- Main
- Node
- «ԱՇԽԱՏԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՆՊԱՏԱԿԱՍԼԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ԳՐԱՎԱԿԱՆՆ ԵՆ». ՆԱՐԵ ՇԱԼՈՒՆՑ
February 07, 2023 | 15:19
Կրթություն
Ուսանողական
«ԱՇԽԱՏԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՆՊԱՏԱԿԱՍԼԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ԳՐԱՎԱԿԱՆՆ ԵՆ». ՆԱՐԵ ՇԱԼՈՒՆՑ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ուսանող Նարե Շալունցը «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի հումանիտար ոլորտում մագիստրոսի կրթական ծրագրով երկրորդ տեղի մրցանակակիր է: Նարեի հետ զրուցել ենք ֆակուլտետի ընձեռած հնարավորությունների, ուսանողական տարիներից գիտական գործունեություն ծավալելու կարևորության և այլ թեմաների շուրջ:
Ես Նարե Շալունցն եմ...
Տարիներ առաջ ֆրանսիական մշակույթի հանդեպ սերն ու ֆրանսերենի պահանջված մասնագետներից մեկը դառնալու ձգտումը քայլերս ուղղեցին դեպի ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ: Դասախոսների մշտական աջակցությունն ու տված գիտելիքները կանխորոշում էին ապագա հաջողություններս:
Դեպի հաջողություն տանող ճանապարհին դժվար պահեր իհարկե եղել են, բայց այդ ժամանակ նաև ունեցել եմ այն գիտակցումը, որ անհրաժեշտ է հավասարակշռել առաջարկվող հնարավորություններն ու սեփական ներուժը: Այս համատեքստում հատկապես առանցքային է ֆակուլտետում կազմակերպված միջազգային գիտաժողովների, օտարերկրյա մասնագետների ներգրավվածությամբ դասախոսությունների դերը, որոնք լեզվակիրների հետ հաղորդակցվելու և նրանց հետ սերտ կապեր հաստատելու լավ հնարավորություն են ընձեռում:
Կարծում եմ՝ աշխարհայացքի զարգացման գործում կարևոր է նաև ունենալ ստացած գիտելիքներն իրացնելու ձգտում. այս գիտակցումն էապես խթանում է մեր՝ ուսանողներիս գիտական գործունեությունը: Այս առումով հատկապես կարևորում եմ ուսանողական գիտական ընկերության դերը, որը երիտասարդներին օգնում է զարգացնել գիտական միտքը: Ուսումնառության տարիներին տպագրել եմ գիտական երեք հոդված (երկուսը՝ հայերեն, մեկը՝ ֆրանսերեն)։
Բացի մասնագիտական կատարելագործմանն ուղղված միջոցառումներին ակտիվ մասնակցելուց՝ նաև ձգտում եմ ստացած գիտելիքներս չափել տարատեսակ մրցույթներում: Ինձ համար կարևոր նշանակություն ուներ Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության կազմակերպած հեղինակավոր մրցույթին մասնակցելը որպես ԵՊՀ ներկայացուցիչներից մեկը: Ցուցաբերելով ֆրանսերենի ու ֆրանսիական մշակույթի իմացության բարձր մակարդակ՝ մեր թիմը զբաղեցրեց առաջին տեղը՝ արժանանալով մրցույթի գլխավոր մրցանակին՝ գավաթին, որը համալսարանականներն առաջին անգամ էին նվաճում: Առհասարակ յուրաքանչյուր հաղթանակից հետո նոր նպատակներ եմ սահմանում։ Այդպիսի հնարավորություն տվեց նաև «Լավագույն ուսանող» մրցույթը:
Հանրապետական այս մրցույթն ինձ համար մարտահրավեր էր, որը հաղթահարելով՝ վերարժևորեցի ուսումնառության ողջ ընթացքում ցուցաբերած աշխատասիրությունս և նպատակասլացությունս: Դրանք յուրաքանչյուր հաղթանակի գրավականն են։ Լավագույն ուսանողի կոչումը պարտավորեցնում է առավել ինքնակատարելագործվել և ոգեշնչել մյուսներին: Այս հաղթանակով կենսագրությանս ևս մեկ էջ ավելի վառ գույներով ընդգծվեց:
Մարինե Մկրտչյան