- Main
- Node
- ԸՆԴԱՌԱՋ ԳՆԱԼՈՎ ԵՊՀ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԻՆ՝ ԸՆԴԱՐՁԱԿՎՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ
January 13, 2023 | 11:05
Կրթություն
Գիտություն
ԸՆԴԱՌԱՋ ԳՆԱԼՈՎ ԵՊՀ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԻՆ՝ ԸՆԴԱՐՁԱԿՎՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ
«Խորհրդանշական է, որ «Ամերիկագիտություն» մագիստրոսական նոր ծրագիրը ստեղծվել է մասնավորապես Երևանի պետական համալսարանում։ Մագիստրոսական այս ծրագիրը կոչված է լրացնելու այն բացը, որն առկա է մեր երկրում ամերիկագետներ պատրաստելու համար»,- պատմելով Արիզոնայի պետական համալսարանում վերապատրաստման դասընթացներ անցնելու և դասավանդման ուսանողակենտրոն, փոխներգործուն, ինչպես նաև հետազոտահենք մոտեցումների ու մեթոդների մասին՝ նկատում է «Ամերիկագիտություն» մագիստրոսական ծրագրի դասախոս, ԵՊՀ ամերիկյան հետազոտությունների կենտրոնի աշխատակից, ա․գ․թ․, դոցենտ Տիգրան Սարգսյանը:
Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի «Ամերիկագիտություն» մագիստրոսական ծրագրում դասավանդելուն զուգահեռ՝ Տ․ Սարգսյանը դասախոսում է նաև ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում։ Ինչպես նշում է դոցենտը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների վերաբերյալ աշխարհագրական համակարգված գիտելիքները ծառայել են՝ ի նպաստ այս ծրագրի, ինչպես նաև էական նշանակություն են ունեցել դասախոսների ընտրության մրցույթի տարբեր փուլերում հաջողության հասնելու տեսանկյունից։
Տ․ Սարգսյանը դասավանդում է միաժամանակ երկու առարկա՝ «ԱՄՆ էներգետիկ և էկոլոգիական քաղաքականություն» ու «ԱՄՆ քաղաքական աշխարհագրություն և ռեգիոնալիզմ»։ Նրա խոսքով՝ երկուսն էլ առնչվում են տարածաշրջանային աշխարհագրական ուսումնասիրությունների դաշտին և լինելով մասնագիտական հետաքրքրությունների շրջանակում՝ օժանդակում են առավել արդյունավետ և համապարփակ դասապրոցեսի կազմակերպմանը:
Արիզոնայի պետական համալսարանում չորս ամիս վերապատրաստման դասընթացներին մասնակցելը, տեղի բարձրագույն ուսումնական հաստատություններում առկա առանձնահատկություններն ու կրթական միջավայրը մանրամասն ուսումնասիրելը, ինչպես նաև համալսարանական ակտիվ կյանքում ներգրավված լինելը կատարելագործել են նրա մասնագիտական, մեթոդական և մանկավարժական գիտելիքներն ու հմտությունները։ Ամերիկյան համալսարանում ամրապնդված կարողություններն ու փորձառությունը նպաստել են ԵՊՀ-ում առարկայական արդյունավետ ծրագիր մշակելուն, ինչպես նաև թեմայի լիարժեք համապատկերը ներկայացնող դասախոսություններ կարդալուն։
Նախորդ տարվա դեկտեմբերից ԵՊՀ ամերիկյան հետազոտությունների կենտրոնում դոցենտը Եվրոպայի էներգետիկ անվտանգության և ԱՄՆ ներգրավվածության գործիքակազմին նվիրված գիտահետազոտական աշխատանք է կատարում, որի շրջանակում պատրաստվում է համագործակցել ամերիկացի գործընկերների հետ, որոնք հետաքրքրված և մասնագիտացած են ինչպես էներգետիկ անվտանգության, այնպես էլ կայուն ու «կանաչ» էներգետիկայի ոլորտներում։
ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ, «Ամերիկագիտություն» մագիստրոսական ծրագրի ղեկավար, ք.գ.դ., պրոֆեսոր Ալեքսանդր Մարգարովը, խոսելով Արիզոնայի պետական համալսարանի հետ գրեթե 20-ամյա փոխգործակցային հարաբերությունների մասին, ընդգծում է, որ դա ԵՊՀ-ին ընձեռում է տարբեր ուղղություններով լայնամասշտաբ բովանդակային գործակցության հնարավորություններ, որոնց շնորհիվ հնարավոր է դառնում ի կատար ածել համալսարանի ռազմավարական նպատակները։
Հիշյալ համագործակցության շրջանակում հաջող գործունեություն ծավալելու շնորհիվ վերջերս տեղի ունեցավ նաև «Հայաստանը, Միացյալ Նահանգները և տարածաշրջանային փոխակերպումները Եվրասիայում. անդրազգային փոխըմբռնման ընդլայնում» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովը, որն այս ծրագրում ԵՊՀ-ի կատարած լրացուցիչ ներդրումներից մեկն էր։
«Բոլոր այն նպատակները, որոնք մենք նախապես սահմանել էինք ծրագիրը մշակելիս և մեկնարկելիս, հպարտությամբ կարող եմ ասել, որ հաջողությամբ կյանքի են կոչվել։ Ապագայում ծրագրում ենք ընդարձակել համագործակցային կապը. մագիստրոսական ծրագրի ուսանողներին, բացի ԵՊՀ դիպլոմից, տալ նաև Արիզոնայի պետական համալսարանի հավաստագիր»,- մատնանշում է ծրագրի ղեկավարը։
Թվարկելով մագիստրոսական ծրագրի ընձեռած հնարավորություններն ու առավելությունները՝ Ալ․ Մարգարովը առանձնակի շեշտում է նաև ուսանողների՝ մասնագիտական պրակտիկաներին մասնակցությունը։
«Արդեն ունենք ուսանող, որը պրակտիկա է անցնում ԱՄՆ դեսպանատանը։ Մագիստրոսական ծրագրում ներառված բոլոր լավագույն ուսանողների համար ստեղծվելու են այսօրինակ հնարավորություններ, քանի որ մենք նախապատրաստում ենք աշխատաշուկայի պայմաններին համապատասխան մրցունակ մասնագետներ»,- մանրամասնում է նա։
Ծրագրի հետազոտական բաղադրիչին անդրադառնալիս Ալ․ Մարգարովը փաստում է, որ «Բանբեր Երևանի համալսարանի. միջազգային հարաբերություններ, քաղաքագիտություն» ամսագրի հատուկ թողարկման մեջ ներառվել են այս ծրագրի շրջանակում գրված լավագույն հոդվածները։
Նշենք, որ «Ամերիկագիտություն» մագիստրոսական ծրագրում այժմ սովորում է 19 ուսանող, իսկ ԵՊՀ ամերիկյան հետազոտությունների կենտրոնում 2021 թվականից ցայսօր ԱՄՆ-ՀՀ փոխհարաբերությունների և առհասարակ տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների մասին գիտական աշխատանքներ են կատարում 5 փորձագետներ։
Անի Սուքիասյան