- Main
- Node
- ԵՊՀ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՆՈՐ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ՏԱՐԲԵՐ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՈՐ ԿԱՐԳԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ․ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
February 09, 2023 | 18:53
Կրթություն
Գիտություն
ԵՊՀ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՆՈՐ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ՏԱՐԲԵՐ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՈՐ ԿԱՐԳԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ․ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
Այսօր տեղի է ունեցել ԵՊՀ գիտական խորհրդի նիստը, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել ու հաստատվել են մի շարք կարգեր ու կանոնակարգեր։
ԵՊՀ գիտական խորհուրդը, ընդունելով նիստի օրակարգի վերաբերյալ հնչած առաջարկները, հաստատեց 2022-23 ուստարվա երկրորդ կիսամյակի նիստերի ժամանակացույցը։
Անցնելով օրակարգային երկրորդ հարցին՝ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ԳԽ հաստատմանը ներկայացրեց ԵՊՀ գիտական խորհրդի աշխատակարգը հաստատելու և 2015 թ. սեպտեմբերի 24-ին հաստատված ԵՊՀ գիտական խորհրդի կանոնակարգը ուժը կորցրած ճանաչելու մասին հարցը։
Նրա խոսքով՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը հաստատել է ԵՊՀ՝ նոր խմբագրությամբ կանոնադրությունը, որի համաձայն՝ փոփոխություններ են տեղի ունեցել նաև գիտական խորհրդի իրավասությունների ու գործառույթների շրջանակում, և ըստ այդմ՝ նոր աշխատակարգի նախագիծը համապատասխանեցված է նոր խմբագրությամբ հաստատված կանոնադրությանը։ Բարձրաձայնված հարցերից ու ծավալված քննարկումից հետո ԳԽ-ն հաստատեց ներկայացված նախագիծը։
Օրակարգային հաջորդ հարցով ԵՊՀ գիտական խորհուրդը լսեց և հաստատեց «Երևանի պետական համալսարանի պատվավոր կոչումների և պարգևների շնորհման կանոնակարգում» լրացում կատարելու մասին հարցը։
ԵՊՀ ռեկտորի խոսքով՝ առաջարկվում է կարգը լրացնել նոր կետով ու ներդնել «ԵՊՀ պրոֆեսոր-էմերիտուս» պատվավոր կոչումը, որը ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանման գիտական խորհրդի առաջարկով ու ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ շնորհվելու է ԵՊՀ-ում առնվազն 30 տարվա գիտամանկավարժական ստաժ (որից առնվազն 10 տարին՝ ԵՊՀ-ում նաև վարչական պաշտոն զբաղեցրած), գիտական աստիճան ու կոչում ունեցող ԵՊՀ աշխատակցին երկարատև աշխատանքի, գործունեության և ԵՊՀ զարգացման գործում նշանակալի ներդրման համար: ԳԽ-ն հաստատեց ներկայացված լրացումը։
Հաջորդիվ ԵՊՀ զարգացման և նորարարության գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը ԳԽ հաստատմանը ներկայացրեց ԵՊՀ ռազմավարական պլանավորման կենտրոնի, մարքեթինգի բաժնի և շարունակական կրթության կենտրոնի կանոնակարգերը, որոնք քննարկելուց հետո ԳԽ-ն հավանության արժանացրեց։
Այնուհետև ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի տնօրեն Լուսինե Խառատյանը ներկայացրեց ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստման 2023-2026 թվականների ծրագրի իրականացման կարգը, որի վերաբերյալ պարզաբանումներից հետո այն հաստատվեց։
Անցնելով օրակարգային հաջորդ հարցերին՝ ԵՊՀ ուսումնական գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը ներկայացրեց ԵՊՀ «ՍԹԵՄ դպրոցի» կանոնակարգը, ընդունելության, տեղափոխման, ազատման, ինչպես նաև փոխադրման, սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման, քննությունների, ամփոփիչ ատեստավորման անցկացման ու ավարտման կարգերը, որոնք ևս հաստատվեցին ԵՊՀ գիտական խորհրդի կողմից։
ԵՊՀ որակի ապահովման կենտրոնի տնօրեն Արմեն Բուդաղյանը ԳԽ հաստատմանը ներկայացրեց ԵՊՀ կրթական ծրագրերի մշտադիտարկման (մոնիթորինգի) և վերանայման կարգը, որի վերաբերյալ հատուկ կարծիք հնչեցրեց ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը՝ կապված դրանով սահմանվող գործընթացների իրականացման հետ։ Ծավալված քննարկումներից հետո ԵՊՀ գիտական խորհուրդը որոշեց հարցի վերաբերյալ որոշումը կայացնել հաջորդ նիստի ժամանակ։
Անդրադառնալով օրակարգի հաջորդ հարցին՝ ԵՊՀ ուսումնամեթոդական վարչության պետ Հրանտ Ժամհարյանը ներկայացրեց 2022-2023 ուստարվա երկրորդ կիսամյակի անվանական կրթաթոշակի հավակնորդների ընտրության վերաբերյալ ֆակուլտետների գիտական խորհուրդների ընդունած որոշումները՝ նշելով, որ դրանցից մի քանիսը չեն բավարարում ներկայացված պահանջներին։
Քննարկումից հետո ԳԽ-ն հաստատեց այն թեկնածուների վերաբերյալ որոշումները, որոնք համապատասխանում են կարգով սահմանված չափորոշիչներին, իսկ մյուսների դեպքում՝ դիտարկել խնդիրները, ապա նոր որոշում կայացնել։
Հաջորդիվ ԵՊՀ հրատարակչության տնօրեն Կարեն Գրիգորյանը ԳԽ հաստատմանը ներկայացրեց ԵՊՀ հրատարակչության առաջադրած չափորոշիչներին լիովին համապատասխանող «Պատմություն և մշակույթ», «Բանբեր Երևանի համալսարանի. բանասիրություն», «Բանբեր Երևանի համալսարանի. փիլիսոփայություն, հոգեբանություն» և «ԵՊՀ գիտական տեղեկագիր․ ֆիզիկա և մաթեմատիկա» հանդեսները հրատարակության երաշխավորելու հարցը, որը ԵՊՀ գիտական խորհուրդը հավանության արժանացրեց։
Օրակարգային հարցերի ավարտին ԵՊՀ ռեկտորը ներկայացրեց Գիտական խորհրդի ձևավորման համամասնությունը՝ ըստ ստորաբաժանումների, որը հավանության արժանացավ։