- Main
- Node
- ԵՊՀ ԼՍԱՐԱՆՆ ԱՆՎԱՆԱԿՈՉՎԵՑ ՄԵԾ ԳԻՏՆԱԿԱՆԻ ԱՆՈՒՆՈՎ
September 16, 2022 | 15:40
Կրթություն
ԵՊՀ ԼՍԱՐԱՆՆ ԱՆՎԱՆԱԿՈՉՎԵՑ ՄԵԾ ԳԻՏՆԱԿԱՆԻ ԱՆՈՒՆՈՎ
Արևելագիտության ֆակուլտետն այսուհետ ունի ֆակուլտետի նախկին դեկան, պրոֆեսոր Մերի Քոչարի անունով լսարան, որը բացեցին դեկան Ռուբեն Մելքոնյանը և Մերի Քոչարի թոռնուհին՝ Մերի Ադիբեկյանը:
Պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը, արժևորելով Մերի Քոչարի ունեցած դերը ֆակուլտետի և արևելագիտության զարգացման գործում, նշեց. «Կարծում եմ՝ այս լսարանի բացումը մեր երախտագիտության ուշացած խոսքն է, պրոֆեսորը ֆակուլտետին տվել է նոր շունչ և յուրահատուկ ոճ: Այսօրվանից Մերի Քոչարի ներկայությունը ֆակուլտետում առավել կընդգծվի. ուսանողները, ամեն օր տեսնելով և ուսումնասիրելով գիտնականի աշխատությունները, ոգեշնչվելու են և ձգտեն լավագույնս ճանաչելու մեծանուն արևելագետին և շարունակելու նրա գիտական ուղին»։
Ելույթով հանդես եկավ նաև պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը՝ մատնանշելով Մ. Քոչարի ազգանվեր և համարձակ նկարագիրը, որը դրսևորվել է նրա գիտական, կրթական և հասարակական գործունեության մեջ, առավել ցայտուն՝ Արցախյան շարժման ժամանակ:
Լսարանի բացման մասնակիցները ներկայացրին Մերի Քոչարի գիտական ուղին և ձեռքբերումները, պատմեցին հետաքրքիր դրվագներ՝ ֆակուլտետի գիտական-աշխատանքային մթնոլորտից, վերարժևորեցին նրա գիտական վաստակը:
Մեծանուն գիտնականի թոռնուհին՝ Մերի Ադիբեկյանը, ընդգծեց. «Այսօր ես նորովի ճանաչեցի տատիկիս: Հետայսու բոլորովին նոր լույսի ներքո եմ ուսումնասիրելու նրան՝ թե՛ որպես գիտնականի, թե՛ որպես անհատականության: Այստեղ հնչած ելույթներն ինձ համար շատ թանկ և կարևոր են. դրանք դառնալու են իմ գիտական գործունեության ուղենիշը»։
Նշենք, որ լսարանը կահավորված է ժամանակակից տեխնիկայով: Ստեղծվել է նաև փոքր գրադարան, որտեղ ցուցադրված է լուսահոգի պրոֆեսորի մասնագիտական (թուրքագիտական) գրադարանի մի մասը: