ԵՊՀ աշխատակիցները դեկտեմբերի 3-ից 7-ը Շվեդիայի Լինշյոպինգի համալսարանում մասնակցել են «Ակտիվ ուսուցում շրջված լսարանում» խորագրով վերապատրաստման դասընթացին և այժմ վերապատրաստում են իրենց գործընկերներին:
«PRINTeL» նախագծի շրջանակում 5 տարբեր բուհերում վերապատրաստման դասընթաց են անցել ԵՊՀ 15 դասախոսներ։ «Ակտիվ ուսուցում շրջված լսարանում» խորագրով վերապատրաստման դասընթացին մասնակցել են ԵՊՀ գիտական քարտուղար, քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ Մենուա Սողոմոնյանը, սերվիսի ամբիոնի վարիչի ժ․պ․ Գոռ Ալեքսանյանը և փիլիսփայության պատմության ամբիոնի դոցենտ Սերոբ Խաչատրյանը:
Մ. Սողոմոնյանը նշեց, որ դասընթացի նպատակն է եղել վերապատրաստել իրենց որպես վերապատրաստողների, որպեսզի իրենք մեթոդական աջակցություն ցուցաբերեն ԵՊՀ դասախոսներին։ Ըստ այս ծրագրի՝ ԵՊՀ դասախոսները պետք է վերափոխեն իրենց ծրագրերը՝ դրանց մեջ ներդնելով ակտիվ ուսուցման տարրը «Շրջված լսարանում», այսինքն՝ դասավանդեն ավելի նորարարական, թվային մեթոդներով։ Նա նաև ասաց, որ ակտիվ ուսուցումն ուսումնառության կազմակերպման մոտեցում է, երբ ուսանողը միայն պասիվ լսող չէ։
Մենուա Սողոմոնյանը խոսեց նաև «Շրջված լսարանի» գաղափարի մասին և բացատրեց, որ դրա հիմնական էությունը դասընթացի գործնական մասը լսարանում անցկացնելու մեջ է։
«Մինչև ուսումնական գործընթացի սկսելը ուսանողին պետք է տրվի գիտելիքի տեսական մասը, իսկ լսարանում դասաժամանակը պետք է օգտագործվի գործնական հատվածն իրականացնելու համար։ Հանձնարարություն կատարելն ավելի դժվար է, հետևապես դասախոսը պետք է օգնի ուսանողին՝ հանձնարարությունները կատարելու ժամանակ»,- ասաց Մենուա Սողոմոնյանը։
Վերապատրաստող խմբի կազմակերպած դասընթացներին մասնակցող դասախոսները պետք է իրենց ստացած գիտելիքների, նորամուծությունների հիման վրա փորձեն վերափոխել դասավանդվող առարկայի ծրագրերը։
Մ. Սողոմոնյանն ասաց, որ այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստում քննարկվել է նաև հետբուհական լրացուցիչ կրթության վարչության եռամյա գործունեության ծրագիրը, որտեղ նշվել է, որ այս ու մյուս դասընթացները ներդրվելու են հետբուհական լրացուցիչ կրթության ծրագրում, այսինքն` լինելու են շարունակական։
Մ․ Սողոմոնյանի ելույթից հետո դասախոսներն իրենց հետաքրքրող հարցերը տվեցին բանախոսին, այնուհետև ստացան ակտիվ ուսուցմանը վերաբերող առաջադրանքներ ու սկսեցին դրանք կատարել։
Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական գիտության պատմության և տեսության ամբիոնի դասախոս Առնակ Սարգսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իր լսարանում կիրառել է «Խճանկարի» մեթոդը, որը բավականին արդյունավետ է և հնարավորություն է տալիս մի քանի դասաժամում ներկայացնող թեման բացատրելու մեկ դասաժամի ընթացքում։
«Նման մեթոդով դասավանդումը ուսանողներին դուր եկավ։ Արձագանքը շատ դրական էր։ Պատրաստվում եմ կիրառել այս մեթոդը ևս մի քանի թեմա ներկայացնելիս»,- ասաց նա։