- Main
- Node
- ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԸՆՁԵՌԱԾ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
March 02, 2023 | 15:57
Կրթություն
Գիտություն
ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԸՆՁԵՌԱԾ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Այժմ աշխարհում խոսում են շուրջ 7000 լեզվով, որոնցից է բազմադարյա պատմություն ունեցող հայոց լեզուն: Հայ գրերի գյուտով (405 թ․) սկսվեց հայերենի զարգացման գրավոր շրջանը՝ զարկ տալով պատմագրության, փիլիսոփայության, թարգմանական և կրոնական գրականության, ինչպես նաև ճարտախոսության ձևավորմանն ու բուռն վերելքին։
Հայոց լեզուն իր՝ լեզվական յուրօրինակություններ ունեցող զարգացման տարբեր փուլերի, ձևաբանական, հնչյունական, բարբառային (շուրջ 60 բարբառ) հարուստ համակարգերի և բազմապիսի առանձնահատկությունների շնորհիվ կազմում է հնդեվրոպական լեզվաընտանիքի առանձին լեզվաճյուղ:
Հայոց լեզվի զարգացման բոլոր շրջափուլերը՝ գրաբարից մինչև ժամանակակից հայոց լեզու, ուսումնասիրվում են Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետում։ Ուսանողները, ժամանակակից խոսքի դրվածքին, քերականական ամբողջ համակարգին, լեզվական տարբեր մակարդակներում տեղի ունեցող փոփոխություններին և կետադրության առանձնահատկություններին ծանոթանալուց զատ, սովորում են գրագետ խոսքի և տեքստակազմության նրբությունները։
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետը համալսարանի հիմնադիր ֆակուլտետներից է: Սկզբնավորումից ցայսօր ֆակուլտետում կատարվող գիտական ուսումնասիրությունների շնորհիվ զարգանում են հայագիտության տարբեր ճյուղեր:
Ուսանողների քննադատական և վերլուծական մտածողությունը զարգացնելու նպատակով ֆակուլտետում կատարվում են ուսումնասիրություններ բանասիրության բոլոր բնագավառներում, այդ թվում՝ հայ գրականության պատմության, գրական քննադատության և գրականության տեսության։
Հատկանշական է, որ մագիստրատուրայում ուսանողները հնարավորություն են ստանում ուսումնասիրելու թարգմանական գործի նրբություններն ու յուրահատկությունները՝ սովորելով խուսափել բառացի, անհաջող և թյուր թարգմանություններից։
Բանասերները, ունենալով հարուստ լեզվամտածողություն և զարգացած խոսք, հնարավորություն ունեն աշխատելու գրեթե բոլոր ոլորտներում, քանի որ ցանկացած աշխատանքում կարևոր է գրագետ և ճիշտ հաղորդակցության ապահովումը։ Ֆակուլտետի՝ մեծ ներուժ ունեցող ուսանողներն ու շրջանավարտները հնարավորություն են ստանում աշխատելու ինչպես կրթական, հրատարակչական, խմբագրական, գործավարական հաստատություններում, այնպես էլ իրավաբանական կազմակերպություններում։
Հայ բանասիրության ֆակուլտետում շարունակաբար կատարվում են լեզվի և գրականության խորը ուսումնասիրություններ՝ հաճախ ներգրավելով ֆակուլտետի ուսանողների, որոնք ունեն գիտական հետաքրքրություններ և կողմնորոշում։
Արի՛ ԵՊՀ, ձե՛ռք բեր ժամանակակից մասնագիտություն, դարձի՛ր մրցունակ մասնագետ աշխատաշուկայում։
Անի Սուքիասյան