- Main
- Node
- ԱՐԱԲԵՐԵՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
December 21, 2022 | 16:36
Կրթություն
Գիտություն
ԱՐԱԲԵՐԵՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ արաբագիտության ամբիոնը կազմակերպել էր Արաբերենի միջազգային օրվան նվիրված միջոցառում, որի ժամանակ ուսանողները ներկայացրին վերջին տարիներին ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի կատարած աշխատանքները՝ մատնանշելով դրանց նշանակալի դերն իրենց գիտահետազոտական գործունեության ընթացքում։
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի համար այս օրը յուրահատուկ է. այս խորհրդանշական օրը ամբիոնը ներկայացնում է իր գործունեության հաշվետվությունը, որն ուղեկցվում է կրթական ու մշակութային միջոցառմամբ:
Կազմակերպված միջոցառմանը ներկա էին ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ՀՀ-ում արաբական երկրների դեսպանները, ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչներ և այլ հյուրեր:
ԵՊՀ ռեկտորը, ընդգծելով համալսարանում արաբերենի ուսուցման կարևորությունը, հավաստեց, որ բուհի՝ տասնյակից ավելի ուսանողներ կրթություն են ստանում արաբական երկրներում, ուսումնասիրում այն երկրների մշակույթն ու պատմությունը, որոնց մասին տեսական գիտելիքներ են ստանում ԵՊՀ-ում:
Հ. Հովհաննիսյանն անդրադարձավ նաև Սիրիայի, Եգիպտոսի, Իրաքի, ԱՄԷ-ի, Քուվեյթի և այլ երկրների գիտակրթական կենտրոնների հետ համագործակցություններին՝ հույս հայտնելով, որ ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերը կլինեն շարունակական, և գործակցային շրջանակը կընդլայնվի:
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պ․գ․դ․, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը, շնորհավորելով ներկաներին Արաբերենի միջազգային օրվա կապակցությամբ, նշեց, որ տոնը կարևոր է ոչ միայն արաբախոս երկրների, այլև մեզ համար, քանի որ այն նույնքան հարազատ լեզու է հայ լեզվակիրների համար։
Անդրադառնալով արաբերենի ուսուցման և տարածման գործում ԵՊՀ արաբագիտության ամբիոնի և լեզուն դասավանդողների էական դերին ու նշանակությանը՝ դեկանը նշեց․ «Ամբիոնը կարևոր կենտրոն է, որի գործունեությունը միտված է միջմշակութային ճանաչողությանը, արաբերենի, արաբագիտության, արաբական մշակույթի տարածմանն ու ճիշտ ուսուցանմանը։ Արաբերենի գերազանց դասավանդման գործում մեծ դեր ունեն մեր դասախոսները, և ես շնորհակալություն եմ հայտնում արաբագիտության ամբիոնին, ի դեմս ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանի և պրոֆեսորադասախոսական անձնակազմի, իրենց տարիների երախտիքի և ամբիոնի կերտած որակյալ մասնագետների համար, որոնք ծառայում են դիվանագիտական և նշանակալի այլ ոլորտներում»։
Պրոֆեսորն առանձնակի կարևորեց միջոցառմանն աշակերտների ներկայությունը, որոնք փոքր տարիքում սովորում են արաբերեն, և հայտնեց, որ ֆակուլտետը պատրաստ է օժանդակելու մասնագիտական հարցերում։
«Ուրախ կլինենք, եթե տարիներ հետո ձեզ տեսնենք արևելագիտության ֆակուլտետի ուսանողի կարգավիճակում»,- դիմելով աշակերտներին՝ ասաց դեկանը։
Ամփոփելով խոսքը՝ Ռ․ Մելքոնյանը փաստեց, որ այսօր առավել մեծ ոգևորությամբ են շարունակվում ամրակայված ավանդույթները, իսկ ներկայիս ուսանողությունը և աշակերտությունը այդ ավանդույթների շարունակականության ապահովման երաշխիքն են։
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը, ողջունելով ներկաներին, ասաց․ «Այս օրը մենք միշտ հիշարժան ենք դարձնում նոր ձևաչափով հաշվետվությամբ։ Այս անգամ ընտրել ենք մեկ այլ յուրօրինակ տարբերակ․ արևելագիտության ֆակուլտետի ուսանողները կներկայացնեն իրենց կատարած աշխատանքները արաբագիտության ամբիոնում։ Հատկանշական է նաև այն, որ մեր այսօրվա միջոցառման թարգմանիչը հենց արաբագիտության ամբիոնի մագիստրանտ է»։
Անդրադառնալով արաբերենի՝ որպես ուսումնական առարկայի՝ դպրոցական ծրագրում ներառելու փաստին՝ Հ․ Քոչարյանը նշեց, որ հենց արևելագիտության ֆակուլտետի շրջանավարտներն են ուսուցանում լեզուն՝ հնարավորություն ընձեռելով սովորողներին դեռևս դպրոցական հասակից ուսումնասիրելու արաբերենը։
Հ․ Քոչարյանը կարևորեց հայերենից արաբերեն թարգմանություններ կատարողների դերը՝ ընդգծելով, որ ամբիոնի ծավալած գործունեության արդյունքները ոչ միայն հայերենով են ներկայացվում, այլև արաբերենով՝ դրանով իսկ ամրապնդելով երկրների միջև մշակութային կապը։
Արաբերենի լայն տարածվածությունը նպաստում է լեզուն սովորել ցանկացող ուսանողների թվի աճին: Արաբերենը համարվում է աշխարհի հնադարյան այն սակավաթիվ լեզուներից մեկը, որը շարունակում է մնալ ամենատարածվածներից ու ամենաշատ խոսվողներից մեկը: Այն ՄԱԿ-ի վեց պաշտոնական լեզուներից մեկն է:
Նշենք, որ տարին հոբելյանական է. 2012 թվականի հոկտեմբերին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի 190-րդ նստաշրջանի գումարման ժամանակ, դեկտեմբերի 18-ը ճանաչվել է որպես արաբերենի միջազգային օր: