ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում մեծ շուքով նշվեց իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ԵՊՀ պրոֆեսոր-էմերիտուս, ՌԴ կրթության ակադեմիայի արտասահմանյան անդամ, ՀՀ վաստակավոր իրավաբան, ՀՀ իրավաբանների միության նախագահ, ազգային իրավական համակարգի, կրթագիտական ոլորտի նվիրյալ և մանկավարժ Գագիկ Ղազինյանի 70-ամյակը։
Ֆակուլտետի դասախոսները, ուսանողներն ու շրջանավարտները փաստում են՝ ավելի քան կես դար Գագիկ Ղազինյանն իր գիտելիքներով, իմաստնությամբ, անգնահատելի ներդրումով ու փորձով նպաստում է իրավագիտության ոլորտի զարգացմանը, ինչպես նաև երիտասարդ իրավաբանների մասնագիտական աճին և կայացմանը։ Նրա գործունեության ընթացքում Իրավագիտության ֆակուլտետը դարձել է հանրապետության ամենահեղինակավոր և պահանջված կրթական կառույցներից մեկը։

Հոբելյանի առթիվ շնորհավորական խոսքեր ասացին ԵՊՀ ակադեմիական հարցերի գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան, ի․գ․դ․, պրոֆեսոր Հարություն Խաչիկյանը, ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր, ի․գ․դ․, պրոֆեսոր Սերգեյ Առաքելյանը, Իրավագիտության ֆակուլտետի քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի վարիչ, դոկտոր, պրոֆեսոր Սամվել Դիլբանդյանը, ինչպես նաև բազմաթիվ գործընկերներ, դասախոսներ և ուսանողներ։ Նրանք ընդգծեցին պրոֆեսոր Ղազինյանի անգնահատելի դերը կրթության զարգացման գործում՝ նշելով, որ նա իրենց համար եղել է ոչ միայն գործընկեր, այլև ուսուցիչ և ընկեր։ Նրանց խոսքով՝ Գագիկ Ղազինյանը ֆակուլտետի հիմնասյուներից մեկն է։ Պրոֆեսորի անմնացորդ նվիրումը կրթական գործընթացին, նրա պատրաստակամությունը՝ օգնելու երիտասարդ մասնագետներին և ուսանողներին, ձևավորում է այն միջավայրը, որը բոլորին դարձնում է ուժեղ և պահանջված մասնագետներ: Նրա յուրաքանչյուր դասախոսություն ոչ միայն փոխանցում է գիտելիք, այլև ներշնչում է մասնագիտական արժանապատվություն ու պատասխանատվություն։
«Համալսարանում կան մարդիկ, որոնք ստեղծում են այն «մոգական» մթնոլորտը, որը մենք անվանում ենք Երևանի պետական համալսարան։ Այդպիսի մարդկանցից է Գագիկ Ղազինյանը։ Նրա օրոք ֆակուլտետը դարձավ ՀՀ-ում ամենապահանջվածներից մեկը, և նրա գիտական ու կրթական վաստակը լայնորեն ճանաչված է ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս։ Նրա կատարած աշխատանքը մեծապես նպաստել է Իրավագիտության ֆակուլտետի միջազգային ճանաչմանը և պրոֆեսիոնալ իրավաբանների պատրաստմանը»,- նշեց ԵՊՀ ակադեմիական հարցերի գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը։

«Ժամանակը կյանքի անգնահատելի գանձն է՝ հարահոս և անհետադարձ: Այն չի կարող վերադառնալ, փոխարինվել կամ նորից նվաճվել: Սակայն կա մի բացառություն. այն կարող է տրվել որպես նվեր՝ մեծագույն սիրո, նվիրվածության ու առաքելության վկայությամբ:
Այդպես էլ Դուք Ձեր ժամանակը՝ ամենաթանկը կյանքի հնարավոր պարգևներից, անմնացորդ նվիրել եք իրավագիտության զարգացմանը, իրավաբանական կրթության խորացմանն ու սերունդների դաստիարակությանը՝ իրավագիտության ֆակուլտետը դարձնելով լուսավոր ապագայի կամուրջ։
Դուք իրավամբ ավելի քան կես դար նվիրված եք մայր բուհին և Ձեր սրտի շունչն եք ներդրել ազգային իրավական համակարգի կրթագիտական ոլորտում՝ խթանելով դրա զարգացումը, դառնալով համալսարանական բարձր մշակույթի, գիտական նվիրումի և մտավորականի օրինակելի կերպար։ Ձեր անվիճելի հեղինակությունը, սկզբունքայնությունն ու բարոյական արժեքները Ձեզ դարձրել են մեծարելի անուններից մեկը, սերունդների կողմից մեծարվող մանկավարժ, կազմակերպիչ, որը, անշուշտ, ոգեշնչում ու առաջնորդում է երիտասարդ սերնդի իրավագետներին:
Մի քանի սերունդ իրավաբանների կրթական գործընթացում պատրաստել եք արհեստավարժ կադրեր, որոնք այսօր կանգնած են Հայաստանի իրավական համակարգի առաջատար դիրքերում։
Այս տարիները Ձեր ապրած կյանքի վկայությունն են՝ լի հաղթանակներով, խոր, երբեմն ծանր ընկալելի դասերով, բազմաթիվ լուսավոր պահերով: Այսօր նշում և նշանավորում ենք այն ժառանգությունը, որ Դուք շարունակում եք արարել ամեն օր: Վաստակել եք բազմատեսակ պարգևներ, ունեք տարատեսակ տիտղոսներ, սակայն Ձեր մեծագույն պարգևն այն սերունդներն են, որոնք կրում են Ձեր դասերի, Ձեր խոսքի, Ձեր կերպարի կնիքը»,- նշեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Հարություն Խաչիկյանը:

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Մանանա Դավթյանն էլ նշեց, որ պրոֆեսոր Ղազինյանը ուսանողների համար կայացած իրավաբանի լավագույն օրինակ է։
«Ֆակուլտետի ուսանողներից յուրաքանչյուրն առաջին իսկ հանդիպումից հիշում է պարոն Ղազինյանի խոսքերը, այն է՝ մեր մասնագիտությունը էլիտար է, և մենք պետք է համապատասխանենք այդ կոչմանը։ Նա ոչ միայն իրավագիտության ոլորտի հեղինակավոր մասնագետ է, այլև խորապես նվիրված է իր ուսանողներին, մշտապես ոգեշնչում է նրանց և նպաստում նրանց մասնագիտական առաջընթացին»,- ասաց նա։

Պրոֆեսոր Ղազինյանը շեշտեց, որ իր գործունեության ամենամեծ պարգևը եղել և մնում է ուսանողների հաջողությունն ու ֆակուլտետի զարգացումը։
«Երբեմն մտածում եմ՝ արդյո՞ք ճիշտ ճանապարհ եմ ընտրել, ճիշտ որոշումներ կայացրել։ Սակայն այսօր, լսելով ձեր խոսքերը, համոզվում եմ, որ իմ ընտրած ուղին սխալ չի եղել։ Ինձ համար մեծ պատիվ է լինել ԵՊՀ մեծ ընտանիքի մի մասը, որտեղ միշտ գնահատվում են նվիրվածությունն ու գիտելիքը»,- շնորհակալական իր խոսքում մատնանշեց Գագիկ Ղազինյանը։
Միջոցառման ընթացքում համալսարանի կողմից պրոֆեսոր Ղազինյանին հանձնվեց ԵՊՀ ոսկե մեդալ, Արդարադատության ակադեմիայի ռեկտորի կողմից՝ Արդարադատության ակադեմիայի «Համագործակցության համար» մեդալ, ինչպես նաև այլ շնորհակալագրեր, հուշանվերներ դասախոսների, ուսանողների և գործընկերների կողմից՝ ի նշան երախտագիտության ու հարգանքի: