- Main
- Node
- ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՆԵՐԴՐՈՒՄ ԿՈՒՆԵՆԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՐԹԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ
November 07, 2022 | 15:26
Կրթություն
Հասարակություն
Ուսանողական
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՆԵՐԴՐՈՒՄ ԿՈՒՆԵՆԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՐԹԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ
ԵՊՀ-ում տրվեց համալսարանի և «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հինադրամի համագործակցության շրջանակում կազմակերպվող հանդիպումների մեկնարկը։
Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում այսօր անցկացված հանդիպմանը ԵՊՀ տնտեսագիտության և բնագիտամաթեմատիկական ֆակուլտետների ուսանողները ծանոթացան ուսուցիչների առաջնորդության երկամյա ծրագրին։
Կարևորելով նորավարտ ուսանողների ներգրավվածությունը դասավանդման գործընթացում՝ ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի հետ համատեղ կազմակերպում է ֆակուլտետային հանդիպումների շարք ԵՊՀ ավարտական կուրսի ուսանողների համար։
Համաձայն վերոնշյալ ծրագրի՝ «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը, հավաքագրելով բակալավրի կրթական աստիճան ունեցող տարբեր մասնագետների և վերապատրաստելով նրանց, երկու տարով գործուղում է ՀՀ և ԱՀ այն համայնքներ, որտեղ տվյալ մասնագիտացմամբ ուսուցչի պահանջ կա։
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ներկայացուցիչ Արուսյակ Սահակյանը մեզ հետ զրույցում ասաց՝ այս համագործակցությունն առանձնանում է նրանով, որ ուսանողներին հնարավորություն է տրվում աշխատելու ոչ միայն Երևանում, այլև ՀՀ մարզերում:
Հիմնադրամի ներկայացուցիչների խոսքով՝ ծրագիրն այն երիտասարդների համար է, որոնք հավատում են, որ իրենց մասնագիտական և առաջնորդական ներուժը բացահայտելով՝ սեփական ներդրումը կունենան կրթական խնդիրների լուծման գործում։«Դասավանդի՛ր, Հայաստանի» համալսարանական հավաքագրման մասնագետ Արևիկ Պռազյանը շեշտեց, որ հիմնադրամը, առանցքային համարելով երիտասարդների շարունակական ինքնակրթությունն ու հմտությունների զարգացումը, իր մասնագետներին նաև հընթացս վերապատրաստում է՝ օգնելով նրանց դառնալ պահանջված և մրցակցային մասնագետ՝ ստեղծել հեռանկարային կարիերա։
Նշենք, որ հիմնադրամը տրամադրում է կրթաթոշակ բնագիտամաթեմատիկական և ՏՏ ուղղվածություն ունեցող ֆակուլտետների ուսանողների համար՝ անկախ նրանից՝ ուսանողը վճարովի, թե անվճար համակարգում է սովորում: Այն ուսանողները, որոնք ցանկանում են համագործակցել «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի հետ, կարող են դիմել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոն: