- Main
- Node
- Հաստատվեց «Առողջապահության կառավարում և կազմակերպում» մագիստրոսական ծրագիրը․ անցկացվեց ԵՊՀ ԳԽ նիստը
November 16, 2023 | 16:41
Գիտություն
Կրթություն
Հաստատվեց «Առողջապահության կառավարում և կազմակերպում» մագիստրոսական ծրագիրը․ անցկացվեց ԵՊՀ ԳԽ նիստը
Օրակարգային ու ընթացիկ հարցերով անցկացվեց ԵՊՀ գիտական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում ընտրվեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի համալսարանական նոր անդամ, հաստատվեցին ուսումնական գործընթացին առնչվող առաջարկություններ, հրատարակության երաշխավորվեց ներկայացված հանդեսը։
Ներկայացված օրակարգը հաստատելուց հետո ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ Մխիթար Գաբրիելյանը, ընտրվելով ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, ըստ կարգի՝ այսուհետ չի կարող լինել ՀԽ անդամ, ուստի ԳԽ-ն պետք է ընտրի ՀԽ համալսարանական նոր անդամ։
Ռեկտորը նշեց, որ ՀԽ անդամի թեկնածու առաջադրել է միայն Պատմության ֆակուլտետը՝ առաջարկելով Հայոց պատմության ամբիոնի ասիստենտ, պատմական գիտությունների թեկնածու Քրիստինե Յախշյանի թեկնածությունը։
Քվեարկության համար կազմվեց հաշվիչ հանձնաժողով, և հայտարարվեց փակ գաղտնի քվեարկություն։
Անցնելով օրակարգային հաջորդ հարցին՝ Որակի ապահովման հանձնաժողովի նախագահ Արթուր Սահակյանը ԳԽ հաստատմանը ներկայացրեց «Առողջապահության կառավարում և կազմակերպում» մագիստրոսի կրթական նոր ծրագիրը, որը գործելու է Ֆարմացիայի ինստիտուտում։ Ըստ Ա․ Սահակյանի՝ ծրագիրն անցել է սահմանված բոլոր ընթացակարգերով և համապատասխանում է պահանջվող չափորոշիչներին։ ԳԽ-ն հաստատեց ներկայացված ծրագիրը։
Հաջորդիվ ԵՊՀ հրատարակչության տնօրեն Կարեն Գրիգորյանը ներկայացրեց «Journal of Iranian Linguistics» հանդեսը (խմբագիր՝ Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյան) հրատարակության երաշխավորելու մասին հարցը՝ փաստելով, որ այն լիովին համապատասխանում է ԵՊՀ հրատարակչության առաջադրած չափորոշիչներին։ ԳԽ-ն քվեարկությամբ հանդեսը երաշխավորեց հրատարակության։
Օրակարգի հաջորդ հարցի շրջանակում ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ «Կակոսյան» հիմնադրամը համայնքային զարգացման ծրագրերի աջակցության նպատակով ուսանողների համար սահմանել է 14 կրթաթոշակ, որից 7-ը՝ նոր։
ԳԽ-ն, հաստատելով ներկայացված հարցը, քննարկեց նախորդ նիստի շրջանակում ձևավորված հանձնաժողովի մշակած առաջարկը, որն առնչվում է պետական կրթաթոշակին, և որոշվեց այն ներկայացնել Կառավարությանը։
Օրակարգային հարցերի սպառումից հետո հաշվիչ հանձնաժողովը ներկայացրեց փակ գաղտնի քվեարկության արդյունքները, ըստ որոնց՝ Քրիստինե Յախշյանն ընտրվեց ԵՊՀ ՀԽ անդամ։ Որոշումը կուղարկվի Կառավարության հաստատմանը։