Երևանի պետական համալսարանը՝ ի դեմս Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի, Հայաստանի առաջին բուհն է, որը 2010 թվականին հաղթել է «Ժան Մոնե»-ի ծրագրի շրջանակում ներկայացված «Եվրոպական ինտեգրումն ու Հարավային Կովկասը» մոդուլային նախագծով։ Այս մոդուլը իրականացվում էր ԵՄ «Կյանքի ընթացքում ուսուցում» ծրագրի շրջանակում և ստեղծվել էր տարբեր ոլորտներում մասնագիտացած դասախոսական կազմի կողմից։ Նախագիծն ավարտվեց 2013 թվականին։ Մոդուլի շրջանակում առաջարկված երեք դասընթացներից երկուսը մինչ օրս ընդգրկված են «Եվրոպագիտություն» մագիստրոսական ծրագրում։
2016-2019 թվականներին ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը «Էրազմուս+. Ժան Մոնե»-ի ծրագրի շրջանակում իրականացրել է «Միգրացիոն քաղաքականության մարտահրավերները ԵՄ-ում և Հարավային Կովկասում» թեմայով ևս մեկ մոդուլ: Այն ևս ներառվել է և մինչ օրս դասավանդվում է Եվրոպագիտություն մագիստրոսական կրթական ծրագրում։
«Ժան Մոնե». մոդուլ «Միգրացիոն քաղաքականության մարտահրավերները ԵՄ-ում և Հարավային Կովկասում»
«Միգրացիոն քաղաքականության մարտահրավերները ԵՄ-ում և Հարավային Կովկասում» (MiPEC) մոդուլը մշակվել է՝ անդրադառնալու միգրացիայի իրավական, քաղաքական, մշակութային և սոցիալական ասպեկտներին ինչպես տարածաշրջանում, այնպես էլ Եվրոպական միությունում։ Այս մոդուլը «Եվրոպագիտություն» մագիստրոսական ուսումնական ծրագրի պարտադիր մասն է և միևնույն ժամանակ որպես ընտրովի դասընթաց առաջարկվում է Միջազգային հարաբերությունների, Իրավագիտության և Սոցիոլոգիայի ֆակուլտետների ուսանողների համար։
«Միգրացիոն քաղաքականության մարտահրավերները ԵՄ-ում և Հարավային Կովկասում» (MiPEC) մոդուլը կառուցվածքային և բովանդակային առումով միջգիտակարգային է (միջդիսցիպլինար): Դասավանդման տեսանկյունից այն բաժանված է երեք հիմնական բաղադրիչի, որոնցից յուրաքանչյուրն առանձնահատուկ մշակվել կամ փոփոխվել է՝ մոդուլի ընդհանուր նպատակներին, ուսումնական ծրագրի կառուցվածքին, ուսումնական արդյունքների հստակեցմանը և այլ չափորոշիչների համապատասխանելու նպատակով։ Դասընթացները վարում են ԵՊՀ տարբեր ստորաբաժանումների (իրավաբանության, քաղաքագիտական, լեզվաբանության և Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն) չորս դասախոսներ։ Մոդուլը ներառում է հետևյալ դասընթացները․
Դասընթաց 1. Բազմամշակութայնություն, ինքնություն և արժեքներ
(դասընթացը փոփոխվել է՝ հիմնվելով «Եվրոպական ինտեգրման ներածություն. մշակութային հեռանկար» թեմայի վրա՝ համատեղ դասավանդման ձևաչափով)Դասընթաց 2. Միգրացիոն գործընթացների և ապաստանի հարցերի իրավական կարգավորումը ԵՄ-ում և ՀՀ-ում (նոր դասընթաց)
Դասընթաց 3. Աշխատանքային միգրացիայի քաղաքականություն. ԵՄ և Հարավային Կովկաս (նոր դասընթաց)
Մոդուլը հիմնված է ուսանողակենտրոն կրթության սկզբունքի վրա, ինչը ենթադրում է դասավանդման և ուսուցման բազմազան մեթոդների կիրառում՝ դասախոսություններ, սեմինարներ, վեբինարներ, խմբային և անհատական աշխատանքներ, դեպքերի վերլուծություններ, մոդելավորումներ և այլն։
Լրացուցիչ միջոցառումներ
Հանդիպում և քննարկում ՄԱԿ ՓԳՀ (UNHCR) Հայաստանի ներկայացուցչության հետ (հյուր, դասախոսություն և քննարկում)
Կլոր սեղան-քննարկում ՀՀ միգրացիոն ծառայության ղեկավարի մասնակցությամբ
Դասագրքերի և տեղեկատվական նյութերի մշակում և տարածում
Մասնակցություն Եվրոպական ուսումնասիրությունների նոր դասագրքի մշակման գործընթացին
Նախագծի արդյունքների ներկայացում «Էրազմուս+» տեղեկատվական օրերի շրջանակում (Հայաստան)
Համագործակցություն «Ժան Մոնե»-ի ամբիոնների և պրոֆեսորների հետ

Այս նախագիծը ֆինանսավորվել է Եվրոպական միության «Էրազմուս+. Ժան Մոնե» («Erasmus+. Jean Monnet») ծրագրի շրջանակում՝ համաձայն 575623-EPP-1-2016-1-AM-EPPJMO-MODULE դրամաշնորհային պայմանագրի։
«Ժան Մոնե». մոդուլ «Եվրոպական ինտեգրումն ու Հարավային Կովկասը»
«Եվրոպական ինտեգրումն ու Հարավային Կովկասը» մոդուլն իրականացվել է 2010 թվականի սեպտեմբերից մինչև 2013 թվականի օգոստոսը։ Այն հիմնականում նախատեսված էր որպես պարտադիր դասընթաց «Եվրոպագիտություն» մագիստրոսական ծրագրի ուսանողների համար, սակայն բաց էր նաև ինտեգրման հարցերով հետաքրքրված լայն լսարանի առջև։ Մոդուլը կազմված էր երեք առանձին դասընթացներից, որոնցից յուրաքանչյուրն իրականացվում էր մեկ կիսամյակի ընթացքում։
Նպատակ: Մոդուլի հիմնական նպատակը Եվրոպական ինտեգրման տարբեր ասպեկտների և ԵՄ-ի ու Հարավային Կովկասի երկրների փոխհարաբերությունների վերաբերյալ բազմակողմանի և համապարփակ գիտելիքների փոխանցումն էր ուսանողներին:
Նախագծի արդյունքներն ու ձեռքբերումները․
Եվրոպական ինտեգրման հիմքերի ըմբռնում
ԵՄ-ի և Հարավային Կովկասի փոխհարաբերությունների բազմաշերտ բնույթի ընկալում
Եվրոպական արժեքների խորքային ըմբռնում. դրանց կիրառելիությունը Եվրոպական հարևանության երկրների համատեքստում
Նախագծի տեսանելիության ապահովման նպատակով միասնական կայքի ստեղծում
Մոդուլը ներառում էր երկու արդեն դասավանդված, բայց վերանայված և բարելավված դասընթաց, ինչպես նաև մեկ՝ ամբողջությամբ նոր դասընթաց՝ ուղղված ուսումնական ծրագրում առկա կարևոր բացը լրացնելուն։ Դասընթացները կենտրոնացած էին «Եվրոպայի գաղափարի», եվրոպական ինքնության, մշակութային ինտեգրման, բազմալեզվության և բազմամշակութայնության զարգացումների վրա։ Երկրի և տարածաշրջանի ցանկացած շահագրգիռ անձ կարող էր դիմել՝ ամբողջ մոդուլին կամ դրա առանձին բաղադրիչներին մասնակցելու համար։
«Ժան Մոնե»-ի մոդուլի դասընթացներ
Եվրոպական ինտեգրման ներածություն
Այս դասընթացը նախատեսված է մագիստրոսական ծրագրի առաջին կուրսի առաջին կիսամյակի համար։ Այն անդրադառնում է Եվրոպական ինտեգրման քաղաքական և պատմական ասպեկտներին, ինչպես նաև առանձնահատուկ ուշադրություն է դարձնում ինտեգրման մշակութային կողմերին, ինքնության խնդիրներին Եվրոպայում և այլ թեմաների, որոնք դեռևս բացակայում են մագիստրոսական ծրագրից: Հատուկ ուշադրություն է հատկացվում մշակութային ինտեգրման մարտահրավերներին ինչպես Եվրոպայում, այնպես էլ տարածաշրջանում։ Դասընթացը համառոտ ներկայացնում է Եվրոպայի պատմությունը, քննարկվում են եվրոպական ինքնության ծագման տարբեր տեսություններ։ Դասընթացի ընթացքում անդրադարձ է կատարվում նաև կրոնի դերին՝ անցյալի, ներկայի և ապագայի համատեքստում։ Ուսանողները հնարավորություն են ունենում տարբեր տեսանկյուններից քննարկելու բազմամշակութայնության հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվում լեզվական բազմազանությանը ԵՄ-ում։ Մշակութային նախագծերն ուսումնասիրվում են նաև ազգային փոքրամասնությունների ներգրավվածության տեսանկյունից։ Ուսանողները միաժամանակ հնարավորություն ունեն մշակութային ինտեգրման տարբեր ասպեկտները դիտարկել կինոդիտումների և վերլուծությունների միջոցով։
Եվրոպական անվտանգության և պաշտպանության քաղաքականություն (ESDP)
Այս դասընթացը նախատեսված է մագիստրոսական ծրագրի առաջին կուրսի երկրորդ կիսամյակի համար։ Այն լուսաբանում է ԵԱՊՔ-ի (ESDP) ինստիտուցիոնալ և իրավական ասպեկտները՝ ներկայացնելով նաև կոնկրետ օրինակներ այն միջոցառումներից, որոնք ուղղված են Հարավային Կովկասի տարածաշրջանին։
«Եվրոպական հարևանության քաղաքականություն»
Դասընթացը դիտարկում է քաղաքականությունը բազմամասնագիտական տեսանկյունից՝ ներառելով քաղաքական, տնտեսական և իրավական ասպեկտներ։ Ուսանողները հնարավորություն կունենան խորապես ծանոթանալու ԵՄ արտաքին քաղաքականության գործնական դրսևորումներին՝ առանձին տարածաշրջանի նկատմամբ։ Դասընթացը նաև վերլուծում է Հարավային Կովկասի երկրների կողմից այդ քաղաքականության իրականացումը՝ ուսանողներին հնարավորություն տալով քննադատական հայացքով գնահատելու քաղաքականության ձևավորման երկու կողմերը։ Դասընթացը իրականացվում է ոլորտում առկա ամենաթարմ տեղեկատվության հիման վրա, որը շարունակաբար զարգանում է՝ քաղաքականության հետ զուգահեռ։
Բոլոր դասընթացների ակադեմիական ավելացված արժեքը նաև պայմանավորված է Լիսաբոնի պայմանագրով ԵՄ համակարգում կատարված փոփոխությունների ազդեցության ուսումնասիրմամբ։ Ուսանողները խրախուսվում են՝ մասնակցելու հետազոտական աշխատանքներին. յուրաքանչյուր դասընթացի շրջանակում որպես ուսումնական առաջադրանք ներկայացնում են էսսեներ:
Դասընթացներն անցկացվում են դասախոսություն-սեմինար ձևաչափով, որի ընթացքում գնահատվում է ուսանողների մասնակցությունը յուրաքանչյուր սեմինարի ժամանակ։ Որպես ժամանակակից ուսուցման մեթոդներ՝ լայնորեն կիրառվում են դերախաղեր (օրինակ՝ ԵՄ և Հայաստանի միջև բանակցությունների մոդելավորում, պայմանագրերի և փաստաթղթերի նախապատրաստում), քննարկումներ, խմբային աշխատանքներ, դատավարական խաղեր («Moot court»)։ Այս մեթոդները նորույթ են Հայաստանի համալսարանական կրթության համակարգում և նպաստում են ուսանողների գործնական ու վերլուծական հմտությունների զարգացմանը։