- Main
- Node
- ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԴՊՐՈՑԸ
November 10, 2022 | 15:38
Կրթություն
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԴՊՐՈՑԸ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում անցկացվող աշնանային երկօրյա դպրոցը «Քրեական իրավունք» և «Քրեական դատավարություն» թեմաներով է: Դպրոցի նպատակն է երիտասարդներին ներկայացնել քրեական նոր օրենսգրքի և քրեական դատավարության նոր օրենսգրքի նորարարությունները, ներդրված նոր ինստիտուտների կարգավորումները, ինչպես նաև համեմատությունը ԳԴՀ օրենսդրության հետ:
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում ավանդույթ դարձած ամենամյա աշնանային դպրոցներն անցկացվում են տարբեր թեմաներով։ Հաշվի առնելով քրեական ոլորտի արդարադատության վերափոխմանն ուղղված միջոցառումները և օրենսդրության փոփոխությունը՝ այս տարի որպես աշնանային դպրոցի թեմա ընտրվել է քրեական և քրեական դատավարության իրավունքի հիմնախնդիրները, այդ թվում՝ քրեական օրենքի հետադարձ ուժ, ապացույցներ, ապացույցների գնահատում և այլն:
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան, ի.գ.դ., պրոֆեսոր, ԳԱԱ ակադեմիկոս Գագիկ Ղազինյանը, շնորհավորելով Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամին հիմնադրման 30-ամյակի կապակցությամբ, հույս հայտնեց, որ երկկողմ համագործակցությունը երկար ճանապարհ կանցնի:
Դպրոցի շրջանակում կազմակերպվում են տարաբնույթ քննարկումներ, ինչպես նաև հայ և գերմանացի գիտնականները առաջարկում են լուծումներ հիմնախնդիրների համար։ Ի դեպ, գերմանացի գործընկերները դպրոցին միանում են առցանց տարբերակով: Նրանք դատավորներ են, որոնք անդրադառնում են թե՛ տեսական, թե՛ գործնական հիմնախնդիրներին. այսպիսով՝ ուսանողները հնարավորություն են ունենում ծանոթանալու հայաստանյան և միջազգային փորձին:
ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետի դեկանի տեղակալ, ի.գ.դ., պրոֆեսոր Աննա Մարգարյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ դպրոցին մասնակցելը ուսանողներին տալիս է նոր մտահորիզոն, քննադատական մտածողություն և օրենսդրական բարեփոխումներին նպաստող նոր գաղափարներ ձևավորելու հնարավորություններ: Նա հավելեց, որ քննարկումները չափազանց կարևոր են, քանի որ հնարավորություն են տալիս կապ հաստատելու օտարերկրացի պրոֆեսորների, իրավաբան-գիտնականների ու պրակտիկ իրավաբանների հետ:
Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Նելլի Թումասյանը, ընդգծելով երիտասարդ իրավաբանների վերապատրաստման գործում իրենց աջակցությունը, նշեց, որ իրենք կարևորում են դասընթացին Հայաստանի տարբեր բուհերից ուսանողների մասնակցությունը. միջազգային դպրոցը նաև միջբուհական է. մասնակցում են ոչ միայն ԵՊՀ ուսանողները, այլև Հայաստանում ֆրանսիական համալսարանի, Հայ-ռուսական համալսարանի Եվրասիա միջազգային համալսարանի, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի իրավաբանություն ուսումնասիրող ուսանողները:
Նշենք, որ աշնանային դպրոցից բացի՝ այս համագործակցության շրջանակում յուրաքանչյուր տարի կազմակերպվում է նաև դատախաղ: Դպրոցի կազմակերպիչների խոսքով՝ ուսանողների մասնակցությունը դպրոցին և դրա շրջանակում կազմակերպվող քննարկումներին նախադրյալներ է ստեղծում հետագայում դատախաղին առավել պտրաստված ներկայանալու համար: