- Main
- Node
- ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՊՀ-ՈՒՄ. ՈՒՂԵՑՈՒՅՑ
February 23, 2023 | 12:00
Գիտություն
Կրթություն
ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՊՀ-ՈՒՄ. ՈՒՂԵՑՈՒՅՑ
Ուսումնառության գործընթացի արդյունավետ կազմակերպման նպատակով ԵՊՀ-ում գործում է ուսանողների գիտելիքների պարբերական ստուգման և գնահատման բազմագործոն համակարգ:
Հաշվի առնելով ուսանողի մասնագիտական գիտելիքների և կարողությունների ձևավորման գործում ուսումնական պլանով նախատեսված դասընթացների աշխատածավալը, կարևորությունը, պարապմունքների անցկացման սկզբունքներն ու դասավանդման մեթոդները՝ ԵՊՀ-ում դասընթացները, կախված գնահատման ձևից, լինում են 4 տեսակ՝ եզրափակիչ գնահատումով, առանց եզրափակիչ գնահատման, առանց ընթացիկ քննությունների գնահատման և ստուգարքային:
Կիսամյակի առաջին երկու շաբաթների ընթացքում դասախոսն ուսանողներին տեղեկացնում է գիտելիքի ստուգման ձևերի, հանձնարարությունները կատարելու ժամկետների, հարցաշարերի թեմատիկ ընդգրկման, ինչպես նաև գնահատման մեթոդների ու չափանիշների մասին: Քննաշրջանի ժամանակացույցն ուղարկվում է ուսանողների համալսարանական էլհասցեին:
Ընթացիկ քննությունների, ստուգումների, ինքնուրույն աշխատանքների, ստուգարքների և եզրափակիչ քննությունների գնահատականները հրապարակելու օրը ուսանողն իրավունք ունի գնահատող դասախոսին կամ քննական հանձնաժողովին ներկայացնելու բողոքարկում իր գնահատականի վերաբերյալ: Բողոքարկմանը հաջորդող անհամաձայնության դեպքում ուսանողը իրավասու է նույն օրը գրավոր դիմելու դասընթացը կազմակերպող ամբիոնի վարիչին, անհրաժեշտության դեպքում՝ կրթական ծրագրեր իրականացնող ստորաբաժանման ղեկավարին:
Որպես պաշտոնական տեղեկացում ուսանողի համալսարանական էլհասցեին է ուղարկվում գնահատականներն ամփոփող տեղեկագիրը:
Ուսանողը, ստուգելով համալսարանական էլհասցեին ուղարկված տեղեկագիրը, որևէ անճշտություն նկատելու դեպքում հնարավորություն ունի գրավոր բողոքարկելու իր գնահատականը՝ դիմելով կրթական ծրագրեր իրականացնող ստորաբաժանման ղեկավարին ոչ ուշ, քան գնահատականի մասին պաշտոնական տեղեկացմանը հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում. հակառակ դեպքում՝ ուսանողի դիմումին ընթացք չի տրվում, և գնահատականը մնում է անփոփոխ:
Ուսանողը ուսումնական գծով պրոռեկտորի թույլտվությամբ հիմնավորում ներկայացնելու դեպքում հնարավորություն ունի ժամկետից շուտ հանձնելու քննությունները կամ առանձին ստուգարքներ (քննություններ):
Ուսանողի՝ ինքնուրույն աշխատանքների կատարումը խթանելու նպատակով Երևանի պետական համալսարանում պարբերաբար ներդրվում են հետադարձ կապի նոր մեխանիզմներ, որպեսզի դասախոսները և ուսանողները կիրառեն գնահատման արդյունքները՝ որպես դասավանդման և ուսումնառության շարունակական բարելավման միջոց:
Կարինե Հովհաննիսյան