- Main
- Node
- ԵՊՀ-Ն ԻՐ ՆԵՐՈՒԺՈՎ ՊԱՏՐԱՍՏ Է ՆՊԱՍՏԵԼՈՒ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ
December 22, 2022 | 17:14
Կրթություն
Գիտություն
ԵՊՀ-Ն ԻՐ ՆԵՐՈՒԺՈՎ ՊԱՏՐԱՍՏ Է ՆՊԱՍՏԵԼՈՒ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ
Պետության էկոլոգիական գործառույթի, էկոլոգիական անվտանգության, մարդու էկոլոգիական իրավունքների ամրագրման և պաշտպանության հարցերը մշտապես եղել են ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Ա. Իսկոյանի անվան էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի ուշադրության կենտրոնում։
20-րդ դարի գիտատեխնիկական առաջընթացը, դրական ազդեցություններին զուգահեռ, բացասական հետևանք է թողնում շրջակա միջավայրի, մարդու կյանքի ու առողջության վրա՝ ստեղծելով պետության էկոլոգիական քաղաքականության և մարդու էկոլոգիական իրավունքների օրենսդրական ամրագրման անհրաժեշտություն։
Սահմանադրական բարեփոխումները ստեղծում են էկոլոգիական հարաբերությունները սահմանադրական մակարդակով վերանայելու, ժողովրդավարական զարգացմանն առավել համահունչ դարձնելու և բացթողումները լրացնելու հնարավորություն: Հենց այդ բացթողումներն ու թերությունները վերհանելու և դրանց լուծումներն առաջարկելու նպատակով էլ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Ա. Իսկոյանի անվան էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնն այսօր նախաձեռնել էր սահմանադրական բարեփոխումների գործընթացում էկոլոգիական ոլորտի հիմնահարցերի վերաբերյալ քննարկում։
Միջոցառմանը մասնակցում էին Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Դավիթ Հակոբյանը, ԵՊՀ իրավագիտության, կենսաբանության, աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետների, ինչպես նաև այլ բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչներ։
Քննարկման կազմակերպիչ, կենտրոնի ղեկավար, ի.գ.թ., դոցենտ Օլիմպիա Գեղամյանի խոսքով՝ այս հանդիպումը կառուցողական երկխոսություն ծավալելու համար մեկնարկային քայլ էր։
Ներկաները բարձր գնահատեցին Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի նախաձեռնողականությունը, որը միտված է համախմբելու ոլորտի գիտնականներին ու մասնագետներին և ընձեռում է բարեփոխումների հանձնաժողովի անդամի հետ անմիջականորեն աշխատելու միջոցով իրենց դիրքորոշումն ու մտահոգությունները հայտնելու հնարավորություն։
Հանդիպման վերջում ներկաները որոշեցին «Սահմանադրական բարեփոխումների նախագծի» շրջանառման փուլում կրկին հանդիպել՝ քննարկելու դրա բովանդակային հատվածի մասին իրենց տեսակետները: Նրանք հույս հայտնեցին, որ հետագայում ձևավորվելու է փաստաթղթային միասնական դիրքորոշում, որը կներկայացվի Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին։
Նշենք, որ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Ա. Իսկոյանի անվան էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնը մասնագիտական ակտիվություն է ցուցաբերել 2005 և 2015 թվականների՝ սահմանադրական բարեփոխումների գործընթացներին ևս՝ նպատակ ունենալով նպաստելու հայրենական Սահմանադրության կայացման բարդ ճանապարհին հանդիպող հիմնախնդիրների լուծմանը: