- Main
- Node
- Բազմալեզու կրթության կարևորությունը․ փետրվարի 21-ը Մայրենի լեզվի միջազգային օրն է
February 21, 2025 | 16:54
Կրթություն
Հասարակություն
Բազմալեզու կրթության կարևորությունը․ փետրվարի 21-ը Մայրենի լեզվի միջազգային օրն է
Մայրենի լեզվի միջազգային օրը հիշեցնում է տարբեր մշակույթներում լեզուների բազմազանության դերի և անգնահատելի կարևորության մասին։ Օրը արժևորում է լեզվաբանության ոլորտում մշակութային բազմազանությունը պահպանելու անհրաժեշտությունը՝ ուսուցման մեջ կիրառելով բազմալեզու մոտեցում, ինչը հնարավորություն է ընձեռում հաղորդակցվելու տարբեր համայնքներում և ճանաչելու աշխարհի հարուստ մշակույթները։

Նպատակ ունենալով խրախուսելու լեզվական և մշակութային բազմազանությունը, մայրենի լեզուների պահպանման կարևորությունը՝ ամեն տարի փետրվարի 21-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Մայրենի լեզվի միջազգային օր։
Մայրենի լեզվի միջազգային օրը նաև հիշեցնում է, որ յուրաքանչյուր լեզու, հատկապես՝ ազգային փոքրամասնությունների լեզուն, անհատականության ու մշակույթի առանցքային բաղադրիչն է։ Այդ լեզուները, որոնք հաճախ անտեսվում են կամ հայտնվում վտանգի տակ, պահանջում են հատուկ պահպանություն և աջակցություն իրենց «կյանքի» ու գոյության շարունակականության ապահովման համար։
Ազգային փոքրամասնությունների լեզուների պահպանման հարցը կարևոր է ինչպես շատ երկրների, այնպես էլ Հայաստանի համար, որտեղ ապրում են բազմաթիվ ազգային փոքրամասնություններ՝ եզդիներ, հույներ, հրեաներ, ասորիներ, ռուսներ և այլն։
Հարցը նաև ՀՀ ԿԳՄՍՆ լեզվի կոմիտեի ուշադրության առանցքում է․ կոմիտեն իր գործունեության կարևորագույն խնդիրներից է համարում ՀՀ տարածքում ազգային փոքրամասնությունների լեզուների ազատ գործածությունը երաշխավորելը։ Որպես քաղաքականություններ մշակող և ծրագրեր պատվիրակող կառույց՝ կոմիտեն մշակում և իրականացնում է քաղաքականություններ, որոնք վերաբերում են ՀՀ պետական և հանրային կյանքին։

«Հայաստանի այն բնակավայրերում, որտեղ կան համայնքներով բնակվող ազգային փոքրամասնություններ, դպրոցներում ուսուցումը կազմակերպվում է նաև տվյալ փոքրամասնության մայրենի լեզվով, եթե համայնքը այդպիսի ցանկություն ունի․ սա միջազգային կարգավորում է։ Մենք հավասարաչափ ենք դիտարկում բոլոր այն սոցիալական, ազգային, մշակութային փոքրամասնությունների լեզվական իրավունքները, որոնք բնակվում են Հայաստանում, որպեսզի ստեղծենք հավասար պայմաններ՝ յուրաքանչյուրին հասանելի լեզվով ինքնարտահայտվելու և պահպանելու իր լեզուն ու մշակույթը։ Ընդհանուր քաղաքականությունը սա է»,- ասաց կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը և հավելեց, որ կոմիտեն փետրվարի 20-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ դպրոցներում ներդրված նախագծային կրթության շրջանակում կազմակերպել էր ազգային փոքրամասնությունների մշակույթին ու լեզվին նվիրված աշակերտական նախագծերի էքսպո:
Այն հարցին, թե ինչ ակնկալիքներ կան բարձրագույն ուսումնական հաստատություններից, Սիրանուշ Դվոյանը պատասխանեց. «ՀՀ բուհերը պահում են «Լեզվի մասին» ՀՀ օրենքով նախատեսված հայերեն կրթության պահանջը: Հարց է, օրինակ, թե ինչ մասնագետների կարիք կա հանրակրթական ոլորտում: Ունենք փոքրամասնությունների լեզուների ուսուցման մասնագետների պակաս, ուստի այս ուղղությամբ պետք է մտածենք, թե համատեղ ինչ ծրագրեր կարող ենք իրականացնել իրավիճակը բարելավելու համար»։
Արժևորելով մայրենի լեզվի դերը՝ կոմիտեի նախագահը նշեց, որ իրականացվում են ծրագրեր, մասնավորապես հայերենի թվանշայնացման ուղղությամբ՝ ուղղված հայերենի տարածելիության և կենսունակության բարձրացմանը աշխարհում։
Կարևորելով բազմալեզու կրթության զարգացումը՝ ԵՊՀ-ն համաշխարհային կրթական չափանիշներին համահունչ իրականացնում է բազմալեզու կրթական ծրագրեր, որոնք նպաստում են ոչ միայն լեզվաբառարանական ունակությունների կատարելագործմանը, այլև ուսանողներին պատրաստում են միջազգային շուկայում մրցունակ լինելու համար։
Երկար տարիներ քրդերենը եղել է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի առարկայացանկում, իսկ առարկան ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դոցենտ, պ․գ․թ․ Թերեզա Ամրյանը դասավանդում է 2009 թվականից։ Դոցենտը նշում է, որ լեզուն հետաքրքիր ու հարուստ է ոչ միայն իր բառապաշարով, այլև խոսվածքների բազմազանությամբ։

«ԵՊՀ իրանագիտության ամբիոնում քրդերենը (կուրմանջի) դասավանդվում է որպես երկրորդ իրանական լեզու՝ պարսից լեզվից հետո։ Քրդերենը մեր տարածաշրջանում բնակվող պետականազուրկ ժողովուրդներից մեկի՝ քրդերի մայրենի լեզուն է, որի գոյությունը մի շարք երկրներում վտանգված է։ Այս լեզվի ուսումնասիրումը կարող է մեծապես նպաստել, որ մոտ ապագայում հայաստանյան մասնագետները արդիական ուսումնասիրություններ և հետազոտություններ կատարեն»,- ասաց նա։
Ըստ Թերեզա Ամրյանի՝ նախկինում քրդերենի դասավանդման հարցում անհարմարություն էր առաջացնում հայախոս ուսանողի համար նախատեսված դասագրքերի պակասը, սակայն 2023 թ․ Թերեզա Ամրյանի և բ․գ․թ․, պրոֆեսոր Ոսկանյանի համահեղինակությամբ լույս տեսավ քրդերենի դասագրքի առաջին հատորը, իսկ երկրորդ հատորը ներկայում տպագրության փուլում է։ Դասագիրքը հայախոս ուսանողների համար զգալիորեն կդյուրացնի լեզվի յուրացումը։
«Լավ կլինի, որ կրթական համակարգում ավելի շատ խրախուսվի լեզվի դասավանդման համար նախատեսված դասագրքերի և ուսումնական ձեռնարկների ստեղծումը, իսկ լեզվի դասավանդման նոր որակի ապահովմանը կարող է նպաստել լեզվի դասաժամերի ավելացումն ու կրթական գործընթացում լեզվակիր ուսանողների ներգրավումը։ Ինչ վերաբերում է լեզվի պահպանմանը, ապա այդ հարցում նախանձախնդիր պետք է լինեն լեզվակիրները․ մայրենի լեզուն կապրի, եթե այն շարունակեն կիրառել ընտանիքում, եթե շարունակեն գրքեր կարդալ և կրթվել մայրենիով»,- շեշտեց Իրանագիտության ամբիոնի դոցենտը։
«Գեղեցիկ, երգեցիկ լեզու է հունարենը»,- ասաց Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարանի տնօրեն, պ․գ․թ․, դոցենտ Լիզա Քարիմյանը։ 1999 թ․ հիմնադրված կենտրոնը ունի հարուստ գրադարան, որտեղ, բացի հունական նոր գրականության դասականների հարուստ ընտրանուց, կան նաև ժամանակակից հունարենի նորագույն դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ, հանրագիտարաններ և բառարաններ։ ԵՊՀ-ն Արիստոտելի անվան Սալոնիկի համալսարանի հետ համագործակցում է «ՅԱՍՈՆ» ծրագրի շրջանակում, որը հնարավորություն է ընձեռում ԵՊՀ ուսանողներին մասնակցելու հունարենին և հունական մշակույթին նվիրված մեկամսյա, ինչպես նաև ութամսյա դասընթացներին։

«Յուրաքանչյուր ազգի համար կարևոր է պահպանել իր լեզուն, քանի որ լեզուն ազգի ինքնության և մշակույթի պահպանման հիմքն է։ Կարևորելով հունարենի դասավանդումը՝ մեր կենտրոնում կազմակերպում ենք դասընթացներ ոչ միայն ուսանողների և դասախոսների, այլև բոլոր ցանկացողների համար։ Ունենք տարբեր ֆակուլտետներից հետաքրքրասերներ, որոնք ցանկանում են սովորել լեզուն և բացահայտել նրա առանձնահատկությունները։ Բացի դասերից՝ մենք կազմակերպում ենք նաև հունական մշակույթին նվիրված միջոցառումներ, որոնք հունական ժառանգության առավել լիարժեք ճանաչման կարևոր մասն են կազմում»,- ավելացրեց Լիզա Քարիմյանը:
Այսօր Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում, այդ թվում՝ ԵՊՀ-ում, մեծ ուշադրություն է դարձվում բազմալեզու կրթության զարգացմանը՝ ներառելով ինչպես պետական, այնպես էլ ազգային փոքրամասնությունների լեզուներ։ Լեզուների ուսուցումը նպաստում է ոչ միայն լեզվաբառարանական հմտությունների զարգացմանը, այլև նրանց պահպանմանը և տարածմանը։
Վստահ ենք, որ բազմալեզու կրթության արդյունավետության բարձրացմանը կծառայեն ոչ միայն կրթական ծրագրերը, այլև լեզվակիր ուսանողների ակտիվ ներգրավումը, ինչպես նաև անհրաժեշտ դասագրքերի և ուսումնական ձեռնարկների ստեղծումը, ինչը կնպաստի լեզուների պահպանմանը և դրանց վրա հիմնված գիտելիքների խորացմանը։