- Main
- Node
- ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂ» ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԸ
September 26, 2022 | 11:48
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂ» ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԸ
Հարգելի՛ ուսանողներ, տեղեկացնում ենք, որ մեկնարկել է «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթը, որի նպատակն է խրախուսել ՀՀ բուհերի՝ բարձր առաջադիմություն ունեցող և գիտահետազոտական, ստեղծագործական, ուսանողական ինքնակառավարման և սպորտի ասպարեզներում ակտիվ գործունեություն ծավալող ուսանողներին։
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ ներբուհական և միջբուհական (հանրապետական), բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով` ըստ հետևյալ ոլորտների.
1) բնագիտական (այդ թվում` մաթեմատիկական-տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաներ (ՏՀՏ),
2) բժշկություն,
3) հումանիտար գիտություններ,
4) հասարակագիտություն,
5) ճարտարագիտություն (այդ թվում` ճարտարապետական/ գյուղատնտեսական),
6) մշակույթ-սպորտ.
7) հայագիտություն:
Մրցույթի առաջին՝ ներբուհական փուլի կազմակերպման նպատակով, ԵՊՀ ռեկտորի հրամանի համաձայն, ստեղծվել է համապատասխան հանձնաժողով՝ ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանի գլխավորությամբ, վարչական և դասախոսական կազմի ու ուսանողական կազմակերպությունների ներկայացուցիչների ներգրավմամբ:
Մրցույթին կարող են մասնակցել առկա ուսուցմամբ բակալավրիատի 2-4-րդ կուրսերի, իսկ մագիստրոսի կրթական ծրագրով` առաջին կիսամյակն ավարտած ուսանողները: ԵՊՀ-ի ներբուհական փուլին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել դիմում-հայտը և կցել անհրաժեշտ փաստաթղթերը՝
- առաջադիմության թերթիկ (ՄՈԳ),
- հրապարակումների ցուցակ (հաստատված դեկանի և պրոռեկտորի ստորագրությամբ),
- գիտական աշխատանքներ կատարելու ունակությունը հաստատող այլ փաստաթղթեր,
- հասարակական ակտիվությունը հաստատող փաստաթղթեր (տեղեկանքներ, բնութագրեր),
- քաղվածք գիտխորհրդի նիստի արձանագրությունից (մրցույթին առաջադրելու մասին),
- բնութագիր (բնութագրեր),
- ստեղծագործական մրցույթների, օլիմպիադաների մասնակցությունը հավաստող փաստաթղթեր,
- այլ փաստաթղթեր։
Լրացված դիմում-հայտը պահանջվող փաստաթղթերի հետ միասին մինչև 2022 թ․-ի հոկտեմբերի 7-ը՝ ժամը 16:00-ն, անհրաժեշտ է ներկայացնել ԵՊՀ ընդհանուր բաժին (կենտրոնական մասնաշենք՝ 2-րդ հարկ՝ 207 սենյակ):