- Main
- Node
- ԵՊՀ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ
November 09, 2022 | 15:57
Կրթություն
Հասարակություն
ԵՊՀ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում տեղի ունեցավ հանդիպում Սեյսմիկ ռիսկի գլոբալ մոնիթորինգի միջազգային կենտրոնի տնօրեն, ֆ.մ.գ.դ. Սամվել Հակոբյանի հետ՝ քննարկելու երկկողմ համագործակցության հեռանկարները։
Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը մշտապես աշխատում է տարբեր ձեռնարկությունների ու հիմնարկների հետ համագործակցային հարաբերություններ ձեռք բերելու ուղղությամբ՝ այդպիսով ֆակուլտետի ուսանողների համար ստեղծելով կարիերայի և աշխատանքի նոր հնարավորություններ:
Ֆակուլտետի դեկան, ե․գ․թ․, դոցենտ Մարատ Գրիգորյանն ընդգծեց, որ անչափ կարևոր է ունենալ տվյալ մասնագիտացմամբ որակյալ մասնագետներ երկրի սեյսմիկ ռիսկերի գնահատման աշխատանքներ կատարելու համար:
Մեզ հետ զրույցում Մ. Գրիգորյանը նշեց, որ երկկողմ համագործակցության շնորհիվ ուսանողները նորաբաց կենտրոնում կանցնեն պրակտիկա, որի համար կվարձատրվեն, ապա հնարավորություն կունենան աշխատանքի ընդունվելու: Մ. Գրիգորյանը հավելեց, որ համագործակցության շրջանակում գործընկերները կկազմակերպեն փոխադարձ դասախոսություններ, համատեղ կկատարեն գիտական ուսումնասիրություններ:
Սեյսմիկ ռիսկի գլոբալ մոնիթորինգի միջազգային կենտրոնի տնօրեն, ֆ.մ.գ.դ. Սամվել Հակոբյանը ներկայացրեց նորաստեղծ կազմակերպության հիմնական խնդիրները, իրենց աշխատանքի բնույթը և կարևորություն երկրաբանության, երկրաֆիզիկայի, մաթեմատիկայի և ֆիզիկայի բնագավառներում:
Անդրադառնալով Երևանի պետական համալսարանի հետ համագործակցությանը՝ նա վստահեցրեց, որ ԵՊՀ-ն գիտակրթական լավագույն կենտրոնն է: Ս. Հակոբյանի հավաստմամբ՝ երկկողմ համագործակցությունը կնպաստի սեյսմիկ ռիսկերի խնդիրների նվազմանը:
Նշենք, որ հանդիպմանը ներկա էին ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, շրջանավարտներ, որոնք հանդիպման վերջում բանախոսին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը: