- Main
- Node
- ԵՊՀ ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ
September 03, 2022 | 07:28
Կրթություն
Գիտություն
ԵՊՀ ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի՝ պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնի աշխատակիցներն օգոստոսի 17-19 Ֆրանսիայի Նիս քաղաքում մասնակցել են գիտաժողովի, որը նպատակ ուներ աշխարհի լավագույն համալսարաններից և խոշորագույն ընկերություններից հավաքելու և մեկտեղելու նանոտեխնոլոգիաներին և նյութագիտությանը վերաբերող գաղափարները:
«Նանոտեխնոլոգիաների և նյութագիտության գլոբալ գագաթնաժողով. նորարարություններ նանոտեխնոլոգիաներում. նպատակը և դրա իրագործումը» խորագրով գիտաժողովի լիագումար նիստում ելույթով հանդես է եկել պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնի վարիչ, ֆ.մ.գ.դ., պրոֆեսոր Արշակ Վարդանյանը:
Խոսելով գիտաժողովին մասնակցելու կարևորությունից՝ պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնի վարիչն ասաց, որ այն հնարավորություն է ընձեռում հաստատելու նոր շփումներ և ստեղծելու նոր ծրագրեր։
Անդրադառնալով գիտաժողովին ներկայացրած իր «Բևեռային տակդիրով գրաֆենում Ֆրյոլիխի պոլարոնի միջանկյալ փոխազդեցության տեսություն» թեմային և դրա արդիականությանը՝ պրոֆեսորը նշեց. «Ներկայում չափազանց մեծ է գրաֆենի և երկչափ տարբեր բյուրեղների նկատմամբ հետաքրքրությունը։ Ենթադրվում է, որ գրաֆենը կիսահաղորդչային արդյունաբերության մեջ կարող է փոխարինել սիլիցիումին, ուստիև այն կոչվում է «ապագայի նյութ։ Գրաֆենի հատկությունները դեռևս լիարժեք ուսումնասիրված չեն»։
Պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնի դոցենտ Աննա Ասատրյանի ներկայացրած «Էքսիտոն-ֆոնոն փոխազդեցությունը էլիպսաձև միջուկ-թաղանթ քվանտային կետերում. ռեզոնանսային ռամանյան ցրում» աշխատանքը նվիրված էր կոլոիդային քվանտային կետերում էքսիտոնային նուրբ կառուցվածքով պայմանավորված ռամանյան շեղման ուսումնասիրմանը։
Հատկանշական է, որ գիտաժողովին «Ֆոնոններով միջնորդված օպտիկական կլանումը նանոլարերում՝ սպին-ուղեծրային փոխազդեցության հաշվառմամբ» թեմայով ելույթ է ունեցել նույն ամբիոնի ասպիրանտ Տիգրան Ղուկասյանը: Պրոֆեսորի կարծիքով՝ կարևոր և միևնույն ժամանակ ողջունելի է ասպիրանտների մասնակցությունը նմանատիպ լայնամասշտաբ գիտաժողովներին: