ԱՄՐԱՊՆԴՎՈՒՄ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ-Ի ԵՎ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻՋԵՎ․ ՈՒՍԽՈՐՀՐԴԱԿԱՆՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԷԻՆ ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողները մասնակցել են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (ՄՊՀ) գործունեության և կառուցվածքի վերաբերյալ սեմինար-քննարկման: Այցի նպատակը մասնագիտական կառույցի գործառույթների վերաբերյալ ուսանողների իրազեկվածության մակարդակը բարձրացնելն էր։
![familiarization-visit-to-the-Competition-Protection-Commission](/sites/default/files/styles/large_slide/public/migrated/images/76Smx2ZLrQp3iZX0J7rCbgIOiv.jpg?h=bccd1fa5&itok=uKIHbhxu)
Ճանաչողական այցը կազմակերպվել էր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնի դոցենտ, ՄՊՀ անդամ, ի.գ.թ. Տիգրան Մարկոսյանի և իրավագիտության ֆակուլտետի ՈՒԽ-ի համատեղ նախաձեռնությամբ։
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը հույս է հայտնել, որ նման ճանաչողական այցերն օգտակար ու ուսանելի կլինեն և կոգևորեն ուսանողներից շատերին՝ հետագայում մասնագիտանալու մրցակցային իրավունքի ուղղությամբ: Նա նաև նշել է, որ հանձնաժողովում ուսանողները կարող են պրակտիկա անցնել՝ իրենց փորձնական հմտությունները զարգացնելու նպատակով, աշխատել որպես փորձնակ և հետագայում հնարավորություն ստանալ համալրելու ՄՊՀ մասնագիտական թիմի շարքերը: Գեղամ Գևորգյանը ուսանողներին ծանոթացրել է տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտում իրականացված կարևոր օրենսդրական փոփոխություններին։
ԵՊՀ դոցենտ Տ․ Մարկոսյանն ուսանողներին ներկայացրել է ՄՊՀ-ի գործունեության հիմնական ուղղությունները:
Անդրադառնալով երկու կառույցների միջև առկա համագործակցության հաջող ընթացքին՝ բանախոսը նշել է. «ՄՊՀ-ն մշտապես համագործակցում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողական խորհրդի հետ և աջակցում լավագույն ուսանողներին ինչպես մասնագիտական պրակտիկայի կազմակերպման, այնպես էլ աշխատանք գտնելու հարցերում։ Ուրախալի է այն փաստը, որ համագործակցության շնորհիվ բարձրացել է ուսանողության և առհասարակ հանրության իրազեկվածության մակարդակը` ՄՊՀ-ի գործունեության վերաբերյալ»։
Հանդիպման ընթացքում ուսանողները կատարել են մասնագիտական հարցադրումներ՝ ստանալով սպառիչ և բովանդակալից պատասխաններ: Հարցուպատասխանին հաջորդել է ՄՊՀ նիստ, որտեղ քննարկվել են այնպիսի թեմաներ, որոնք նպաստում են մասնակիցների՝ տնտեսվարող սուբյեկտների, մտավոր սեփականության, ապրանքանիշների և այլ թեմաների վերաբերյալ մասնագիտական գիտելիքների ձեռքբերմանը:
Նշենք, որ պարբերաբար կազմակերպվող ճանաչողական այցերը, սեմինար-քննարկումները, դասախոսություններն ու այդօրինակ այլ նախաձեռնություններ նպաստում են ոչ միայն ուսանողների տեսական գիտելիքների հարստացմանը, այլև գործնականում դրանք կիրառելուն և առհասարակ մասնագիտական հմտությունները զարգացնելուն։