- Main
- Node
- ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏԵՑԻՆ ՀՀ ՏԱՐԲԵՐ ԲՈՒՀԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ
February 07, 2023 | 15:03
Կրթություն
Գիտություն
ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏԵՑԻՆ ՀՀ ՏԱՐԲԵՐ ԲՈՒՀԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ
Երևանի պետական համալսարանում այսօր ամփոփվեց «Դասավանդման և ուսումնառության նորարարական մեթոդներ» խորագրով վերապատրաստումների շարքը։
Վերապատրաստումներն անցկացրին ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության, քիմիայի, փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետների դասախոսները, որոնք «Էրազմուս+ PRINTeL» կարողությունների զարգացման ծրագրի շրջանակում վերապատրաստումներ էին անցել եվրոպական առաջատար բուհերում, այդ թվում՝ Լյուվենի կաթոլիկ համալսարանում, Բարսելոնայի, Լինկյոփինգի, Պորտոյի համալսարաններում:
ՀՀ տարբեր բուհերի ներկայացուցիչները վերապատրաստումներին մասնակցելու մեծ հետաքրքրություն են ցուցաբերել. յուրաքանչյուր դասընթացին մասնակցել են 25-28 դասախոսներ՝ Հայաստանի ամերիկյան, Հայաստանում ֆրանսիական, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական և Երևանի «Հայբուսակ» համալսարաններից, ինչպես նաև Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտից:
Նպատակ ունենալով նպաստելու բուհական համակարգում դասավանդման և ուսումնառության նորարարական տեխնոլոգիաների ներդրմանը՝ վերպատրաստումն անցկացվեցին հետևյալ թեմաներով՝ «Ակտիվ ուսումնառությունը և ակտիվ ուսումնառական մեթոդների կիրառումը թվային ուսումնական միջավայրի համատեքստում», «Շրջված դասարան մոդելի կիրառման առավելությունները և սահմանափակումները», «Տեսանյութերը որպես ուսուցման գործիք», «Համակցված դասավանդում և ուսուցում», «Ակտիվ ուսուցում և թվային տեխնոլոգիաները դասավանդման գործընթացում․ մոբայլ ուսումնառություն և խաղայնացում»:
Ունենալով ժամանակին համընթաց քայլելու և սեփական հմտությունները զարգացնելու մեծ ներուժ և հետաքրքրություն՝ ԵՊՀ դասախոսները մշտապես պատրաստակամություն են հայտնում ներկայացնելու իրենց փորձը ոչ միայն համալսարանական, այլև մյուս բուհերի դասախոսներին:
Նշենք, որ եվրոպական համալսարաններում վերապատրաստում անցած ԵՊՀ դասախոսները տարբեր փուլերով վերապատրաստել են համալսարանի 1500 դասախոսի, ինչի շնորհիվ ԵՊՀ դասախոսները կարողացել են տվյալ մեթոդները կիրառել դասավանդման ընթացքում (այդ թվում՝ առցանց դասավանդման):
Հավելենք, որ վերապատրաստումների շարքն անցկացվել է ԵՊՀ որակի ապահովման կենտրոնի աջակցությամբ և Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի ու «Էրազմուս+ PRINTeL» կարողությունների զարգացման ծրագրի հայաստանյան թեմի նախաձեռնությամբ: