- Main
- Node
- ՈՒՍԱՆՈՂԻ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐԸ. ՈՒՂԵՑՈՒՅՑ
March 02, 2023 | 10:35
Գիտություն
Կրթություն
ՈՒՍԱՆՈՂԻ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐԸ. ՈՒՂԵՑՈՒՅՑ
Երևանի պետական համալսարանում յուրաքանչյուր ուսանողի համար լրացվում է ակադեմիական տեղեկագիր, որտեղ արտացոլվում է ուստարվա ընթացքում ուսանողի կատարած աշխատանքի ծավալը, ուսումնական գործունեության արդյունքները, կրթական ձեռքբերումների որակն ու առաջադիմության ցուցանիշները:
Ակադեմիական տեղեկագրում յուրաքանչյուր քննաշրջանից հետո գրանցվում են ուսանողի ուսումնասիրած դասընթացները և կրթական մոդուլները, վաստակած կրեդիտները և ստացած արդյունարար գնահատականները՝ ըստ մոդուլների և կիսամյակների:
Ուսման առաջադիմության ընդհանրացված արդյունքները ներկայացնելու համար ակադեմիական տեղեկագրում կիսամյակային գնահատականներն ամփոփելուց հետո նշվում են տվյալ կիսամյակի և մինչև ուսման տվյալ ժամանակահատվածը ուսանողի առաջադիմությունն ամբողջացնող ամփոփիչ տվյալները: Դրանք ներառում են գումարային կրեդիտները, գնահատված կրեդիտները, վարկանիշային միավորները և միջին որակական գնահատականը (ՄՈԳ):
Գումարային կրեդիտը կրթական ծրագրի ավարտական պահանջները բավարարելու նպատակով ուսանողի կուտակած կրեդիտների գումարն է:
Գնահատված կրեդիտը գումարային կրեդիտի մի մասն է՝ արտահայտված թվային միավորներով:
Վարկանիշային միավորը թվային միավորներով գնահատված դասընթացների կրեդիտների և դրանց արդյունարար գնահատականների արտադրյալների գումարն է:
ՄՈԳ-ը գնահատականների միջինն է՝ կրեդիտներով հանդերձ: Այն հաշվարկվում է՝ վարկանիշային միավորները գնահատված կրեդիտների գումարի վրա բաժանելով (արդյունքը կլորացվում է 1/100-ի ճշտությամբ):
Հիշեցնենք, որ ուսանողները հնարավորություն ունեն ծանոթանալու իրենց ակադեմիական տեղեկագրին ԵՊՀ ուսուցման կառավարման առցանց հարթակում՝ https://e-learning.ysu.am–ում:
Կարինե Հովհաննիսյան