- Main
- Node
- ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԲԱՐԵԼԱՎԵԼ ԱՆԳԼԵՐԵՆՈՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼՈՒ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
November 10, 2022 | 16:50
Կրթություն
Գիտություն
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԲԱՐԵԼԱՎԵԼ ԱՆԳԼԵՐԵՆՈՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼՈՒ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ մեկնարկեց «Անգլերենի ակումբ» ծրագիրը: Առաջին դասընթացի բանախոսն էր ի.գ.թ., դոցենտ Տարոն Սիմոնյանը:
«Անգլերենի ակումբը» իրավագիտության ֆակուլտետի ՈՒԽ-ի՝ ամեն կիսամյակ կազմակերպվող ծրագրերից մեկն է: Այս հաղորդակցական ակումբի շրջանակում շաբաթական երկու-երեք անգամ անցկացվող հանդիպումների ժամանակ ուսանողները հրավիրված բանախոսների հետ միասին քննարկում են ինչպես իրավագիտությանը վերաբերող, այնպես էլ տարատեսակ այլ թեմաներ, այդ թվում՝ կեղծ լուրերի, միջազգային իրավունքի ասպարեզում անգլերենի կարևորության, բռնության հետ կապված:
Միջոցառման հրավիրյալ բանախոս, ԵՊՀ պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի դոցենտ, ի.գ.թ Տարոն Սիմոնյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով այս ծրագրի կարևորությանը, ընդգծեց. «Ուսանողներն առաջարկել են ինձ խոսել անգլերենի դերի մասին միջազգային դատախաղ-մրցույթներում կամ տարատեսակ այլ միջոցառումներում, ինչը կնպաստի, որ ուսանողներն ավելի շատ ուշադրություն դարձնեն անգլերենին, որովհետև աշխարհի՝ իրավագիտություն ուսումնասիրող տարբեր բուհերում ժամանակ առ ժամանակ կազմակերպվում են միջբուհական մրցույթներ: Որպեսզի նմանօրինակ մրցույթներում կարողանանք ըստ արժանվույն ներկայանալ, անհրաժեշտ է անգլերենի գերազանց իմացություն: Այս միջոցառման կարևորությունն այն է, որ ուսանողները մեծ ուշադրություն դարձնեն անգլերենի իմացությանը, քանի որ միջազգային այդ լեզվով են նրանց գիտելիքներն առավել տեսանելի և մրցակցային դառնում՝ դրանով իսկ բարձր պահելով ԵՊՀ-ի անունը միջազգային ասպարեզում»:
Խոսելով ծրագրի առանձնահատկությունների մասին՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Մանե Խաչատրյանը նշեց. «Կազմակերպվող հանդիպումների ու դասընթացների ժամանակ ոչ թե զուտ տեղեկատվության փոխանակում է տեղի ունենում, այլ անգլերենով հաղորդակցման արդյունքում անհրաժեշտ տեղեկատվություն է ներկայացվում ուսանողներին: Քանի որ մենք պարբերաբար մասնակցում ենք միջազգային դատական տարբեր խաղերի, այդ նկատառումով ուսումնասիրվող թեմաներում ներառված են իրավական տերմիններ, որոնց ծանոթանում են ակումբի անդամները: Հիմնականում ընտրում ենք այնպիսի թեմաներ, որ դրանց քննարկման շնորհիվ ծանոթացնենք մասնագիտական տերմինաբանությանը: Այն, որ դատախաղերն անցկացվում են անգլերենով, նպաստում է ուսանողների՝ անգլերենով հաղորդակցման հմտությունների բարելավմանը»:
Մ. Խաչատրյանի խոսքով՝ ֆակուլտետում անգլերենը մեծ ուշադրության է արժանանում, և սրան զուգահեռ՝ ոչ ֆորմալ միջավայրում ուսանողների՝ անգլերենի իմացությունը բարելավելը նրանց ավելի մրցունակ մասնագետ է դարձնում աշխատաշուկայում:
Նշենք, որ «Անգլերենի ակումբի» անդամները անգլերենով անցկացվող դատական խաղ-մրցույթերի շնորհիվ ձեռք են բերում ինչպես մասնագիտական նոր հմտություններ, այնպես էլ նոր գիտելիքներ անգլերենից: