- Main
- Node
- ԵՊՀ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՍՏԵՂԾՈՒՄ ԵՆ ԳԱԶԱԶԳԱՅՈՒՆ ՆԱՆՈԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ
February 17, 2023 | 14:10
Կրթություն
Գիտություն
ԵՊՀ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՍՏԵՂԾՈՒՄ ԵՆ ԳԱԶԱԶԳԱՅՈՒՆ ՆԱՆՈԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ
ԵՊՀ կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնոլոգիաների կենտրոնում, ի թիվս այլ գիտափորձերի, սինթեզվում են նաև գազազգայուն նանոկառուցվածքներ, որոնք գրանցում են մթնոլորտում պայթյունավտանգ, թունավոր և վտանգավոր գազերի ցածր կոնցենտրացիաներ:
Հայաստանում և Երևանի պետական համալսարանում իր ուղղությամբ յուրահատուկ կենտրոնը հիմնադրվել է դեռևս 1959 թ.՝ նախապես կոչվելով Կիսահաղորդչային նյութերի և սարքերի ֆիզիկայի պրոբլեմային լաբորատորիա, իսկ այժմյան անունը ստացել է 2007 թ.:
Կենտրոնի գիտական ընդհանուր ուղղությունը վերաբերում է կիսահաղորդչային նյութագիտությանը և տեխնոլոգիային, ինչպես նաև նանոտեխնոլոգիային և նանոէլեկտրոնիկային: Կենտրոնում պատրաստվում և հետազոտվում են ճկուն և կարծր տակդիրներով նանոկառուցվածքային գազային սենսորներ, քվանտային կետերի հիման վրա պատրաստված միջին ենթակարմիր տիրույթում աշխատող Շոտկի դիոդներ, գրաֆեն-հեղուկ բյուրեղ կառուցվածքի հիման վրա` տերահերցային ֆոտոնիկայի կառավարվող տարրեր, ինչպես նաև տեսականորեն ուսումնասիրվում են երկշերտ գրաֆենի գոտիական կառուցվածքը և կանխագուշակվում լավարկված պարամետրերով նոր տիպի պինդ մարմնային էլեկտրոլիտներ: Այժմ կենտրոնում գործում են նորաբաց երկու լաբորատորիաներ՝ Հաշվարկային նյութագիտության լաբորատորիա և Առաջադեմ ֆունկցիոնալ նյութերի լաբորատորիա:
Կենտրոնում ակտիվ զարգացվում են գիտական արդի ուղղություններ, իրականացվում են ավելի քան 10 դրամաշնորհային ծրագրեր: Կենտրոնի գիտաշխատողները տարեկան տպագրում են մոտ 3 տասնյակ գիտական հոդվածներ հայաստանյան և միջազգային հեղինակավոր պարբերականներում, պարբերաբար մասնակցում հանրապետական ու միջազգային գիտաժողովների, գիտակրթական այլ միջոցառումների:
Վերջին 1-2 տարիների ընթացքում կենտրոնի հետազոտողների շարքը համալրել են 9 երիտասարդ գիտաշխատողներ։ Ինչպես նշում է կենտրոնի տնօրեն, ֆ.մ.գ.թ., դոցենտ Միքայել Ալեքսանյանը՝ ներուժ ունեցող երիտասարդների ներգրավումը լաբորատոր հետազոտություններում նպատակ ունի խրախուսելու նրանց գիտական գործունեությունը:
Կենտրոնի կրտսեր գիտաշխատող Դավիթ Քանանովը գիտությամբ հետաքրքրվել է դեռևս բակալավրիատի տարիներից:
Մագիստրատուրան ավարտելուն պես ստացել է աշխատանքի առաջարկ և ընդունել այն: Այժմ նա ներգրավված է նանոչափային գազազգայուն թաղանթների և նանոկառուցվածքների ստացման տեխնոլոգիական աշխատանքում: Վերջիններս կիրառվում են ոչ միայն գազային սենսորներում, այլ նաև ամենատարբեր ոլորտներում՝ սկսած գյուղատնտեսությունից մինչև ռազմաարդյունաբերություն ու կենցաղ:
Լիլիթ Մկրտչյան