- Main
- Node
- ԵՊՀ-ՈՒՄ ՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ Է ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԻՆ ՀԱՅԵՐԵՆ ԴԱՍԱԳԻՐՔԸ
December 19, 2022 | 15:35
Կրթություն
Գիտություն
ԵՊՀ-ՈՒՄ ՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ Է ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԻՆ ՀԱՅԵՐԵՆ ԴԱՍԱԳԻՐՔԸ
ԵՊՀ հրատարակչությունը լույս է ընծայել համալսարանի քաղաքացիական դատավարության ամբիոնի նախաձեռնությամբ մշակված «Վարչական դատավարություն» առարկայական դասագիրքը: Դասագրքի տպագրության, բովանդակության և այնտեղ արծարծված հարցերի մասին զրուցել ենք ամբիոնի վարիչ, դասագրքի գլխավոր խմբագիր և հեղինակային խմբի ղեկավար Վահե Հովհաննիսյանի հետ:
Վարչական արդարադատությունը ՀՀ իրավական համակարգ է ներդրվել 2008 թվականից: Մինչ այդ վարչական դատարանների ինքնուրույն համակարգ չէր գործում և պետություն-մասնավոր սուբյեկտ կամ հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերի լուծման այս կարգը գոյություն չուներ: Ըստ Վ. Հովհաննիսյանի՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում այս ուղղության տեսական հիմքերի ուսումնասիրությունը և առարկայի դասավանդումն անհրաժեշտություն էին, իսկ այդ ամենն իրագործելու հիմնական նախադրյալը դասագրքի առկայությունն է:
««Վարչական դատավարություն» դասընթացը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում ներդրվել է վերջին երկու տարիների ընթացքում՝ բակալավրիատի ծրագրում դառնալով պարտադիր առարկա, քանի որ վարչական դատավարությունն այժմ ՀՀ-ում ամենաարագ զարգացող ոլորտներից է, և կարելի է ասել, որ վարչական գործերով արդարադատությունը որակական առումով շահեկան դիրքերում է»,- մեզ հետ զրույցում փաստեց դասագրքի գլխավոր խմբագիրը, ապա հավելեց․ «Գրքի ընդհանուր ծրագիրը կազմվել և մշակվել է «ՋԻ ԱՅ ԶԵԹ»-ի հետ համագործակցության շրջանակում՝ Գերմանիայի պրոֆեսորների, դասախոսների ու այն փորձագետների մասնակցությամբ, որոնք եղել են ՀՀ-ում վարչական արդարադատության ներդրողներից»:
Խոսելով դասագրքի առավելություններից՝ Վ. Հովհաննիսյանն ասաց, որ գրքում մատնանշվում է դատական տարբեր ակտերի և ատյանների միջև օրգանական կապը, վերլուծության է ենթարկվում այդ կապի խզումը, որպեսզի հետագայում դատական համակարգի գործունեության արդյունքում կա՛մ դատական համակարգը փորձի շտկել այդ բացը, կա՛մ այն ուսանողները, որոնք մուտք են գործելու աշխատաշուկա:
«Բովանդակային առումով «Վարչական դատավարություն» առարկայական դասագիրքը տարբերվում է ավանդական դասագրքերից, քանի որ կիրառական գիտելիքներին զուգահեռ՝ շեշտը դրվել է նաև տեսական գիտելիքների վրա: Մինչ այս դասագրքերի ստեղծման այսպիսի մոդել դեռևս չի կիրառվել: Դասագրքում որպես փորձառական հիմք են ընդունվել ոչ միայն Վճռաբեկ և Եվրոպական դատարանների որոշումները, այլև դատական մյուս օղակների ակտերը. մենք փորձել ենք օրգանական կապ ստեղծել դրանց միջև, ինչն անչափ կարևոր է»,- ասաց ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյանը։
Մեր զրուցակիցը նշեց, որ դասագրքի հեղինակային կազմում ընդգրկված են ինչպես գիտությամբ զբաղվող, այնպես էլ գիտությունը և պրակտիկան համատեղող դասախոսներ, ապա հավաստեց, որ այժմ ֆակուլտետում դասավանդվող բոլոր առարկաներն ունեն անհրաժեշտ հայերեն դասագիրք:
«Ուսանողները չպետք է որևէ խնդիր ունենան աղբյուրների կամ դասագրքերի որոնման հարցում․ այս համատեքստում կարևոր է հայերեն դասագրքեր հեղինակելը: Օրենսդրության փոփոխություններին զուգահեռ՝ նոր դասագրքերի առկայությունն օգնում է, որ ուսանողները մատուցվող նյութը հեշտությամբ յուրացնեն»,- մեզ հետ զրույցում ընդգծեց Վ. Հովհաննիսյանը:
Նշենք, որ Երևանի պետական համալսարանի ԳԽ նիստերի դահլիճում վերջերս կայացել էր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնի հրատարակած «Քաղաքացիական դատավարություն», «Վարչական դատավարություն» և «Հողային իրավունք» առարկայական դասագրքերի շնորհանդեսը:
Կարինե Հովհաննիսյան