ անհրաժեշտ է գիտակրթական միջոցառումների կազմակերպման համար։ Կարծում եմ՝ նաև դրա շնորհիվ մեր համաժողովը հրաշալի ընթացք ունեցավ: Մենք բարձր ենք գնահատում համաժողովի կազմակերպվածությունը, ինչը մեծապես պայմանավորված էր ԵՊՀ-ի ապահոված որակով»:
Անդրադառնալով համաժողովի կազմակերպմանն ու այն համեմատելով նախորդ տարիներին անցկացված համաժողովների հետ՝ EERA-ի նախագահը նշեց, որ տարբերությունները շատ ակնհայտ են. «Վերջին երեք տարիների ընթացքում սա մեր առաջին առերես անցկացված համաժողովն էր։ Չեմ կարող չնշել, որ հիանալի էր անձամբ մասնակցելը։ Կարևոր եմ համարում նշել, որ մենք համալսարաններ այցելում ենք կանխամտածված՝ հասկանալու, թե ինչպես են աշխատում կրթական համայնքները, որոնց հետ մենք համագործակցում ենք։ Համաժողովի բացման արարողության ժամանակ ՀՀ ԿԳՄՍ նախարարը շատ ազդեցիկ ելույթ ունեցավ, և դա վառ ցուցիչն էր այն կարևորության, որն ունի կրթությունը Հայաստանի Հանրապետությունում»։
ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի տնօրեն, ECER 2022 համաժողովի աշխատանքային խմբի ղեկավար, մ․գ․դ․, պրոֆեսոր Նազիկ Հարությունյանը, անդրադառնալով համաժողովի կազմակերպմանը, նշեց, որ դրա նպատակը եղել է հետևյալը․ լսել իրար, բարձրաձայնել և քննարկել կրթության ոլորտի տարաբնույթ խնդիրներ և օգնել միմյանց՝ գտնելու դրանց օբյեկտիվ լուծումներն ու առաջավոր մոտեցումները:
«ECER 2022 երևանյան համաժողովն իր արդյունքներով մեծ խթան կդառնա՝ մասնակից հետազոտողների միջև հետագա լայն համագործակցության համար: Ես լիովին վստահ եմ, որ սերտ և արդյունավետ համագործակցությունը տարբեր երկրների հետազոտողների միջև կարող է նպաստել մեր երկրում կրթության և գիտության զարգացմանը»,- նշեց Ն․ Հարությունյանը:
Շնորհավորելով միջազգային համաժողովը բարձր ցուցանիշով ամփոփելու կապակցությամբ՝ պրոֆեսորը ներկայացրեց EERA-ի նախագահին ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի կատարած առաջարկը՝ ըստ որի համաժողովի բոլոր բաժանմունքների նախագահների առաջարկած 50 լավագույն ելույթները գիտական հոդվածի տեսքով կտպագրվեն ԵՊՀ-ում լույս տեսնող «Կրթությունը 21-րդ դարում» միջազգային գիտամեթոդական հանդեսում։
Հավելենք, որ «Կրթությունը 21-րդ դարում» գիտամեթոդական հանդեսը 2022 թվականի հունվարից գրանցված է OJS և Cross Ref միջազգային համակարգում:
ԵՊՀ դոցենտ, ECER 2022 համաժողովի կոորդինատոր և EERA-ի հայաստանյան ներկայացուցիչ Աննա Ալեքսանյանը, մեզ հետ զրույցում խոսելով համաժողովի բովանդակալից օրերի մասին, փաստեց, որ առաջին և երկրորդ օրերի մի մասը նվիրված է եղել սկսնակ հետազոտողներին, ապա ընտրվել են լավագույն ելույթներն ու ազդագրերը: Համաժողովի կոորդինատորի խոսքով՝ ամեն տարի ընտրվում են տարբեր անվանակարգեր․ լավագույն ելույթի և ազդագրի հեղինակ ճանաչված հետազոտողը հաղթում է որևէ անվանակարգում:
«Որպեսզի երիտասարդ հետազոտողների ձայնն այս հեղինակավոր համաժողովում լսելի լինի, առանձնացվեց նրանց ելույթների հատվածը, որին որպես ունկնդիր՝ ներկա էին նաև փորձառու հետազոտողներ: Սա, կարելի է ասել, յուրահատուկ փորձագիտություն էր. փորձառու հետազոտողները, լսելով երիտասարդ հետազոտողների ելույթները, խորհուրդներ էին տալիս նրանց»,- ընդգծեց Ա․ Ալեքսանյանը:
