- Main
- Node
- ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՒՄ ԵՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՍԿՍԱԾ ԱՌԱՋԻՆ ԿՈՒՐՍԻՑ
December 20, 2022 | 15:47
Կրթություն
Գիտություն
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՒՄ ԵՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՍԿՍԱԾ ԱՌԱՋԻՆ ԿՈՒՐՍԻՑ
«Պերցեպտիվ գործընթացների հոգեբանություն և պրակտիկում» առարկայի շրջանակում ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ուսանողներն ամրապնդում են տեսական ու գործնական գիտելիքները՝ ձեռք բերելով հետազոտական հմտություններ:
Ժամանակակից աշխարհում հոգեբանությունն առանց հետազոտական գործիքակազմի դժվար է պատկերացնել:
ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնը նպաստում է ուսանողների՝ հետազոտական հմտությունների զարգացմանը՝ սկսած բակալավրիատի առաջին կուրսից: Ամբիոնի վարիչ, հ.գ.դ., պրոֆեսոր Հրանտ Ավանեսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հոգեբանների համար կարևոր է, տեսական գիտելիքին զուգահեռ, մեթոդական գիտելիք ունենալը, մասնավորապես՝ մարդուն կամ սոցիալական խմբերին ուսումնասիրելու մեթոդներին տիրապետելը:
«Մեր ուսանողները «Պերցեպտիվ գործընթացների հոգեբանություն և պրակտիկում» առարկայի շրջանակում ձեռք են բերում հետազոտական հմտություններ՝ դառնալով հետազոտող մասնագետներ, որից հետո ծավալում են պրակտիկ գործունեություն»,- նշեց Հ. Ավանեսյանը:
Ուսանողներին հնարավորություն է ընձեռվում հետազոտելու անձի զգայությունները, ընկալումները և ուշադրությունը, իսկ գործնական հմտությունների զարգացման համար համապատասխան սարքավորումներ են կիրառվում: ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնը տեխնիկապես հագեցած է և տարեցտարի հարստանում է:
ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի դոցենտ, «Պերցեպտիվ գործընթացների հոգեբանություն և պրակտիկում» առարկայի դասախոս Նարինե Հարությունյանը, մեզ հետ զրույցում հոգեբանությունը բնորոշելով որպես մարդու հոգեկանի դրևորումների և զարգացման օրինաչափությունների մասին գիտություն, վստահեցրեց, որ առարկայի շրջանակում ուսանողների ստացած տեսական և գործնական գիտելիքներն ու հմտությունները կնպաստեն նրանց՝ ոլորտի առաջատար մասնագետ դառնալուն:
«Ժամանակակից աշխարհում հոգեբանությունն արդիական գիտություն է և, վստահորեն կարելի է ասել, հնարավոր չէ առանձնացնել որևէ ոլորտ, որտեղ հոգեբանությունը ներթափանցած չլինի: Այն համարվում է «այբուբեն» ֆակուլտետ եկող առաջինկուրսեցիների համար»,- փաստեց Ն. Հարությունյանը:
Խոսելով ուսանողների՝ գործնական աշխատանքների նկատմամբ հետաքրքրվածության մասին՝ Ն. Հարությունյանն առանձնացրեց յուրօրինակ նշանակություն ունեցող մի քանի սարքավորում, դրանցից են էստեզիոմետր սարքը, որը մաշկի զգայական շեմերն է չափում, և կինեմատոմետրը, որը չափում է մկանային համակարգի ստորին կամ վերին շերտերը: Մեր զրուցակիցը հավաստեց, որ այսօրինակ սարքավորումների առկայությունը ֆակուլտետում ուսանողներին է՛լ ավելի է ոգեշնչում սիրելու և ուսումնասիրելու իրենց մասնագիտությունը:
«Աշխարհում կա երկու մասնագիտություն, որոնք մարդը չի ընտրում, այլ, կարելի է ասել, մասնագիտությունն է ընտրում մարդուն. մանկավարժությունը և հոգեբանությունը հենց այդ մասնագիտություններից են»,- ասաց ԵՊՀ հոգեբանության բաժնի առաջին կուրսի ուսանող Սոնա Սահակյանը:
ԵՊՀ ուսանողը ոգևորությամբ խոսեց առաջին կիսամյակում իր ստացած գիտելիքների մասին: «Այս ամենն ինձ անչափ հետաքրքրել է, արդեն մասնագիտորեն եմ պատկերացնում այն, որ մեր ֆիզիոլոգիական վիճակն ուղիղ կապ ունի հոգեկան ու մտավոր աշխարհի հետ: Հոգեբանությունն այն մասնագիտությունն է, որը ձգողական յուրօրինակ ուժով դեպի իրեն է քաշում, ու ցանկանում ես առավել խորությամբ ուսումնասիրել այն»,- նշեց Սոնան:
Հավելենք, որ ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ընդհանուր հոգեբանության ամբիոնը առարկայի շրջանակում կազմակերպել էր «Ճանաչողական հոգեբանություն» խորագրով ինտերակտիվ դաս, որի ընթացքում առաջինկուրսեցիները լաբորատոր սարքավորումների միջոցով ցուցադրել են «Պերցեպտիվ գործընթացների հոգեբանություն և պրակտիկում» դասաժամից ձեռք բերված գործնական հմտությունները, զգայական համակարգի վերաբերյալ գիտելիքները՝ հետազոտական գործիքակազմի մեթոդների կիրառմամբ: Միջոցառմանը մասնակցում էին նաև «Ընտանիքի հոգեբանություն» ծրագրի մագիստրանտները, որոնք ներկայացրել են հոգեբանի համար ընտանեկան տարաբնույթ խնդիրների հաղթահարման ժամանակ կիրառելի մեթոդները: