- Main
- Node
- ԵՊՀ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԴԱՍԱՎԱՆԴՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ
December 20, 2022 | 16:22
Կրթություն
Գիտություն
ԵՊՀ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԴԱՍԱՎԱՆԴՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում մեկնարկեց «Գերմաներենը և ձեռներեցությունը» խորագրով եռօրյա սեմինար:
Գերմաներեն դասավանդողների համար կազմակերպված սեմինարը նպատակ ունի ծանոթացնելու նրանց ձեռներեցության բնագավառում գերմաներենի առանձնահատկություններին: Սեմինարի երեք օրերի ընթացքում մասնակիցները ձեռք կբերեն նոր գիտելիքներ` հետագայում դրանք փոխանցելով ուսանողներին և աշակերտներին: Այսօրվա սեմինարը վարեց «Քլեթ» հրատարակչության «Գերմաներենը որպես օտար լեզու» տարածաշրջանային վերապատրաստման ծրագրերի պատասխանատու Ջեննիֆեր Սվանդան:
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի գերմանական բանասիրության ամբիոնի վարիչ Գայանե Սավոյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ ժամանակակից աշխարհում օտար լեզու իմանալը բավարար չէ մասնագիտական աճի համար․ անչափ կարևոր են միջմշակութային հաղորդակցության հմտություններն ու կարողությունները:
Անդրադառնալով սեմինարի կարևորությանը՝ գերմանական բանասիրության ամբիոնի վարիչը փաստեց, որ այն մտքերի փոխանակման հնարավորություն կընձեռի և կնպաստի մասնագիտական կարողությունների զարգացմանը, բիզնես ոլորտում լեզվական համագործակցության հարթակ կստեղծի այն ընկերությունների հետ, որոնք գերմանախոս են կամ համագործակցում են գերմանախոս երկրների հետ:
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի գերմանական բանասիրության ամբիոնի դասախոս, Գերմանախոս երկրների շրջանավարտների միավորման նախագահ Մերի Նավասարդյանի հավաստմամբ «Գերմաներենը և ձեռներեցությունը» խորագրով սեմինարի ժամանակ լեզվի դասավանդումը ներկայացվում է նոր լույսի ներքո, այն է՝ ինչպես ուսանողներին ծանոթացնել ոլորտին, ինչպես դասավանդել, որ սովորողների շրջանում հետաքրքրություն առաջանա և՛ գերմաներենի, և՛ ձեռներեցության հանդեպ:
Ջավախաշվիլիի անվան պետական, Թիֆլիսի պետական բժշկական, Հայաստանում ֆրանսիական, Հայ-ռուսական, Վ. Բրյուսովի անվան պետական, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանների դասախոսները և մասնավոր դպրոցների մանկավարժները սեմինարի ընթացքում կծանոթանան բիզնեսի ոլորտի մասնագիտական թեմաներին:
Նշենք, որ եռօրյա սեմինարը կազմակերպվել է ԵՊՀ գերմանական բանասիրության ամբիոնի և Գերմանախոս երկրների շրջանավարտների հայկական միավորման համագործակցության շրջանակում (Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության՝ DAAD-ի ֆինանսական աջակցությամբ):