- Main
- Node
- ԵՊՀ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԳՐԱԴԱՐԱՆԸ ՀԱՄԱԼՐՎԵՑ ԻՐԱՆԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ
November 15, 2022 | 16:34
Կրթություն
Գիտություն
ԵՊՀ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԳՐԱԴԱՐԱՆԸ ՀԱՄԱԼՐՎԵՑ ԻՐԱՆԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում հյուրընկալվեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային խորհրդական Հոսեին Թաբաթաբային՝ ԵՊՀ իրանագիտության ամբիոնին մասնագիտական գրքեր նվիրելու և ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպելու նպատակով:
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը, ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով Հ. Թաբաթաբայիին, ասաց, որ իրանագիտության վերաբերյալ գրականությունը ֆակուլտետի համար ամենացանկալի և սպասված նվերն է; Դեկանն ընդգծեց, որ մասնագիտական գրքերը կիրառելի կլինեն և՛ գիտական, և՛ կրթական բնագավառներում. դրանք կօգնեն ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմին իրենց գիտական ուսումնասիրությունները կատարելիս, ինչպես նաև կնպաստեն ուսանողների՝ մասնագիտական առավել խոր գիտելիքների ձեռքբերմանը:
ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ երկկողմ համագործակցության շրջանակում մշտապես կազմակերպվում են մշակութային և գիտական միջոցառումներ, որոնց թվում՝ գիտական սեմինարներ և համաժողովներ, ինչպես նաև շեշտեց, որ ԻԻՀ մշակույթի կենտրոնը ԵՊՀ իրանագիտության ամբիոնին պարբերաբար նվիրում է մասնագիտական գրքեր:
«ԵՊՀ իրանագիտության ամբիոնը Իրանի ակադեմիական տարբեր հաստատությունների հետ ունի գործակցային կապեր, որոնց շրջանակում Իրանում Գրքի և ուսանողության տոնի կապակցությամբ իրանական մշակութային և գիտական տարբեր կազմակերպությունների անունից Հ. Թաբաթաբային մեր ամբիոնին նվիրեց պարսկերենով գրականություն. դրանք թե՛ գիտական, թե՛ գեղարվեստական գրքեր են»,- նշեց Վ. Ոսկանյանը:
ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային խորհրդական Հոսեին Թաբաթաբային ԵՊՀ արևելագիտության ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին ներկայացրեց գրքերը՝ հույս հայտնելով, որ դրանք օգտակար կլինեն ուսումնառության ընթացքում:
Հանդիպման վերջում հարցուպատասխանի միջոցով ծավալվեց ակտիվ քննարկում, որի ժամանակ Հ. Թաբաթաբային խոսեց ԵՊՀ-ի և Թավրիզի համալսարանի միջև համագործակցության ծրագրերի, ԵՊՀ ուսանողների՝ դեպի Շիրազ և Թավրիզ այցի, ինչպես նաև դասախոսների փախանակման ծրագրի մասին:
Նշենք, որ ԵՊՀ իրանագիտության ամբիոնը ունի ֆակուլտետի ամենամեծ գրադարանը, որից օգտվում են թե՛ դասախոսները, թե՛ ուսանողները, թե՛ ֆակուլտետի հյուրերը:
Հիշեցնենք, որ Քեմբրիջի և Էդինբուրգի համալսարաններից չորս ուսանողներ իրենց ուսումնառությունը շարունակում են ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում: