- Main
- Node
- ԱՄՐԱՊՆԴՎՈՒՄ ԵՆ ԱՐՑԱԽԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԵՎ ԵՊՀ-Ի ԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ԱՆՑԿԱՑՎԵՑ ԱՌԱՋԻՆ ԱՌՑԱՆՑ ԴԱՍԸՆԹԱՑԸ
November 14, 2022 | 15:24
Կրթություն
ԱՄՐԱՊՆԴՎՈՒՄ ԵՆ ԱՐՑԱԽԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԵՎ ԵՊՀ-Ի ԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ԱՆՑԿԱՑՎԵՑ ԱՌԱՋԻՆ ԱՌՑԱՆՑ ԴԱՍԸՆԹԱՑԸ
Արցախի պետական համալսարանի ուսանողներն առցանց ձևաչափով մասնակցում են ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում կարդացվող դասախոսություններին:
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան, ի.գ.դ., պրոֆեսոր, ԳԱԱ ակադեմիկոս Գագիկ Ղազինյանը, մեզ հետ զրույցում ասաց, որ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Արցախի պետական համալսարանի միջև կնքված հուշագրի համաձայն՝ ԵՊՀ պատվիրակությունը տարեկան երկու անգամ մեկշաբաթյա ժամկետով այցելում է գործընկեր բուհ՝ կարդալու նրանց կողմից նախապես ընտրված թեմաներով դասախոսություններ, անցկացնելու տարբեր թեմաներով մասնագիտական քննարկումներ: 2022 թ. մայիսին կատարված այցի ընթացքում նաև ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ Արցախի պետական համալսարանի ուսանողների համար առցանց դասախոսություններ անցկացնելու։
Գործընկեր կառույցների միջև կնքված հուշագրի համաձայն՝ իրավագիտության ֆակուլտետը Արցախի պետական համալսարանի իրավագիտության ամբիոնին մշտապես տալիս է մասնագիտական անհրաժեշտ աջակցություն, ինչպես նաև օժանդակում է Արցախի պետական համալսարանում իրավագիտության ֆակուլտետի ձևավորման գործին։
Առաջին դասախոսությունը «Քրեական դատավարություն» առարկայի շրջանակում էր, որն անցավ ինտերակտիվ ձևաչափով. դասախոսը՝ ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի վարիչ Սամվել Դիլբանդյանը, հնարավորություն ընձեռեց ուսանողներին հարցուպատասխանի միջոցով ստանալու իրենց առավել հետաքրքրող հարցերի պատասխանները։
Նշենք, որ ուսումնասիրելով ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի առարկայացանկը և ծանոթանալով կրթական ծրագրերին՝ Արցախի պետական համալսարանի ուսանողները կամընտրաբար կմասնակցեն իրենց հետաքրքրող և անհրաժեշտ դասախոսություններին առցանց եղանակով, որոնց մասնակցության համար ժամկետային սահմանափակում չկա. ուսանողն ազատ է թե՛ առարկայի ընտրության և թե՛ դասախոսություններին մասնակցելու ժամկետի որոշման հարցերում։