ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԾԱՆՈԹԱՆԱԼ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի, «Align Technology» բժշկական սարքավորումների համաշխարհային ընկերության և «Armenian Code Academy» ընկերության համագործակցության շրջանակում ԵՊՀ-ում կազմակերպվել էր տեղեկատվական հանդիպում:
![ysu-students-continue-to-know-workforce-opportunities](/sites/default/files/styles/large_slide/public/migrated/images/f3T7Vai5wojTZG4RjQz71dy1LH.jpg?h=bccd1fa5&itok=yghCIcEt)
«Align Technology» և «Armenian Code Academy» ընկերությունների ներկայացուցիչները ԵՊՀ ուսանողներին ներկայացրին իրենց կազմակերպությունների գործունեությունը, կիրառվող մեթոդները, ստորաբաժանումների աշխատանքը, ստացված արդյունքները, կարիերա ստեղծելու համար իրենց թիմերին միանալու առավելությունները: Խոսվեց նաև վճարվող ինտերնշիփերի և պրակտիկայի մասնակցելու հնարավորությունների մասին, որոնց արդյունքում մասնակիցները կստանան հավաստագրեր, իսկ իրենց լավագույնս դրսևորած մասնակիցները կստանան աշխատանքի հնարավորություն։
Առաջիկայում նախատեսվում է ԵՊՀ տարբեր ֆակուլտետներում կազմակերպել հանդիպումներ, որոնց ժամանակ ուսանողներին առավել մանրամասն կներկայացվեն ինտերնշիփի հնարավորությունները։
Հանդիպմանը ուսանողները մասնակցեցին քուիզի, և հաղթողները ստացան փոքրիկ մրցանակներ։ Ընկերությունը նաև խրախուսական նվերներ էր պատրաստել մյուս մասնակիցների համար։
Նշենք, որ «Align Technology» բժշկական սարքավորումների համաշխարհային ընկերությունը օրթոդոնտիկ և վերականգնողական բուժում է իրականացնում և բժշկական ծառայություններ մատուցում միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում, իսկ «Armenian Code Academy» ընկերությունը ուսումնական հաստատություն է Երևանում: Վերջին հինգ տարիների ընթացքում ընկերությունը կազմակերպում է վերապատրաստման ծրագրեր, որոնք առաջարկում են բարձրորակ կրթություն ինչպես էնտուզիաստներին, որոնք ցանկանում են միանալ համակարգչային ծրագրավորմանը, այնպես էլ գործող ծրագրավորողներին, որոնք ցանկանում են ընդլայնել իրենց մտահորիզոնը: