ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը կրթական և գիտահետազոտական կառույց է, որը ստեղծվել է Երևանի պետական համալսարանի և Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության արդյունավետ համագործակցության արդյունքում 2006 թ. հուլիսին։
Կենտրոնը, լինելով ԵՄ ուսումնասիրությունների ոլորտում մասնագիտացած կրթական և գիտահետազոտական ինստիտուտ, իր առջև նպատակ է դրել բազմակողմանի և միջառարկայական հետազոտությունների և եվրոպական չափանիշներին համապատասխանող կրթական ծրագրերի իրագործման միջոցով ՀՀ–ԵՄ համագործակցությունը խթանելու և Հայաստանի եվրոպական ինտեգրման գործընթացին նպաստելու:
Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի գործունեությունը ծավալվում է մի քանի հիմնական ուղղվածություններով՝
- կրթություն,
- միջմասնագիտական և նեղմասնագիտական գիտահետազոտական ուսումնասիրություններ,
- փորձագիտական վերլուծություն։
2008 թվականից կենտրոնն իրականացնում է «Եվրոպական ուսումնասիրություններ» միջմասնագիտական մագիստրոսական ծրագիրը, 2010 թվականից՝ «Մարդու իրավունքները և ժողովրդավարացումը Կովկասում» մագիստրոսական ծրագիրը։
Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի բաղկացուցիչ մասերից են հետազոտական աշխատանքները: Կենտրոնի փորձագետները բազմաբնույթ և ամբողջական ուսումնասիրություններ են ծավալում ԵՄ-Հայաստան, ԵՄ-Հարավային Կովկաս համագործակցության ոլորտներում:
Իր նպատակների և գործունեության շրջանակում կենտրոնում գործում է նաև ռեսուրս կենտրոն, որը ներառում է ԵՄ իրավունքի, տնտեսագիտության, քաղաքագիտության, սոցիոլոգիայի և պատմության ոլորտում գրադարանը` թվով 2000–ից ավելի տպագիր գրականություն, որն ամենահարուստն է Հարավային Կովկասում:
Կենտրոնը պատրաստում է մասնագետներ, որոնք ունեն մեծ պահանջարկ պետական և ոչ պետական, ինչպես նաև միջազգային կազմակերպություններում, ԵՄ ինստիտուտներում և կառույցներում։
Կենտրոնի փորձագետների կողմից իրականացվող գիտահետազոտական աշխատանքներում հնարավորություն ունեն ընդգրկվելու ուսանողներ, ասպիրանտներ և գիտական ոլորտում փորձ ունեցող մասնագետներ։ Կենտրոնը բաց է նաև բոլոր այն կամավորների համար, որոնք ունեն որոշակի փորձ և հետաքրքրություն կայքէջերի կառավարման և արտաքին կապերի ամրապնդման ոլորտներում։
Կենտրոնի մասին առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար այցելե՛ք պաշտոնական կայքէջեր՝ www.ces.am, www.regionalmaster.net։
Ֆեյսբուքյան էջեր՝ www.facebook.com/CentreForEuropeanStudiesYSU, www.facebook.com/CEAPMA