- Main
- Node
- Դասագրքաստեղծման մարտահրավերներն ու լուծումները. հանդիպում դասագրքերի հեղինակների հետ
March 14, 2025 | 16:13
Գիտություն
Կրթություն
Հասարակություն
Դասագրքաստեղծման մարտահրավերներն ու լուծումները. հանդիպում դասագրքերի հեղինակների հետ
Մարտի 14-ին՝ Մաթեմատիկայի միջազգային օրը, ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանում տեղի ունեցավ «Դասագրքաստեղծման մարտահրավերներն ու լուծումները» խորագրով քննարկում՝ դասագրքաստեղծման մարտահրավերների, դրական փորձի և նոր լուծումների վերաբերյալ:


ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի տնօրեն Ավետիք Մեջլումյանն ընդգծեց, որ գրադարանը նախաձեռնել է տարբեր ոլորտներին առնչվող քննարկումների շարք, որոնցից առաջինը հենց դասագրքերի կազմման առանձնահատկություններին նվիրված այս քննարկումն է։
Հանդիպմանը բանախոսություններով հանդես եկան մաթեմատիկայի 5-8-րդ դասարանների դասագրքերի համահեղինակ, «Քառակուսի» հիմնադրամի տնօրեն Սմբատ Գոգյանը, մաթեմատիկայի 1-4-րդ դասարանների դասագրքերի հեղինակ Սոկրատ Մկրտչյանը և հասարակագիտության 7-րդ ու 10-րդ դասարանների դասագրքերի համահեղինակ Արաքս Մանուչարյանը։

Անդրադառնալով դասագրքաստեղծման մարտահրավերներին՝ Արաքս Մանուչարյանն ասաց․ «Այժմ մենք բուռն ժամանակաշրջանում ենք ապրում, որտեղ և՛ ուսուցիչները, և՛ աշակերտները ցանկանում են տեսնել այնպիսի դասագրքեր, որոնք կապահովեն անհրաժեշտ գիտելիքների զարգացումը և միևնույն ժամանակ՝ հասու կլինեն իրենց գիտելիքների մակարդակին։ Այս երկուսի միջև ոսկե միջին գտնելն ամենաբարդն է։ Հույս ունեմ, որ մենք կունենանք վերոնշյալ երկու պահանջներին համապատասխանող դասագրքեր, որոնք կլինեն և՛ մատչելի, և՛ գիտելիքների զարգացում ապահովող»։
Արաքս Մանուչարյանը կողմնակից է դպրոցում «Ֆինանսական գրագիտություն» առարկայի ներդրմանը, ուստի նա մեծապես արժևորեց մաթեմատիկայի դասագրքերում ֆինանսական գրագիտությանն առնչվող օրինակների ընդգրկումը, ինչի շնորհիվ սովորողները կստանան նաև պրակտիկ գիտելիքներ։
Քննարկման շրջանակում բանախոսները ներկայացրին իրենց տեսակետներն ու փորձը այնպիսի կարևոր հարցերի շուրջ, ինչպիսիք են դասագրքրերի ստեղծման և գնահատման տարբեր փուլերին բնորոշ դժվարություններն ու դրանց հաղթահարման հնարավոր ուղիները, սովորողների նախասիրությունները, սոցիալական մեդիայի և նոր տեխնոլոգիաների ազդեցությունը մաթեմատիկայի ուսուցման և դասագրքերի բովանդակության վրա, դասագրքերում կիրառված նորարարական մոտեցումները, գաղափարներն ու անսովոր լուծումները, ինչպես նաև ֆինանսական գրագիտությունն ու 21-րդ դարի հմտությունները:

«Զանգակ» հրատարակչության տնօրեն, մաթեմատիկայի 1-4-րդ դասարանների դասագրքերի հեղինակ Սոկրատ Մկրտչյանը, անդրադառնալով դասագրքերի մրցույթին, մատնանշեց դասագրքերի գաղափարային տարբերությունը։
«Դասագրքերը միմյանցից պետք է տարբերվեն գաղափարով․ տարբեր հեղինակներ կարող են ունենալ տարբեր գաղափարներ, ուստի պետք է ազատություն լինի այս ոլորտում, որ հրատարակչությունը ներկայացնի և գովազդի իր գրքերը, իսկ դպրոցը քննարկման արդյունքում ընտրի՝ որ դասագրքով է ուզում առաջնորդվել»,- ասաց բանախոսը։
Հետաքրքիր քննարկում ծավալվեց մաթեմատիկայի դասավանդման հեռանկարների շուրջ՝ հաշվի առնելով արհեստական բանականության և մեքենայական ուսուցման զարգացումները, ինչպես նաև դասագրքերի բարելավման մասին ուսուցիչների և աշակերտների արձագանքները։
Մաթեմատիկայի 5-8-րդ դասարանների դասագրքերի համահեղինակ, «Քառակուսի» հիմնադրամի տնօրեն Սմբատ Գոգյանը շեշեց, որ Հայաստանում դասագրքերի ստեղծման ու դասավանդման փուլերը էականորեն տարբերվում են միջազգային պրակտիկայից։

«Միջազգային պրակտիկայում դասագիրքը գրվում է միջինում 3-5 համահեղինակով, 3-4 տարվա ընթացքում, սակայն Հայաստանում այդպես չէ։ Եթե նկատել եք, մեզ մոտ մաթեմատիկան ոչ թե գիտական մակարդակի վրա է, այլ առօրեական և մեկնաբանելի։ Դպրոցը մենք ընկալում ենք որպես կրթություն ստանալու վայր, այնինչ հմտությունը կենսափորձով է ձեռք բերվում։ Նույնն էլ թվերի ու մաթեմատիկայի դեպքում է․ պարտադիր պետք է կրթությունը կապել կյանքին»,- ամփոփեց նա։
Քննարկման ավարտին մասնակիցները հնարավորություն ունեցան իրենց հետաքրքրող հարցերն ուղղելու ոլորտի մասնագետներին և ստանալու սպառիչ պատասխաններ։