- Main
- Node
- Ինչպե՞ս հաղթահարել ուսանողական կյանքի դժվարությունները. հոգեբանի խորհուրդները
February 04, 2025 | 17:00
Կրթություն
Հասարակություն
Ուսանողական
Ինչպե՞ս հաղթահարել ուսանողական կյանքի դժվարությունները. հոգեբանի խորհուրդները
Հաճախ ուսանողների կյանքում ծագած կրթական և սոցիալական խնդիրները, դժվարությունները կարող են որոշակի ազդեցություն ունենալ նրանց հոգեբանական բարեկեցության, ուսանողական առաջադիմության վրա։ ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի անձի հոգեբանության ամբիոնի վարիչ Նարինե Խաչատրյանի հետ քննարկել ենք, թե ինչպիսի խնդիրներ են ուղեկցում ուսանողներին, և ինչպիսի քայլեր պետք է ձեռնարկեն երիտասարդները՝ հաղթահարելու այդ դժվարությունները։
Խնդիրներն ու դժվարությունները հաճախ ուսանողներին ստիպում են «մրցել» ոչ միայն ակադեմիական առաջադրանքների, այլև անձնական խնդիրների հետ: Նրանք կանգնում են ոչ միայն ուսման, այլև ինքնության փնտրտուքի, սոցիալական ինտեգրման և կյանքում նոր պատասխանատվություն ստանձնելու խնդիրների առջև: Ուսանողների կյանքում ծագած դժվարություններն այսպիսով կարող են ազդել նրանց հոգեկան բարեկեցության և ուսման առաջադիմության վրա:
Ինչպե՞ս կարող են ուսանողները հաղթահարել այդ խնդիրները, և ի՞նչ կարևորություն ունի հոգեբանական աջակցությունն այս գործընթացում. մեկնաբանել է ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի անձի հոգեբանության ամբիոնի վարիչ Նարինե Խաչատրյանը:
- Ուսումնառության ժամանակ ուսանողները բախվում են ակադեմիական և ոչ ակադեմիական մի շարք խնդիրների, դժվարությունների, որոնք ազդում են նրանց առաջադիմության, ուսումնական գործընթացում ներգրավման վրա։ Ի՞նչ խնդիրների մասին է խոսքը։
- Խնդիրները կարող են լինել տարաբնույթ։ Անկախ այն հանգամանքից, որ համալսարանում սովորելու տարիները հետաքրքիր ու գրավիչ են մասնագիտության մեջ կայանալու, նոր գիտելիքներ ձեռքբերելու, հարաբերությունների շրջանակն ընդլայնելու, կյանքի նոր հեռանկարներ ձևավորելու տեսանկյունից, այնուամենայնիվ այս ժամանակահատվածը մարտահրավերային է անձնային հասունության, նոր հմտությունների, կոմպետենցիաների յուրացման անհրաժեշտության, սոցիալական հարմարման, նոր պատասխանատվության ու պարտականությունների ստանձնման և շատ այլ տեսանկյուններից։ Խնդիրների մասին կարող եմ խոսել՝ վկայակոչելով մեր կատարած հետազոտության արդյունքները (ուսումնասիրությունն ընդգրկել է հետպատերազմյան և հետքովիդյան ժամանակահատվածը՝ 2022-2023 թվականները)։ Երբ մենք այս թեմայով հետազոտություն կատարեցինք, խմբավորեցինք բոլոր այն դժվարությունները, որոնց առնչվում են ուսանողները։ Դուրս բերված խնդիրները ներկայում ևս շատ տարածված են։
Դժվարությունների առաջին ցայտուն խումբը ներանձնային խնդիրներն են․ դրանք հիմնականում տվյալ տարիքի համար շատ բնութագրական բացասական հույզերն ու ապրումներն են: «Ձևավորվող հասունության» կամ վաղ երիտասարդության տարիքում անձը իր զարգացման նոր փուլ է մտնում․ երիտասարդի համար կարևոր է դառնում իր ինքնության փնտրտուքը. սա մարդը կարող է գիտակցել կամ չգիտակցել։ Այդ իսկ պատճառով այս տարիքը մի կողմից հնարավորությունների, փորձարկումների տարիք է, իսկ մյուս կողմից՝ ինքնագնահատականի և հուզական ոլորտի անկայունության, լարվածության, ռեսուրսների և հնարավորությունների անհավասարակշռության տարիք։ Ավելին՝ հոգեկան առողջության տեսանկյունից այս տարիքը համարվում է շատ խոցելի։
Դժվարությունների մյուս խումբը կապված է կրթական սթրեսի հետ՝ քննություններ, վերջնաժամկետներ, նյութի յուրացման դժվարություններ, ժամանակի պահանջներին համապատասխան հմտությունների պակասով պայմանավորված «ընդհանրական կոմպետենցիաների պակաս» (հետազոտական հմտություններ, օտար լեզվի իմացության, տեխնիկական հմտությունների պակաս)։ Մյուս խումբը, ինչպես և ակնկալում էինք, կապված էր ոչ ակադեմիական միջավայրի հետ. դա մենք անվանեցինք «սթրեսային իրականություն» (շատերը նշում էին պատերազմի հետևանքներն ու այդ ամենի հետ կապված ապրումները), անհատի կյանքի դժվարություններ (ընտանիքից հեռու լինելը և քաղաքային կյանքին հարմարվելը (մասնավորապես մարզի ուսանողների համար), ընտանիքում կոնֆլիկտներ, հիվանդություններ), հաղորդակցման դժվարություններ (կոնֆլիկտներ, մերժված լինելու անհանգստություն), ինչպես նաև՝ դժվարություններ հասակակիցների հետ (ընկեր գտնելու, զուգընկերոջ հետ հաղորդակցվելու առումով)։ Հասակակիցների հետ շփումը շատ կարևոր կողմ է երիտասարդների համար իրենց ինքնության փնտրտուքների տեսանկյունից։ Այս տարիքի երիտասարդի համար դժվար է տարանջատել խնդիրները: Այս իմաստով կարելի է ասել, որ ներկայում երիտասարդները հոգեբանորեն շատ «ծանրաբեռնված են»։
- Ոչ ակադեմիական՝ ընտանեկան խնդիրները կամ սոցիալական հարաբերությունները, ինչպե՞ս են անդրադառնում ուսանողի ընդհանուր բարեկեցության վրա:
- Պատկերացրեք՝ այս տարիքում երիտասարդ ուսանողը գալիս է նոր միջավայր, որտեղ պետք է ինտեգրվի. նոր հարաբերություններ, նոր պահանջներ։ Այստեղ, բացի սովորելու բուն դժվարություններից (անվանենք դա կրթական սթրես), առաջ են գալիս այլ գործոններ ևս․ արդեն կա մրցակցություն, ապագայի հետ կապված մտահոգություններ (ուսանողների պատասխանների մեջ հանդիպում էր հետագայում լավ աշխատանք չգտնելու անհանգստություն), ուսմանը զուգահեռ՝ աշխատելու ցանկություն, ինքնահաստատվելու կարիք և այլն։ Իսկ եթե այս ամենի հետ մեկտեղ ուսանողի կյանքում առաջ են գալիս այլ դժվարություններ՝ ֆինանսական, միջանձնային կամ տրավմատիկ փորձառություն, դրանք բնականաբար ազդում են ուսանողի հոգեվիճակի վրա, որն էլ իր հերթին կարող է անդրադառնալ նրա մոտիվացիայի և առաջադիմության վրա։ Այսինքն՝ այս տարիքային փուլում ուսանողը և՛ սովորում, և՛ ձևավորվում, և՛ ինքնահաստատվում է (ոչ այն բացասական իմաստով, որ հաճախ կիրառվում է)՝ դառնալով, ըստ էության, «խոցելի»։
Հաճախ ամեն ինչ մանկության հետ ենք կապում, սակայն այս տարիքը ևս շատ կարևոր է անձի զարգացման և ձևավորման տեսակետից:
- Կարո՞ղ եք նշել, թե խնդիրների դեպքում ի՞նչ պետք է անի կամ ի՞նչ սկզբունքով պետք է առաջնորդվի ուսանողը, որպեսզի հաղթահարի այդ իրավիճակը:
- Ուսանողի համար շատ օգտակար կլինի կիրառել ինքնախնամքի տարբեր ձևեր, որոնք ուսանողին առավել հարմար կլինեն։ «Ինքնախնամք» հասկացությունը, մեր ամենօրյա կյանքում կարծես շատ չի կիրառվում, մինչդեռ ինքնախնամքի տարբեր միջոցները՝ ֆիզիկական ակտիվությունը, մեդիտատիվ կամ շնչառական վարժությունները, քնի ռեժիմը, առողջ սննդակարգը, հանգստի և ծանրաբեռնվածության ճիշտ հավասարակշռումը, օգնում են մարդուն առավել կայուն լինելու։ Այս ամենը կարևոր է մեր հոգեհիգիենայի համար. այլ կերպ ասած՝ մենք պետք է հոգ տանենք մեր նյարդային համակարգի մասին, քանի որ առօրյա սթրեսը շատ է, իսկ մեր նյարդային համակարգը պետք է կարողանա դիմակայել այդ ընթացիկ սթրեսներին։ Այս ամենի մասին այսօր խոսում են, և դա շատ լավ է, սակայն պետք է այն դառնա մեր առօրյայի մի մասնիկը, ինչպես, օրինակ, ամենօրյա լոգանք ընդունելը, ատամներ լվանալը և այլն։
Սրանից զատ՝ անհրաժեշտ է ունենալ հոբբիներ կամ զբաղմունք, որոնք դրական հույզեր կպարգևեն կամ կմեծացնեն մեր ներքին ներդաշնակությունը։ Սա, ըստ էության, նույնպես ինքնախնամք է։ Եվ եթե երիտասարդն այս տարիքում զբաղվի ինքնախնամքով՝ դա կդառնա կյանքի հմտություն, որն իրեն անպայման պետք կգա ապագայում։
- Որոշակի իրավիճակներում, երբ ուսանողը զգում է, որ իր ներսում արտահայտվող ապրումները շատ են, ու նա դժվարանում է հարթել իրավիճակը, ինչպիսի՞ քայլեր պետք է ձեռնարկի, որպեսզի ստանա անհրաժեշտ հոգեբանական աջակցությունը։ Որքանո՞վ է կարևոր մասնագիտական օգնությունը:
- Եթե երիտասարդը նկատում է, որ իր ներքին ապրումներն այնքան շատ են, որ ինքնուրույն չի կարող գլուխ հանել, պետք է անպայման դիմի օգնության․ այն կարող է լինել նաև իրեն աջակցող մարդկանց շրջանակը։ Սակայն երբեմն միայն դա բավարար չի լինում: Այդ դեպքում պետք է դիմել մասնագիտական օգնության՝ հոգեբանական աջակցության։ Ուրախ եմ՝ մեր օրերում կոտրվել է հոգեբանին դիմելու հետ կապված կարծրատիպը։ Մեր հասարակության մեջ կա այն կարծիքը, որ եթե «դիմում եմ հոգեբանի, ուրեմն ես թույլ եմ, կարող չեմ, ինձ հետ մի բան այն չէ»։ Այդ ամենը միֆ է, քանի որ ցանկացած մարդ իր կյանքի ընթացքում կարող է լինել խոցելի, և դա բնական է։ Դրանից ոչ թե պետք է նեղվել կամ ամաչել, այլ դա պետք է ճանաչել, հասկանալ և չվախենալ։ Երբ առնչվում ենք մեր խոցելի կողմերին, մենք ավելի լավ ենք սկսում ճանաչել ինքներս մեզ, մեր պատմությունը․ դա միայն դրական է ազդում մեր զարգացման վրա։ Ես շատ կցանկանայի, որ հոգեբանին դիմելը չնույնացվեր թուլության կամ խոցելիության հետ։ Կան հոգեբանական աշխատանքի տարբեր ձևեր։ Մասնագիտական օգնության դիմելը կապված է, իհարկե, նաև ֆինանսական ծախսերի հետ. այդ իսկ պատճառով արտասահմանյան շատ բուհերում կան ուսանողների համար հոգեբանական աջակցության կենտրոններ կամ ծառայություններ։