Շարունակելով խոսքը՝ ԵՊՀ դոցենտը նշեց, որ, ըստ կարգի՝ նախքան համաժողովի կազմակերպումը EERA-ն կրթության ոլորտում գործող հաստատությունների շրջանում հայտարարում է բաց մրցույթ՝ պանելային քննարկումներ իրականացնելու համար այս կամ այն կազմակերպությանը ներգրավելու նպատակով: Այս համաժողովին պանելային քննարկումներ են վարել «ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան»-ը, «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը («FAST»), Կրթական հետազոտությունների և խորհրդատվության կենտրոնը: Պանելային քննարկումներին ներկայացվել են հատկապես Հայաստանի կրթական ոլորտին վերաբերող հետազոտությունները:
Խոսելով համաժողովի ոչ ֆորմալ հատվածից՝ ԵՊՀ դոցենտը նշեց, որ երիտասարդ հետազոտողներն օտարազգի հետազոտողների հետ մասնակցել են ոչ պաշտոնական քննարկման՝ ներկայացնելով Հայաստանի կրթության ոլորտում առկա հիմնախնդիրները:
«Սրանով մենք փորձում ենք տարբեր հետազոտողների շրջանում Հայաստանի կրթական ոլորտի հանդեպ հետաքրություն առաջացնել»,- ասաց Ա. Ալեքսանյանը:
Նշենք նաև, որ ոչ ֆորմալ քննարկումների շրջանակում կազմակերպվել են սոցիալական շփման միջավայր ստեղծող միջոցառումներ, որտեղ ազգային երաժշտության ներքո օտարերկրյա հետազոտողները հայ կամավորների հետ պարել են հայկական ազգային պարեր:
«ECER-ի՝ մեր երկրում իրականացնելու նպատակներից մեկն էլ հենց դա էր՝ կազմակերպել մշակութային շփում»,- ասաց համաժողովի կոորդինատորը:
Անդրադառնալով այն փաստին, որ տարածաշրջանում համաժողովն առաջին անգամ էր իրականացվում՝ EERA-ի հայաստանյան ներկայացուցիչն ասաց, որ սա հետագայում կնպաստի, որ հայ հետազոտողները ավելի մեծ մասնակցություն ցուցաբերեն ECER-ին:
«ECER-ը միշտ կազմակերպվել է եվրոպական որևէ երկրում, ինչն էլ մասնակցելու տեսանկյունից դժվարություններ էր առաջացնում Հայաստանի կրթական ոլորտի հետազոտողների համար: Սա ևս հիմնավոր պատճառ էր, թե ինչու ECER-ը պիտի կայանար Հայաստանում: Սա կարևոր քայլ էր EERA-ի կառավարող խորհրդի կողմից. այս քայլով համաժողովն ընդլայնում է իր սահմանները՝ դուրս գալով Կենտրոնական Եվրոպայից: Կարող եմ վստահորեն փաստել, որ ECER-ը հասավ իր կարևոր նպատակներից մեկին, այն է՝ նպաստել հայ-եվրոպական հետազոտական հանրույթի ձևավորմանը և հետազոտողների միջև կամրջի ստեղծմանը»,- խոսքն ամփոփեց Ա. Ալեքսանյանը:
Հանդիսավոր արարողության ընթացքում ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն ու EERA-ի նախագահ Ջո Օ’Հարան միմյանց նվերներ հանձնեցին: ԵՊՀ ռեկտորը EERA-ի նախագահին հանձնեց նաև արծաթե մեդալ:
Լավագույն ելույթներ ու ազդագրեր ներկայացրած հետազոտողներին տարբեր անվանակարգերում հանձնվեցին հավաստագրեր: Այնուհետև հավաստագրեր հանձնվեցին նաև համաժողովի ընթացքում մեծ ակտիվություն ցուցաբերած կամավորներին:
Հիշեցնենք, որ 2022 թ. օգոստոսի 22-25-ը առաջին անգամ Հայաստանում անցկացվեց Կրթական հետազոտությունների եվրոպական ասոցիացիայի (EERA) ամենամյա համաժողովը (ECER 2022)՝ «Կրթությունը աշխարհում. գլոբալ իրողությունների ազդեցությունը կրթական հետազոտությունների հեռանկարների և փորձի վրա» թեմայով։