- Main
- Node
- ԵՊՀ-ՈՒՄ ԱՄՓՈՓՎԵՑԻՆ «Ի՞ՆՉ Է ՄՏԱԾՈՒՄ ՍՓՅՈՒՌՔԸ 21-ՐԴ ԴԱՐՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
September 22, 2022 | 17:56
Կրթություն
Հասարակություն
ԵՊՀ-ՈՒՄ ԱՄՓՈՓՎԵՑԻՆ «Ի՞ՆՉ Է ՄՏԱԾՈՒՄ ՍՓՅՈՒՌՔԸ 21-ՐԴ ԴԱՐՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում (ISTC) տեղի ունեցած միջոցառման ժամանակ ծավալվեցին Հայկական սփյուռքին առնչվող առանցքային թեմաների վերաբերյալ քննարկումներ։
«Հայկական սփյուռքի հետազոտություն» (The Armenian Diaspora Survey) ծրագրի շրջանակում ուսումնասիրվել են Սփյուռքի հանրության տեսակետները, հայկական համայնքների խնդիրներն ու մտածելակերպի առանձնահատկությունները։ Ուսումնասիրությունը կատարվել է 2018-2022 թվականներին 10 երկրների 40 համայնքներում՝ ընդգրկելով ավելի քան 13000 սփյուռքահայի։
«Ի՞նչ է մտածում Սփյուռքը 21-րդ դարում» թեմայով հետազոտությունները նվիրված են Սփյուռքի կյանքին առնչվող առանցքային թեմաներին՝ ինքնությանը, լեզվին, մշակույթին, եկեղեցուն, հասարակական կյանքին և Հայաստանի հետ կապերին:
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, կարևորելով այսօրինակ փաստահենք հետազոտությունների դերը, նշեց, որ համալսարանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու ծրագրի իրագործմանը կազմակերպական հարցերում՝ միաժամանակ տրամադրելով հարթակ, որտեղ կներկայացվեն կատարված հետազոտությունների արդյունքները։
ԵՊՀ ռեկտորը, ընդգծելով համալսարանի՝ գիտական գործունեություն ծավալող աշխատակիցների ու ասպիրանտների գնահատված լինելու և առհասարակ հետազոտական աշխատանքի կարևորության փաստը, ասաց․ «Այսօրինակ ծրագրերը մեծապես նպաստում են ԵՊՀ-ում գիտական մտքի զարգացմանը, ուստի դրանք շարունակական են լինելու։ Մենք խրախուսում ենք ԵՊՀ աշխատակիցների և ասպիրանտների՝ բարձր վարկանիշ ունեցող գիտական ամսագրերում հոդվածներ տպագրելը, ինչը նպաստում է ՀՀ-ում գիտության զարգացմանը և հայ գիտական մտքի միջազգայնացմանը՝ միաժամանակ ստեղծելով նաև ֆինանսական կայունություն հոդվածագիրների համար»,- ասաց Հ. Հովհաննիսյանը։
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հայկական համայնքների բաժանմունքի տնօրեն Ռազմիկ Փանոսյանն արժևորեց կատարված հետազոտությունները և դրանց կիրառելիությունը գիտության մեջ:
«Սփյուռքի հետ կապված այս հսկայածավալ տեղեկատվությունը կարող է նոր ուսումնասիրությունների հիմք դառնալ։ Այն շատ կարևոր է հատկապես ակադեմիական համայնքի ներկայացուցիչների և հետազոտողների համար»,- նշեց Ռ. Փանոսյանը։
«Հայկական սփյուռքի հետազոտություն» (ՀՍՀ) ծրագրի ղեկավար, Օքսֆորդի համալսարանի դասախոս, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր Հրաչ Չիլինգիրյանը նշեց, որ կատարված հետազոտության նպատակը սահմանվել էր դեռևս 2017 թվականին, որից հետո մշակվել էր դրա իրականացման գործիքակազմը: Հ. Չիլինգիրյանը հավելեց, որ հետազոտությանը մասնակցել են Սփյուռքում ապրող, 16 տարին լրացած անձինք:
Խոսելով հետազոտության արդյունքների կիրառական նշանակությունից՝ Հ. Չիլինգարյանն ասաց. «Հետազոտությունը կարևոր է հանրությանը և համայնքների առաջնորդներին օգտակար տվյալներ հաղորդելու առումով: Վստահաբար կարող եմ ասել, որ սա պարզապես մարդահամար կամ էթնոգրաֆիկ ուսումնասիրություն չէ, այլ Սփյուռքում ապրող մարդկանց՝ տարբեր հարցերի շուրջ ունեցած կարծիքների վերաբերյալ հետազոտություն։ Հարկ է նշել, որ վերջին տասնամյակում նմանատիպ լայնամասշտաբ ուսումնասիրություն չէր իրականացվել, և սա, կարելի է ասել, իր տեսակով առաջինն էր»:
ԵՊՀ պատմության ֆակուլտետի մշակութաբանության ամբիոնի դասախոս, պ.գ.թ., դոցենտ, սոցիալ-մշակութային մարդաբան Յուլիա Անտոնյանը, մեզ հետ զրույցում խոսելով «Կրոն, եկեղեցի» թեմայով իր զեկուցումից, ասաց. «Կարծում եմ՝ այս տվյալները շատ կարևոր են Սփյուռքն ուսումնասիրելու տեսանկյունից: Դրանք որոշակի հարցեր են առաջ բերում, որոնց պատասխանները գտնելու համար պետք է իրականացնել խոր ուսումնասիրություն»:
ՀՍՀ մեթոդաբանության խորհրդատու, սոցիոլոգ, ս.գ.թ․ Հայկ Գյուզալյանը ներկայացրեց «Համայնքային կյանք և կառույցներ» թեմայով զեկուցման մեջ առկա վիճակագրական տվյալները: Կարևորելով հետազոտական աշխատանքում ներգրավված համալսարանականների դերը՝ Հ. Գյուզալյանը նշեց. «Համալսարանի սոցիոլոգները մասնագիական փայլուն գիտելիքներ ունեն, և դա լավագույնս երևում է նման հետազոտություններ իրականացնելիս»:
ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի դոկտոր, սոցիալ-մշակութային մարդաբան Գայանե Շագոյանն իր ելույթում անդրադարձավ Սփյուռքի և Հայաստանի միջև առկա կապերին, ինչպես նաև տարբեր երկրների հայկական համայնքների մի շարք հարցերի վերաբերյալ փոխընկալումներին:
Իրենց կատարած հետազոտությունների արդյունքներն առցանց տարբերակով ներկայացրին նաև ՀՍՀ ղեկավար Հրաչ Չիլինգիրյանը, հասարակաբան, Միչիգանի համալսարանի դոկտոր Վահե Սահակյանը (թեմա՝ «Ինքնություն, լեզու և մշակույթ»)։
Նշենք, որ ծրագիրը նախաձեռնել էր «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հայկական համայնքների բաժանմունքը, իսկ ուսումնասիրությունն իրականացրել են Լոնդոնի հայկական ինստիտուտի, ինչպես նաև մի խումբ այլ գիտնականներ ու փորձագետներ։ Հետազոտության արդյունքներն ամփոփվեցին Երևանի պետական համալսարանում, որտեղ կազմակերպված միջոցառմանը ներկա էին համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ և հրավիրյալ այլ անձինք։