1936-1941 թթ. սովորել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետում։
«Դու եղար այն առաջին կետը պատասխանի, որ իր հետագա կյանքով հայ ժողովուրդը տվեց ճակատագրին` ջարդին, եղեռնին ու ավերումին հակադրելով իր կառուցող, խորհող ու ստեղծագործող ոգին: Քո կամարների տակ նոր ուժգնությամբ ղողանջեցին Սանահինի, Գլաձորի և Տաթևի դպրանոցների՝ դարերով համրացած զանգերը: Մովսես Խորենացուց, Դավիթ Անհաղթից, Անանիա Շիրակացուց շառավիղվող մեր գիտական միտքը, հովանավորված պետությամբ ու պետականությամբ, նոր մի փայլատակումով ճառագեց քո տանիքի տակ, Երևանի պետական համալսարան:
Ամենուր են քեզնով սնված ու հարստացված քո շրջանավարտները, Մոսկվայի ֆիզիոլոգիայի ինստիտուտում ու Երևանի հաշվիչ մեքենաների գործարանում, Ղարաբաղյան բարձրաբերձ Տումի գյուղի դպրոցում և Շամշադինի շրջանային թերթի խմբագրությունում, Սուխումի գրական միավորման մեջ և Բյուրականի աստղադիտարանում: Եվ ամենուր նրանք հայրենի ժողովրդին են հաղորդում այն լույսը, որ քեզնից են առել: Ու թեև մեր ժողովուրդը հետագայում շատ ինստիտուտներ ու գիտական հաստատություններ ունեցավ, բայց դու մնացիր ամենից թանկն ու նվիրականը, դո՛ւ առաջնեկը որդիների մեջ, մեր հարազատ համալսարան:
Թող միշտ ծաղկառատ լինեն քո գարունները, որ սկսվում են ամեն աշուն սեպտեմբերին, և թող գիտելիքներով ծանրացած ու պտղավոր լինեն քո աշունները, որ վրա են հասնում ամեն գարուն` պետական քննությունների օրերին:
Թո՛ղ այսուհետև ոչ մի արհավիրք ու պատերազմ չխանգարի քո զանգերի հաջորդականությունը, հարատևես դարե՛ր, և թող 2920 թվականին քո բյուրավոր շրջանավարտներից մեկը նույն լեզվով, բայց առավել գեղեցիկ ողջունի քո 1000-ամյա հոբելյանը»:
ԵՊՀ հիմնադրման 40-ամյա հոբելյանի հանդիսավոր նիստի ելույթից 1961 թ.: