- Main
- Node
- ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՆԵՐԸ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՍՏԵՂԾՈՒՄ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
September 23, 2022 | 16:38
Կրթություն
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՆԵՐԸ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՍՏԵՂԾՈՒՄ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
«Մեդիա և տեղեկատվական իրավունք» մագիստրոսական ծրագրի շրջանակում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ այցելեց «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային ծրագրի տնօրենի տեղակալ Մաթիաս Հեսպեն՝ հետագա համագործակցությունների հեռանկարները, ինչպես նաև վերոնշյալ կրթական ծրագրի ուսանողներից երկուսին կրթաթոշակ տրամադրելու հարցը քննարկելու։
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը մեզ հետ զրույցում կարևորեց հիմնադրամի հետ համագործակցությունը և փաստեց, որ «Մեդիա և տեղեկատվական իրավունք» մագիստրոսական ծրագիրն ստեղծվել է ԵՊՀ իրավագիտության ու ժուռնալիստիկայի ֆակուլտետների և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի համատեղ ջանքերի շնորհիվ:
«Գաղտնիք չէ, որ ցանկացած ոլորտում, մասնավորապես լրագրողական գործունեության մեջ առանցքային դեր ունի իրավական բաղադրիչը: Մենք անում ենք ամեն ինչ, որ միջազգային կապերի ընդլայնման շնորհիվ կարողանանք հասնել Երևանի պետական համալսարանի միջազգայնացմանը: Այս մագիստրոսական ծրագիրն ուսանողներին հնարավորություն կընձեռի ոչ միայն մասնակցելու վերապատրաստումների, միջազգային ու միջբուհական մրցույթների, այլև կպատրաստի իրավական ուղղվածությամբ մասնագիտացված լրագրողներ»,- ասաց Գ. Ղազինյանը:
«Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի տարածաշրջանային ծրագրի տնօրենի տեղակալ Մաթիաս Հեսպեն միջոցառման ընթացքում հայտարարեց ընտրված լավագույն երկու մագիստրանտներին կրթաթոշակ շնորհելու մասին:
«Այս ֆակուլտետների հետ մեր հիմնադրամը վաղուց է համագործակցում, սակայն մագիտրոսական ծրագրի շրջանակում մեր գործընկերությունն առանձնահատուկ և կարևոր է նրանով, որ ուսանողները, ձեռք բերելով համապատասխան գիտելիքներ, դրանք կծառայեցնեն՝ ի շահ պետության»,- հավելեց Մ․ Հեսպեն։
«Մեդիա և տեղեկատվական իրավունք» մագիստրոսական ծրագրի ուսանող, «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի կրթաթոշակակիր Քրիստինե Մելքոնյանը մեզ հետ զրույցում ասաց. «Ծրագիրն անչափ հետաքրքիր է, դասերն ուղեկցվում են քննարկումներով և բանավեճերով, որոնք սովորողներին հնարավորություն են տալիս իրենց ուսումնասիրած ծրագրի վերաբերյալ ավելի առարկայական պատկերացում ունենալու»:
«Մեդիա և տեղեկատվական իրավունք» մագիստրոսական ծրագրի ուսանող Մերի Մանուկյանը վստահ է՝ այս ծրագիրը կարևոր ազդեցություն կունենա հատկապես լրագրողների կայացման գործում, և ծրագրի շրջանակում ձեռք բերված գիտելիքները լավագույնս կկիրառվեն ոլորտում աշխատելիս։
«Որպես լրագրող աշխատելիս բացթողումներ եմ ունեցել օրենքը չիմանալու կամ թերի իմանալու պատճառով: Սա հրաշալի ծրագիր է. օրենքի ուսումնասիրությունը, իմացությունը և ճիշտ մեկնաբանությունը լրագրողի համար կարևորագույն նշանակություն ունեն»,- ասաց Մ. Մանուկյանը:
Հավելենք, որ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում ժուռնալիստիկայի ֆակուլտետի հետ համագործակցությամբ և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի աջակցությամբ ներդրված «Մեդիա և տեղեկատվական իրավունք» միջառարկայական մագիստրոսական ծրագրին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3dzZwk6: