- Main
- Node
- «ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԹԱԿԱՆ ԿԱՐԾՐԱՏԻՊԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ԸՆՁԵՌՈՒՄ»․ ՄԵՐԻ ՓԱՆՈՍՅԱՆ
October 04, 2022 | 08:53
Կրթություն
Գիտություն
Ուսանողական
«ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԹԱԿԱՆ ԿԱՐԾՐԱՏԻՊԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ԸՆՁԵՌՈՒՄ»․ ՄԵՐԻ ՓԱՆՈՍՅԱՆ
ԵՊՀ մեծ դահլիճում տեղի ունեցավ ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության (ՈՒԳԸ) միջազգային երիտասարդական 8-րդ գիտաժողովի բացման արարողությունը: Գիտաժողովն այս տարի նվիրված է ՈՒԳԸ հիմնադրման 75-ամյակին:
Բացման արարողության սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհած հերոսների հիշատակը։ Հնչեց ՀՀ պետական օրհներգը, ապա ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի սաները կատարեցին ԵՊՀ հիմներգը:
Հոկտեմբերի 3-ից 7-ն անցկացվող գիտաժողովը հնարավորություն է ընձեռում ուսանողներին, ասպիրանտներին և երիտասարդ գիտնականներին ներկայացնելու իրենց գիտական հետազոտության արդյունքները ակադեմիական լսարանին, ինչպես նաև կապեր հաստատելու Հայաստանի և օտարերկրյա հետազոտողների միջև:
Շնորհավորելով ներկաներին միջազգային գիտաժողովի հոբելյանական բացման արարողության կապակցությամբ՝ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը կարևորեց ուսանողական կառույցի դերն ու նշանակությունը: Հ. Հովհաննիսյանը մատնանշեց, որ կառույցն ուսանողների, ասպիրանտների և երիտասարդ գիտնականների համար ուղի է հարթում դեպի գիտություն։
«Ողջունելի է այն փաստը, որ գիտաժողովին մասնակցության մեծաքանակ հայտեր են ներկայացվել։ Սա ցուցիչն է այն բանի, որ ՈՒԳԸ կազմակերպած գիտաժողովների նկատմամբ հետաքրքրությունը տարեցտարի մեծանում է: Գիտաժողովը մասնակիցներին տարբեր տեսանկյուններից լայն հնարավորություններ է ընձեռում. այն մեծ փորձառություն է հատկապես ասպիրանտների համար, որոնք, մասնակցելով գիտաժողովին և դրա շրջանակում կազմակերպվող քննարկումների, կարելի է ասել, պատրաստվում են իրենց ատենախոսությունների պաշտպանությանը»,- ասաց Հ․ Հովհաննիսյանը։
ԵՊՀ ռեկտորն իր խոսքում կարևորեց նաև այն, որ ՈՒԳԸ-ն հրատարակում է գիտական հոդվածների ժողովածու, ինչը նպաստում է հոդվածագիրների ճանաչելի դառնալուն:
«ԵՊՀ–ում կարևորվում է միջազգային գիտական պարբերականներում հոդվածներ տպագրելը: Այս տեսանկյունից էական դեր ունի «ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու» պարբերականում հոդվածներ հրատարակելը, քանի որ այն դեպի միջազգային ճանաչում ունեցող ամսագրեր տանող ուղիներից մեկն է»,- նշեց ԵՊՀ ռեկտորը:
Իր ելույթում ռեկտրոն ընդգծեց «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» (ARMDOCT) նախագծի շրջանակում ԵՊՀ-ում բացված, տեխնիկապես գերհագեցած լսարանի դերը, որտեղ գործելու է ակադեմիական գրագրության կենտրոն: Ռեկտորի խոսքով՝ կենտրոնի խորհրդատուն օգնելու է ասպիրանտներին հետազոտական աշխատանք կատարելիս։
Ամփոփելով խոսքը՝ Հ. Հովհաննիսյանը գնահատանքի խոսք ասաց ՈՒԳԸ նախագահ Մերի Փանոսյանին, կառույցում իրենց ուրույն տեղն ու դերն ունեցող անդամներին, որոնք ջանք չեն խնայել գիտաժողովի կայացման գործում:
ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը, խոսելով ուսանողական կառույցի դերից, փաստեց. «ՈՒԳԸ-ն 75 տարիների ընթացքում ձեռքբերումներ է ունեցել այն ուսանողների շնորհիվ, որոնք հասարակական-գիտական գրծունեություն են ծավալում կառույցում։ Լիահույս եմ, որ նրանք էլ ավելի նվիրված կաշխատեն և կնպաստեն ՈՒԳԸ զարգացմանն ու առաջընթացին»:
ԵՊՀ ՈՒԳԸ նախագահ Մերի Փանոսյանը, պատմական ակնարկ կատարելով ՈՒԳԸ հիմնադրման պատմությանը, անդրադարձավ կառույցի գործառույթներին և դրա ունեցած դերին։
«ԵՊՀ ՈՒԳԸ-ն իր գործունեության ընթացքում պարբերաբար կազմակերպում է գիտական միջոցառումներ, որոնցից առանձնահատուկ նշանակություն ունի ամենամյա գիտական նստաշրջանը: Գիտաժողովի արդյունքը «ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու» պարբերականն է: Սա ՈՒԳԸ-ի ոչ միայն բովանդակային հիմքն է, այլև ուսանողական կառույցի աշխատանքի գլխավոր ցուցիչը։ Վստահորեն կարող եմ ասել, որ սա այն առանձնահատկությունն է, որով ՈՒԳԸ-ն տարբերվում է ուսանողական մյուս կառույցներից»,- նշեց Մ․ Փանոսյանը։
ՈՒԳԸ նախագահը շնորհակալություն հայտնեց բոլոր այն ՈՒԳԸ-ականներին, որոնք իրենց գործունեությամբ նպաստել են կառույցի կայացմանն ու բարձր պահել վերջինիս անունը:
«ՈՒԳԸ-ն հնարավորություն է ընձեռում ինքնակրթվելու, կրթական կարծրատիպերի սահմանափակումներից դուրս գալու, և, ի վերջո օժանդակում որակյալ մասնագետ դառնալու ճանապարհին։ Դա է փաստում այն, որ մշտապես մեր կողքին են ականավոր գիտնականներ ու մտավորականներ՝ ի դեմս ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի»,- իր խոսքը եզրափակեց Մ․ Փանոսյանը։
Գիտաժողովի բացման հանդիսավոր արարողության մշակութային հատվածը կազմակերպել էր ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնը: Կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը մեզ հետ զրույցում խոսեց կենտրոնի՝ լայնամասշտաբ միջոցառումներ կազմակերպելու հարցում ցուցաբերած մեծ պատրաստակամությունից:
«Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնը հիմնադրումից ի վեր ունի նպատակ, այն է՝ վստահված միջոցառումներն իրականացնել բարձր մակարդակով և հավուր պատշաճի: Կենտրոնը պատրաստակամ է կազմակերպելու ոչ միայն ուսանողական կառույցների նախաձեռնած, այլև համալսարանում առհասարակ կազմակերպվող ցանկացած միջոցառում: Մշակույթի կենտրոնն իր գործունեությամբ ցույց է տալիս, որ յուրաքանչյուր միջոցառում պետք է կազմակերպվի ամենայն պատասխանատվությամբ և նվիրումով»,- ընդգծեց կենտրոնի տնօրեն Կ. Դավթյանը:
Գիտաժողովի բացման արարողությանը հաջորդեց Գիտության փառատոն, որի ընթացքում ԵՊՀ նախասրահում քիմիայի և ֆիզիկայի ֆակուլտետների ՈՒԳԸ-ականները կազմակերպեցին գիտափորձերի ցուցադրություն:
Ընդգծենք, որ գիտաժողովին ներկայացվել է 296 դիմում-հայտ, որոնցից մասնագիտական գրախոսության փուլը հաղթահարել են միայն 156-ը, այդ թվում՝ 8 երկրի 22 երիտասարդ գիտնականների դիմում-հայտեր։