- Main
- Node
- ԿԱՅԱՑԵԼ Է ԵՊՀ ՈՒԳԸ ԿԻՍԱՄՅԱԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՆԻՍՏԸ
December 27, 2022 | 16:52
Կրթություն
Գիտություն
ԿԱՅԱՑԵԼ Է ԵՊՀ ՈՒԳԸ ԿԻՍԱՄՅԱԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՆԻՍՏԸ
ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության կիսամյակային ընդլայնված նիստի ժամանակ ամփոփվեցին ֆակուլտետների ՈՒԳԸ գործունեության արդյունքները: Կիսամյակի ընթացքում ակտիվ գործունեություն ծավալած լավագույն ՈՒԳԸ-ականները պարգևատրվեցին կառույցի 75-ամյակի հոբելյանական հուշանվերներով։
Նիստի ժամանակ աշխատանքային և հաղորդակցական էթիկայի մասին խոսեց Էթիկայի դպրոցի տնօրեն Գևորգ Մկրտչյանը: Բանախոսը նաև պատասխանեց ներկաների հարցերին, որոնք առնչվում էին դասախոսության թեմային։
ԵՊՀ ՈՒԳԸ նախագահ Մերի Փանոսյանը, անդրադառնալով կառույցի կիսամյակային գործունեությանը, փաստեց, որ այն, ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս գերհագեցած է եղել։ Նրա խոսքով՝ տարվա ընթացքում կազմակերպվել են նոր և տարբեր ձևաչափերի միջոցառումներ, որոնք նպաստել են ինչպես կառույցի, այնպես էլ գիտական մտքի զարգացմանն առհասարակ։
Խոսելով ուսանողական կառույցի ձեռքբերումներից՝ Մ․ Փանոսյանն առանձնակի կարևորեց ՈՒԳԸ միջազգային երիտասարդական 8-րդ գիտաժողովի բարձր մակարդակով կազմակերպված լինելը, «ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու» երիտասարդական գիտական պարբերականի Բնական և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների 1․1 (35), Հումանիտար և հասարակական գիտությունների 1․2 (36) համարների հրատարակումը, կառույցի՝ միջազգային նոր համագործակցությունները և այլն։
«Կառույցի կազմակերպած միջազգային գիտաժողովների, օլիմպիադաների և միջազգային համագործակցության շնորհիվ գերազանցվել են ակնկալիքները։ Ուսանողական գիտական ընկերությունն այն կառույցն է, որը կաղապարից դուրս գալու հնարավորություն է տալիս։ Այս համատեքստում կարևոր է նշել, որ կիսամյակի ընթացքում կազմակերպվել են գիտական շուրջ 500 միջոցառումներ, որոնց թիվը, հույս ունեմ, հաջորդ տարի կկրկնապատկվի»,- ամփոփելով խոսքը՝ ասաց ՈՒԳԸ նախագահը։
Կիսամյակային ակտիվ գործունեություն ծավալած միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Մերի Բարսեղյանը մեզ հետ զրույցում անդրադարձավ կառույցում ակտիվություն ցուցաբերած ուսանողներին պարգևատրելու և խրախուսելու կարևորությանը։ Նրա խոսքով՝ այն ոգևորում է առավել ակտիվ լինելու։
Անդրադառնալով ֆակուլտետի կիսամյակային գործունեությանը՝ Մերին առանձնակի կարևորեց հոդվածագրության ակումբի դերն ու նշանակությունը։ Նրա խոսքով՝ ակումբի շրջանակում փորձառու հոդվածագիր դասախոսների ուղղորդմամբ կատարվել են հետազոտական աշխատանքներ, գրվել գիտական հոդվածներ։
«Ինձ համար ի սկզբանե սահմանված նպատակ էր մեր ֆակուլտետն առաջին հորիզոնականում տեսնելը, ինչն այսօր իրականություն է։ Լիահույս եմ, որ հետագայում ևս ֆակուլտետի ՈՒԳԸ-ն կշարունակի նույն ոգևորությամբ բարձր պահել ֆակուլտետի անունը»,- մեզ հետ զրույցում հպարտությամբ ընդգծեց Մերին։
Նշենք, որ ԵՊՀ ՈՒԳԸ նախաձեռնությամբ պարբերաբար կազմակերպվում են միջբուհական ու միջազգային լայնամասշտաբ միջոցառումներ, որոնք նպաստում են ուսանողների գիտական մտածողության ձևավորմանն ու զարգացմանը, ինչպես նաև Հայաստանում երիտասարդների ներգրավմամբ գիտության զարգացմանը: