- Main
- Node
- ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ
February 06, 2023 | 20:56
Գիտություն
Հասարակություն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ
Երևանի պետական համալսարանի, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և ՌԴ նախագահին առընթեր Ս. Ալեքսեևի անվան մասնավոր իրավունքի գիտահետազոտական կենտրոնի միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որից հետո տեղի է ունեցել միջազգային գիտագործնական գիտաժողով:
Համագործակցության հուշագրի համաձայն՝ ՀՀ և ՌԴ մասնավոր իրավունքի դպրոցների միջև երկկողմ կապերի ամրապնդման և երկխոսության զարգացման նպատակով կողմերն իրականացնելու են գիտական ու հետազոտական համատեղ ծրագրեր, կազմակերպելու են համատեղ գիտաժողովներ, դասախոսություններ, կլոր սեղան-քննարկումներ, ամառային և ձմեռային դպրոցներ ուսանողների ու ասպիրանտների համար, վերապատրաստելու են գիտաշխատողների, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների և այլն:
Հուշագրի ստորագրումից հետո տեղի է ունեցել «Իրավական համակարգերի երկխոսություն. մասնավոր իրավունք և վեճերի լուծման համակարգը Ռուսաստանում և Հայաստանում» խորագրով միջազգային գիտագործնական գիտաժողով: Զեկուցումներն առնչվել են մասնավոր իրավունքի կարևոր ու արդիական թեմաներին՝ միտված լինելով ոլորտի զարգացմանն ու կատարելագործմանը:
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը փաստել է, որ վերջին տարիներին ստեղծված մարտահրավերներն ու հիմնախնդիրները հաղթահարելու համար անհրաժեշտ է ցուցաբերել համագործակցային մոտեցում։
«Այս տեսանկյունից միջազգային համագործակցությունը ներկայում, առավել քան երբևէ, հատկապես կարևոր է բարձրագույն կրթության ու գիտության ոլորտում։ Բուհերն ու հետազոտական կենտրոնները եզակի դեր ունեն կրթություն-հետազոտություն-նորարարություն շղթայում, կայուն ու ճկուն տնտեսություններ ձևավորելու հարցում, ինչպես նաև գլոբալ ու տեղական մարտահրավերներին արագ արձագանքելուն պատրաստ հասարակություն ձևավորելու գործում»,- նշել է Հ․ Հովհաննիսյանը և հավելել․ «Հուսով եմ՝ այսօր կնքված համագործակցության հուշագիրը կնպաստի ավելի մեծ ու շոշափելի արդյունքներ գրանցելուն»։
Ըստ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Գագիկ Ղազինյանի՝ այս գիտաժողովը հուշագրի դրույթների կյանքի կոչման առաջին քայլն է:
Գիտության զարգացման գործում անհրաժեշտ համարելով այսօրինակ համագործակցությունները՝ Գ. Ղազինյանը մատնանշել է իրավունքի դերը հասարակական հարաբերությունների կարգավորման տեսանկյունից՝ էական համարելով հատկապես մասնավոր իրավունքը։
«Մասնավոր իրավունքի ոլորտը առանձնապես կարևորվում է՝ հաշվի առնելով վերջինիս ընդգրկման սահմանները։ Այս տեսանկյունից էական նշանակություն ունեն ոլորտում խնդիրների ու բացթողումների վերհանումը և դրանց լուծման ուղղությամբ գործընկերների հետ փորձի փոխանակումը»,- ընդգծել է դեկանը:
ՌԴ նախագահին կից մասնավոր իրավունքի գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Լիդիա Միխեևան, կարևորելով հայկական և ռուսական իրավական համակարգերի միջև եղած նմանությունները, շեշտել է. «ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը, լինելով համալսարանի հնագույն ֆակուլտետներից մեկը, իր ներդրումն է ունեցել ներկայիս իրավական մտքի զարգացման գործում, և շատ կարևոր է քաղաքացիական իրավունքի բնագավառում ԵՊՀ ներկայացուցիչների հետ սերտ համագործակցությունը»:
Նշենք, որ գիտաժողովին զեկուցումներով հանդես են եկել նաև ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր Ե. Խունդկարյանը, ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Տ. Մարկոսյանը, ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի դատավոր Ն. Կարապետյանը։ Հուշագրի ստորագրմանն ու գիտաժողովին ներկա են եղել նաև ՀՀ դատական համակարգի այլ ներկայացուցիչներ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ասպիրանտներ, հայցորդներ, մագիստրանտներ, ՌԴ մտավոր սեփականության դատարանի նախագահ Լյուդմիլա Նովոսելովան, ՌԴ նախագահին կից մասնավոր իրավունքի կենտրոնի գիտաշխատողներ և այլք: