- Main
- Node
- ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ԴՈՆՆԱ ՍԹՐԻՔԼԵՆԴԸ ԵՊՀ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ
September 01, 2022 | 17:18
Կրթություն
Գիտություն
ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ԴՈՆՆԱ ՍԹՐԻՔԼԵՆԴԸ ԵՊՀ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ
Օգոստոսի 29-ից սեպտեմբերի 3-ն անցկացվող Օպտիկայի և ֆոտոնիկայի ժամանակակից կիրառություններին նվիրված միջազգային դպրոցի (MAOP-2022) շրջանակում ԵՊՀ-ն հյուրընկալեց Նոբելյան մրցանակակիր, Վաթեռլոյի համալսարանի պրոֆեսոր, Սթարմուսի շրջանակում Հայաստան ժամանած ֆիզիկոս Դոննա Սթրիքլենդին:
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի կոնֆերենց դահլիճում կայացած դասախոսության ընթացքում պրոֆեսոր Դ. Սթրիքլենդը ներկայացրեց իր նոբելյան դասախոսությունը՝ «Բարձր ինտենսիվությամբ գերարագ օպտիկական իմպուլսների գեներացում» թեմայով, և ծանոթացրեց ոլորտի նորարարություններին։
Անդրադառնալով Նոբելյան մրցանակի արժանացած հայտնագործության կիրառական նշանակությանը՝ Վաթեռլոյի համալսարանի պրոֆեսորը նշեց․ «1984 թվականին ես և իմ գիտական ղեկավար Խերարդ Մորուն հայտնագործել ենք բարձր ինտենսիվությամբ գերարագ օպտիկական իմպուլսների գեներացման մեթոդները, որի համար 2018 թվականին մեզ շնորհվել է Նոբելյան մրցանակ: Այս հայտնագործությունն այժմ աչքի լազերային վիրահատության հիմքն է և հնարավորություն է տալիս վերականգնելու տեսողությունը՝ առանց աչքը վնասելու։ Մենք լազերային իմպուլսները ժամանակի ընթացքում լայնացրել ենք, ապա ուժեղացրել և սեղման ենթարկել, ինչի շնորհիվ իմպուլսի էներգիայի հսկայական աճ է գրանցվել: Չիպավորված իմպուլսները մեծ կիրառություն ունեն տարբեր բնագավառներում»:
Պրոֆեսորը ներկաներին հորդորեց լինել նպատակասլաց ու երբեք չհանձնվել։
«Հաջողակ գիտնական լինելու համար պետք է հավատաս ինքդ քեզ: Եթե դու իսկապես հավատում ես, որ դա այն բնագավառն է, որտեղ կարող ես լիարժեք դրսևորել կարողություններդ, ոչ ոք չի կարող քեզ կանգնեցնել»,- հորդորեց հրավիրյալ բանախոսը:
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ռաֆիկ Հակոբյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այսօրինակ դասախոսությունների կազմակերպումը ֆակուլտետում շարունակական բնույթ է կրելու։
«Մեզ համար անչափ կարևոր է, որ մեր ուսանողներն ու պրոֆեսորադասախոսական անձնակազմը շփվեն մեծանուն գիտնականների հետ և ունկնդրեն նրանց դասախոսությունները», - ասաց Ռ. Հակոբյանը:
MAOP 2022-ի համակազմակերպիչ, Բրյուսելի ազատ համալսարանի գիտաշխատող Տաթևիկ Չալյանը, խոսելով դպրոցի առջև դրված նպատակներից, ընդգծեց, որ նպատակ ունեն մասնակիցներին փոխանցելու ժամանակակից կիրառական ճյուղերի մասին ֆունդամենտալ գիտելիքներ և կիրառական օրինակներ։
«Ցանկանում ենք ցույց տալ, թե որ ուղղություններն են ավելի արդիական, ինչ ուղղություններով աշխատելու դեպքում մեծ հնարավորություններ կարելի է ստանալ ժամանակակից օպտիկայի և ֆոտոնիկայի բնագավառում»,- մեզ հետ զրույցում ասաց Տ․ Չալյանը:
Հանդիպմանը ներկա դասախոսները, գիտաշխատողներն ու ասպիրանտները դասախոսությունից հետո պրոֆեսորին տվեցին իրենց հետաքրքրող հարցերը, և ծավալվեց ակտիվ քննարկում։
Նշենք, որ Երևանի պետական համալսարանում և Հայ-ռուսական համալսարանում այս տարի կազմակերպված Օպտիկայի և ֆոտոնիկայի ժամանակակից կիրառություններին նվիրված միջազգային դպրոցի (MAOP-2022) ուսումնասիրության երեք հիմնական ուղղություններն են՝ բիոֆոտոնիկա, քվանտային տեխնոլոգիաներ և արհեստական բանականության կիրառությունը ֆիզիկայում: Դպրոցին մասնակցում են ինչպես հայ, այնպես էլ արտասահմանցի մասնակիցներ, որոնք հնարավորություն ունեն լսելու Բելգիայից, Հոլանդիայից, Հունաստանից, Ռուսաստանից հրավիրյալ մասնագետների դասախոսությունները, ինչպես նաև ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Դանիայից և Ռուսաստանից մասնագետների առցանց դասախոսությունները:
Հիշեցնենք, որ ս․թ․ սեպտեմբերի 5-9-ը «ԵՊՀ-Սթարմուս Նոբելյան շաբաթ» խորագրով միջոցառման շրջանակում ԵՊՀ-Սթարմուս համագործակցության շրջանակում համալսարան են այցելելու Նոբելյան մրցանակի դափնեկիր ֆիզիկոսներ և աստղաֆիզիկոսներ Քիփ Թորնը (սեպտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին), Միշել Մայորը (սեպտեմբերի 6-ին՝ ժամը 11։00-ին) և Էմանուել Շարպենտիեն (սեպտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին)։
Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 11։00-ին, նախատեսվում է «Տիեզերք և ներշնչանք» խորագրով պանելային քննարկում՝ հայազգի տիեզերագնաց Ջիմ Բաղյանի, ԵՊՀ շրջանավարտ, Սթարմուս փառատոնի հիմնադիր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանի և գրող Դեյվիդ Ջոն Էյքրի մասնակցությամբ։
Պանելային քննարկման ընթացքում բացման խոսքով հանդես է գալու ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։
Դասախոսություններն ու պանելային քննարկումը կանցկացվեն անգլերենով։