- Որքանո՞վ եք կարևորում համալսարաններում հոգեբանական աջակցության դերը։
- Հոգեբանական աջակցությունը շատ կարևոր է այս տարիքում, և եթե համալսարանները կարողանան ուշադրություն դարձնել նաև այս հարցին, ապա դա միջնորդավորված ազդեցություն կունենա ուսանողների մոտիվացիայի և առաջադիմության վրա։ Սա չի նշանակում, սակայն, որ համալսարանը պետք է հասցեագրի նշված բոլոր խնդիրները նույն կարևորությամբ ու ինտենսիվությամբ, բայց կարող է զգայուն լինել այս հարցերի հանդեպ։ Զգայուն լինել, ուշադրություն դարձնել, նշանակում է համալիր մոտեցում դրսևորել։ Պարզաբանեմ, թե ինչ նկատի ունեմ․ առաջին հերթին շատ կարևոր է՝ համալսարաններում լինեն հոգեբանական բարեկեցությանն աջակցող ծառայություններ։ Այսպիսի մի ծառայություն՝ Հոգեբանական աջակցության ուսումնագործնական լաբորատորիան, արդեն գործում է Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում: Այն ԵՊՀ ուսանողներին տրամադրում է անվճար հոգեբանական ծառայություն: Այնտեղ մասնագիտական սուպերվիզիայի ներքո իրենց մասնագիտական պրակտիկայի շրջանակում որպես հոգեբան-խորհրդատուներ աշխատում են մեր մագիստրատուրայի ուսանողները։ Իրականացվում է շատ լավ աշխատանք: Այս ծառայությունից անվճար հիմունքներով կարող են օգտվել ԵՊՀ բոլոր ֆակուլտետների ուսանողները։
Շատ կարևոր է նաև ընդհանուր հաղորդակցական մշակույթը, քանի որ հոգեկան բարեկեցության համար առանցքային գործոն են աջակցող հարաբերությունները։ Այստեղ էական դեր ունեն դասախոսները, որոնք միաժամանակ ռեֆերենտ, դերային մոդելներ են ուսանողների համար: Նրանց հաղորդակցման ոճը մոտիվացնող, աջակցող դեր կարող է ունենալ երիտասարդների համար։ Կարելի է նաև մեծացնել հոգեկան առողջության և հոգեբանական բարեկեցության մասին խոսույթը՝ հատուկ մշակված ծրագրերով (օրինակ՝ հոգեկրթական հանդիպումներ, տեղեկատվություն, հոդվածներ, ինչու չէ, նաև դասախոսների վերապատրաստման ծրագրերում ունենալ որոշ դասընթացներ՝ սթրեսի կառավարման, տոկունության, հուզական այրմանն ուղղված, աջակցող հաղորդակցման հմտություններ)։ Կարևոր է ընդհանուր առմամբ որդեգրել հոգեկան առողջության և բարեկեցության հանդեպ զգայուն «քաղաքականություն», ինչը կարելի է իրականացնել միջնորդավորված ձևերով։ Ապացուցված է, որ վախի մթնոլորտը, կարծրատիպային մտածելակերպը, ինքնարտահայտվելու խոչընդոտները, անարդարության զգացումը՝ որպես ֆոնային գործոններ, բացասաբար են ազդում մարդու հոգեկան առողջության վրա։